Հասարակություն

Միակ հայի բողոքի ակցիան ՌԴ ԱԳ նախարարության մոտ

lenabadeyan

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ Ռուսաստանում «հզոր» համարվող հայ համայնքի լռությունը եւ այդ համայնքի ընամենը մեկ ներկայացուցչի «միայնակ ակցիան» երեկվանից ցնցել է համացանցը: Քննարկումները եւ գնահատականները բազմաթիվ են, բազմաբովանդակ: Շատերը նաեւ մտահոգված են հայ երիտասարդի անվտանգության խնդիրներով: «Ռադիոլուրն» այսօր կապ է հաստատել Մոսկվայում ապրող երիտասարդի հետ:

«Գտնվեց այն միակ հայը, ով Ռուսաստանում կարողացավ իր դժգոհությունն արտահայտել այդ պետության կողմից վարվող քաղաքականության առնչությամբ». ահա այս բովանդակությամբ գրառումներով այսօր սոցիալական ցանցերում շրջանառվում էր այն լուսանկարը, որտեղ հայ երիտասարդը միայնակ՝ պաստառը ձեռքին, բողոքի ակցիա էր անցկացնում ՌԴ արտգործնախարարության շենքի առջեւ:

«Դադարեցրեք զենքի վաճառքը ագրեսոր Ադրբեջանին».. այսպես էր ձեւակերպել պահանջը Վախթանգ Սարգսյանը:  «Ռադիոլուրը» կապ հաստատեց նրա  հետ եւ Վախթանգը մեզ տեղեկացրեց, որ իր եւ իր ընտանիքի անդամների հանդեպ առայժմ որեւէ ճնշումներ եւ մտահոգող քայլեր չեն իրականացվել, թեեւ Ռուսաստանում նույնիսկ օրենքով թույլատրվող ակցիաների մասնակիցները ապահովագրված չեն հետագա ճնշումներից՝ ասում է Վախթանգը:

Սովորական հայ երիտասարդ Վախթանգ Սարգսյանը ծնվել է 1973 թվականին, ավարտել է թիվ 149 դպրոցը եւ Երեւանի պետական համալսարանը: Այժմ ապրում է Մոսկվայում կնոջ եւ երեխաների հետ:

«Ռադիոլուրին» պատմում է, որ ակցիայի որոշումը եղել է ինքաբուխ, քայլը չի քննարկել հայ համայնքի որեւէ ներկայացուցչի հետ: Նպատակների մասին պարզապես զգուշացրել է ընկերներին՝ Գրիգ Հայկազյանին եւ Կարեն Օհանջանյանին: Նրանք էլ ակցիայի ընթացքում մեկը լուսանկարում էր, մյուսը՝ տեսանկարահանում, հետագայում՝ խնդիրների առաջացման դեպքում, ապացույցներ ունենալու համար, որ որեւէ հասարակական կարգ եւ օրենք չի խախտվել:

35-ից 40 րոպե տեւողությամբ ակցիայի միջոցով հասարակական կամ քաղաքական գործիչ չհանդիսացող Վախթանգ Սարգսյանը արեց ավելին, քան բազում քննադատության արժանացած Ռուսաստանի «հզոր հայ համայնքի» լուռ անդամները: Սա էլ է սոցիալական կայքերում տարածված գնահատականներից, որ տրվել է «միայնակ ակցիային»:

Կարդացեք նաև

Back to top button