

ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության օր: 2012 թ. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձեւ ընդունեց, որով երջանկությունը սահմանեց որպես մարդու հիմնարար նպատակ: Դրանից հետո «Գելափ»-ը սկսեց «չափել» աշխարհի երջանկությունը: Այս տարի ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Դանիան` առաջ անցնելով Շվեյցարիայից: Հայաստանից ավելի երջանիկ են գնահատվել Ադրբեջանը՝ 81-րդ, Իրանը՝ 105-րդ և Թուրքիան՝ 78-րդ հորիզոնական: Վրաստանը զիջում է մեզ: Ռուսաստանը երջանիկների մեջ 56-րդ-ն է, Միացյալ Նահանգները՝ 13-րդ-ը: Պարզվում է՝ մեր երկրում մարդիկ նախորդ տարվա համեմատ ավելի երջանիկ են դարձել:
Երջանկությունից խոսելը վերջին տարիներին մոդայիկ է դարձել, նկատում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու անմիջապես կասկածի տակ դնում մարդկանց երջանկությունը չափելու մեթոդաբանությունը: «Գելափ ինթերնեյշնլ» ասոցիացիան 2014-ին հայերին բնորոշեց որպես աշխարհում իրեն ամենադժբախտը համարող ազգերից մեկը: Հետո, ասում է Ադիբեկյանը, իր կարծիքը Հայաստանից հասավ նրանց, ու գնահատականը վերանայվեց: Ամենաերջանիկ երկրների այս տարվա ցուցակում Հայաստանը 157-ից 121-րդ-ն է: 2015 թվականի համեմատ մեր երկրի դիրքը բարելավվել է 6 կետով: Բայց, միեւնույն է, սոցիոլոգն այս գնահատմանը վերապահումով է մոտենում: Հայերի հոգեկերտվածքին անծանոթները չեն հասկանա, որ հայը հեգնում է, երբ պատասխանում է`« երջանիկ եմ, բա ինչ եմ»: Բացի այդ` հայերը «աչք չծակելուց» խուսափելով` երբեմն զուսպ են ներկայացնում իրենց վիճակը, ասում է Ահարոն Ադիբեկյանը:
Աշխարհի երկրների երջանիկ-ոչ երջանիկ լինելը չափվում է 60-ից ավելի ցուցանիշով` բարեկեցություն, առողջապահություն, անվտանգություն, էկոլոգիական վիճակ, կոռուպցիա, ապահարզաններ: Միաժամանակ նաեւ տալիս են հարցեր, օրինակ` երբ եք ժպտացել վերջին անգամ, որքանով էր երեկվա ձեր օրը լցված սիրով: Ինչպես են այս հարցերի պատասխանները գումարվում-հանվում, որ ստացվում է երջանկության ինդեքսը, հարցի մի կողմն է: Ահարոն Ադիբեկյանը գերադասում է խոսել հայերի շրջանում անցկացված իրենց դիտարկումների մասին: 17-3 Մենք ունենք 0.34 տոկոս հարուստ, բայց դա չի նշանակում, որ այս 0.4 տոկոսը երջանիկ է, մյուսները` դժբախտ:
Աշխարհի միակ պետությունը, որը երջանկության նախարարություն ունի, Բութանի Թագավորությունն է: Հնդկաստանի և Չինաստանի միջև գտնվող այս պետության բնակիչները` բհոտիաները, կրում են ազգային տարազ, չունեն քաղաքական կուսակցություններ ու զարգացած տնտեսություն, հողագործ են կամ անասնապահ: Այս համատեքստում` ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ երջանկությունը պայմանավորել սոցիալական խնդիրներով, հարց ուղղեցինք հոգեբան Աննա Բադալյանին: Կախված է նրանից` մարդն ինչ պահանջմունք ունի, ու որքանով է այն բավարարված, ասում է մասնագետը:
Ի դեպ` «Գելափ»-ի հետազոտության հեղինակները երջանկությունն ուղղակիորեն կապում են մարդու բարեկեցության հետ ու նկատում` չնայած առանձին երկրներում հետընթաց կա, բայց վերջին 10 տարում երջանկության մակարդակը բարձրացել է:




