ԿարևորՀասարակություն

«Պարզապես ապշած եմ»․ Մանկական Եվրատեսիլի տնօրենը՝ մրցույթի կազմակերպչական աշխատանքների մասին

Մանկական Եվրատեսիլի 20-րդ մոգական պտույտին մնացել են հաշված օրեր։ Հոբելյանական մրցույթին մասնակցող 16 պատվիրակություններն ու հատուկ հյուրերն արդեն Երևանում են։ Հանրապետության հրապարակում Եվրատեսիլի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելուց հետո փոքրիկ երգիչներն արդեն խիտ գրաֆիկով ակտիվ փորձերի են անցել։ Մանկական Եվրատեսիլի գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալն ասում է՝ հիացած են հայկական հյուրընկալությունից և, որ ամենակարևորն է, զարմացած են, թե ինչքան մարդ է մասնակցել բացման արարողությանը։

«Շատ գոհ ենք ու շատ բարձր ենք գնահատում հայկական հեռարձակողի կատարած աշխատանքը։ Բացման արարողությունից հետո ես պարզապես ապշած էի, տեսնելով ցուցադրված ստեղծագործական աշխատանքը, կազմակերպման և անցկացման որակը, ինչպես նաև այն բոլոր միջոցառումների որակը, որոնք կազմակերպվում են Եվրոպայից ժամանած մեր պատվիրակությունների համար։ Այս ամենը համապատասխանում է բոլոր ակնկալիքներին, անգամ որոշ դեպքերում նաև գերազանցում է»,– ասում է Մարտին Օսթերդալը։

Հայաստանը՝ ի դեմս Հանրային հեռուստաընկերության, բավականին երկար է պատրաստվել Մանկական Եվրատեսիլին։ Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը պատմում է, որ Եվրոպական հեռարձակողների միության հետ բանակցությունները սկսել են անմիջապես այն բանից հետո, երբ 19-րդ մրցույթում հաղթեց Հայաստանի պատվիրակ Մալենան «Քամի, քամի» երգով։

«Մեզ համար այս ամենը մեծ դպրոց էր, թե՛ որպես հեռուստատեսություն, թե՛ որպես ոլորտի մասնագետներ։ Մենք կազմակերպչական աշխատանքների ընթացքում անընդհատ սովորել ենք և ես շատ ուրախ եմ, որ այն ինչ մենք ստացանք այս մեկ տարվա ընթացքում իրոք դրական արձագանքների է արժանանում»,– ասում է Հանրային հեռուստատեսության տնօրենը։

Մանկական Եվրատեսիլը տարեց տարի ավելի մեծ ժողովրդականություն է վայելում։ Մրցույթին միանում են նոր երկրներ։ Մանկական Եվրատեսիլի գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալն անկեղծանում է՝ շատ ուրախ է, որ մանկական այս մրցույթը, որոշակի դժվարություններ հաղթահարելուց հետո, կայացել է և այսօր արդեն հյուրընկալվել է Հայաստանում։

«Մենք ուրախ ենք, որ այս տարի մրցույթ է վերադարձել, օրինակ՝ Մեծ Բրիտանիան։ Ուրախ ենք տեսնել, որ շոուն հեռարձակվում է մի շարք աշխարհահռչակ հեռուստաընկերություններով․ սա հավակնություններն ավելի է բարձրացնում»,– ասում է Մանկական Եվրատեսիլի գործադիր ղեկավարը։

Մանկական Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքների համար հայկական կողմը մասնագետների է հրավիրել ոչ միայն Եվրոպական հեռարձակողների միությանից, այլև մի շարք երկրներից, որոնք այդ մրցույթը կազմակերպելու փորձ ունեն։

«Բավականին մեծ քանակությամբ տեխնիկա, լույսեր, լեդ էկրաններ, հատուկ նկարահանող տեխնիկա վարձակալվել և տարբեր երկրներից բերվել է Հայաստան։ Միայն այստեղ մենք ծախսել ենք մեր բյուջեի գրեթե կեսը։ Մեծաթիվ ծախսեր եղել են նաև բացման արարողության, նաև մետրոյում կազմակերպված միջոցառման համար։ Մեծ գումար ծախսվել է նաև արտասահմանցի մասնագետների փորձը Հայաստան բերելու համար», – ասում է Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենը։

Հոբելյանական 20-րդ Մանկական Եվրատեսիլին մասնակցելու համար այս տարի Հայաստան են հրավիրվել նաև մրցույթի նախորդ տարիների հաղթողները։ Դեկտեմբերի 11-ին նրանք անակնկալ կատարումներով հանդես կգան։

«Մենք իրականում Երևան ենք հրավիրել 19 տարիների բոլոր հաղթողներին, նրանց մի մասը հաստատել է մասնակցությունը, մի մասը մերժել է, մի քանիսից էլ այդպես էլ պատասխան չենք ստացել։ Այն բանից հետո, երբ համացանցում եղան հրապարակումներ, որ մենք բոլորին չենք հրավիրել, մենք ևս մեկ անգամ մեդիայի միջոցով հրապարակային հրավեր արեցինք և հիմա էլ, չնայած հաշված օրեր են մնացել, բայց ես ևս մեկ անգամ հրավիրում եմ․ մեր դռները բաց են բոլոր հաղթողների առաջ»։

Հանրային հեռուստաընկերության տնօրենը զգուշացնում է՝ շուկայում մրցույթի կեղծ տոմսեր են հայտնվել։ Կազմակերպիչները հորդորում են ուշադիր լինել․ համերգին կարելի է մասնակցել միայն tomsarkh․am-ից և Tellcell-ից գնված տոմսերով։

«Պարզվեց, որ պահանջարկն ավելի մեծ է, քան մենք կարող էինք առաջարկել դահլիճում տեղեր։ Մենք, իրոք, ցավում ենք, որ շատերն էին ցանկանում մասնակցել, բայց չկարողացան, քանի որ տեղերը սահմանափակ են»,– ասում է Հովհաննես Մովսիսյանը։

Եվս մի քանի օր և Եվրատեսիլի 20-րդ պտույտը կիրականանա։ Հանրային հեռուստատեսությունից վստահեցնում են՝ շոուն անմոռանալի է լինելու։ Ավելին՝ չեն բացառում, որ Հայաստանի պատվիրակ Նարեի հաղթանակի դեպքում կբանակցեն, որ հաջորդ տարի նույնպես Մանկական Եվրատեսիլը Հայաստանում կայանա։

Back to top button