Հասարակություն

Հայկական բանակն ունի՞ արդյոք կին զինծառայողների կարիք

lenabadeyan
Մշտապես նշվել է, որ Հայաստանի զինված ուժերում զորակոչի խնդիր գոյություն չունի, բայց ԱԺ-ում կան պատգամավորներ, ովքեր ջատագովն են այն մտքի, որ նաեւ կանայք պետք է ծառայեն հայկական բանակում: Այս հարցը հետզհետե ավելի հնչեղություն է ստանում եւ քննարկումներն ակտիվանում են։ Սրան զուգահեռ Հայաստանի ԶՈւ-ում այսօր էլ ծառայում են կանայք, նույնիսկ կան ղեկավարներ, ովքեր կողմ են ընդօրինակել ասենք Իսրայելի փորձը:

Բազմազավակ պատգամավոր՝ 4 դուստրերի եւ մեկ որդու հայր Թեւան Պողոսյանը նրանցից է, ով համոզված է՝ բանակում պետք է ծառայեն նաեւ կայանք ու աղջիկները: Պնդում է, որ 12 տարի հետո իր որդին անպայման ծառայելու է բանակում, բայց նաեւ պատրաստ է բանակ ուղարկել իր աղջիկներին: Վերջիններս, ի դեպ, աջակցում են հորը՝ Թեւան Պողոսյանին իր նախաձեռնություններում:

Ի դեպ, միայն Իսրայելը չէ, որ ունի այսպի փորձ: Աշխարհի ամենառազմականացված՝ պետություն-բանակ է համարվում Եվրոպայի սրտում գտնվող փոքր երկիր Շվեյցարիան, որի տարածքը մի քիչ է ավելի Հայաստանի եւ Արցախի տարածքներից: Եվրոպական այդ երկրում, կարելի է ասել, ծառայում են բոլորը: Շվեյցարացի զինվորի ծառայության ժամկետը ուղիղ 260 աշխատանքային օր է: Սակայն այդ ժամկետը բաշխված է տարիների մեջ: Թեեւ Հայաստանում զորակոչի խնդիր չկա, բայց ԱԺ-ում կան պատգամավորներ, որ դեմ չեն քննարկել հայկական բանակում կանանց ծառայության հարցը։ «Պարզապես, կանանց խիզախությունը պետք  է ճիշտ օգտագործել»,- ասում է պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Իհարկե, այս տարբերակներին առայժմ պատրաստ չէ ոչ հասարակությունը, ոչ էլ հենց բանակը։ Եվ հենց այսպիսի քննարկումներով է հնարավոր ստեղծել անհրաժեշտ հիմքը՝ կարծում են պատգամավորները: Բանակում կանանց ծառայելու վերաբերյալ հասարակության մեջ առայժմ հակասական վերաբերմունք է: Իհարկե, կան անձինք, որ անիմաստ են համարում այսպիսի խոսակցությունները, բայց եւ կան այնպիսի կանայք, ովքեր իրատեսորեն են մոտենում իրավիճակին: Կարծում են, որ բանակում ձեռք բերված հմտությունները միայն ռազմաճակատում չէ, որ անհրաժեշտ են:

Այս տարբերակին դեռ պատրաստ չեն նաեւ հենց բանակում: Արցախի պաշտպանության նախկին նախարար, այժմ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը մի առիթով ԱԺ-ում խոստովանել էր, որ բանակի դեպքում նախընտրում է Իսրայելի փորձը, կարծում է, որ շատ նմանություններ կան, բայց եւ կա  մի բացառություն:

«Որպես զինվորական, իմ անձնական ցանկությունն է, Իսրայելի օրենքը կուզեի, որ օրինակ լիներ, բացառությամբ կին զինծառայողների: Որպես հայ տղամարդ դեռեւս մենք մեր պարտականությունները ի վիճակի ենք կատարելու՝ մեր հայրենիքի պաշտպանությունն ապահովելու համար»:

Ամեն դեպքում, այս պահին էլ Հայաստանի ԶՈւ-ի անձնակազմի շուրջ 25 տոկոսը կին զինծառայողներն են: Եվ այստեղ խնդիրը ոչ այնքան իրավունքների հավասարության մեջ է, որքան այն կանխատեսումների, որ զինված ուժերում կանանց ներկայությունն ավելի զգոն կպահի տղամարդկանց եւ կարգապահական խնդիրները հնարավոր է նվազեն:

Կարդացեք նաև

Back to top button