ԿարևորՀասարակություն

Իրանում առաջին կին աստղաֆիզիկոս Ալենուշ Տերյանին նվիրված միջոցառում՝ Նոր Ջուղայում

Աստղագիտության համաշխարհային շաբաթվա շրջագծում, Իրանի աստղագիտության ասոցացիայի նախաձեռնությամբ՝ ապրիլի 27-ը անվանակոչվել էր Իրանում առաջին կին աստղա-ֆիզիկոս և աստղագիտության մայր, ինչպես նաև Իրանի առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Ալենուշ Տերյանի անվամբ:

Parstoday-ին հայտնում է, որ «Ադիբ» աստղագիտության կենտրոնի առաջարկով և Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ու Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանյան-Կատարինյան» միջնակարգ դպրոցի համագործակցությամբ, հռչակավոր հայուհու անվամբ անվանակոչված օրը, հայոց ազգ. կրթահամալիրի համանուն դահլիճում իրականացվել է բանախոսական միջոցառում, որին ներկա էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քեչեճյանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Սպահանի Կրթադաստիարակչության գերատեսչության և 3-րդ շրջանի հիմնարկի պատվիրակությունը, ազգային մարմինների և հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, «Քանանյան-Կատարինյան» դպրոցի աշակերտները և մի շարք այլ հրավիրյալներ:

Ուսուցչուհի Սյունե Մինասյանը անդրադարձել է աստղա-ֆիզիկոս Ալենուշ Տերյանի կենսագրականին՝ ընդգծելով գիտական ոլորտում նրա նվաճումներն ու ձեռքբերումները:

Աշակերտներ՝ Արեն Մարկոսյանն ու Դանիթա Ղազարյանը   ելույթ են ունեցել՝ «Քարահունջից Թեհրան» խորագրով, որտեղ անդրադարձել են  մարդկության պատմության առաջին աստղադիտարան Քարահունջին և  Թեհրանում Ալենուշ Տերյանի հիմնադրած՝ Իրանի առաջին արևային աստղադիտարանին:

Ցուցադրվել է Ալենուշ Տերյանի կեանքին ու գործունեությանն անդրադարձող վավերագրական «Սույե խորշիդ» (թարգմանաբար՝ «Դեպի արեվ») ֆիլմը:

Այնուհետև պրն. Մորադին բանախոսել է «Տիեզերքի ճակատագիրը» խորագրով, որտեղ անդրադարձել է տիեզերքի ստեղծմանը,   աստղագիտության ոլորտին առնչվող մի շարք նոր գյուտերին  և  ձեռքբերումներին:

Back to top button