ԿարևորՔաղաքական

Բաքուն ուղիղ սպառնում է Վաշինգտոնին, Երևանը հստակեցնում ՝ ԵԱՀԿ ՄԽ-ն չեղարկված չէ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել դեսպան Ֆիլիպ Ռիքերը։ Հայ փորձագետներն այս նշանակումը կարևոր զարգացում են համարում ոչ միայն այն պատճառով, որ ամերիկացի համանախագահի պաշտոնն այլևս թափուր չէ, այլև այն պատճառով, որ ամերիկացի համանախագահը վերջապես դեսպանի աստիճան և լուրջ փորձառություն ունեցող դիվանագետ է։ Սա մեր տարածաշրջանում ԱՄՆ մտադրությունների լրջության կարևոր ցուցիչ է՝ ասում են փորձագետները։

Մինչդեռ  Բաքուն անթաքույց  դժգոհությամբ  է արձագանքում նշանակմանը։ Երկրի ԱԳՆ խոսնակի շուրթերով Ալիևն  ասում է՝ չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման։ 

Երևանը պատասխանում է Բաքվին․ ԵԱՀԿ ՄԽ–ը չեղարկված չէ

Պաշտոնական Երևանն  արձագանքում է  ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ Բաքվի կոշտ հայտարարությանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը ոչ ոք չի չեղարկել», —«Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ուղերձ էր հղել Վաշինգտոնին՝ արձագանքելով  ԱՄՆ պետքարտուղարի օգոստոսի 24-ի հայտարարությանը։ Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւայի՝ Ֆիլիպ Ռիկերին Մինսկի խմբի համանախագահ նշանակելու վերաբերյալ Բլինքենի հայտարարությունը տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրականությունից հեռու մոտեցում է,  ինչը զարմանք է առաջացնում։

«Գործնականում չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել այն բանին, որ ԱՄՆ-ն հեռանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից»,-ասել է Աբդուլաևան՝ կրկնելով այդ երկրի ղեկավարի պնդումը, թե «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է»։

Պետդեպարտամենտը՝ Բաքվի ԱԳՆ-ին

Վաշինգտոնը նույնպես պատասխանել է Բաքվին։ ԱՄՆ պետդեպարտամենտի Գլոբալ հանրային կապերի գրասենյակի (Bureau of Global Public Affairs) փոխխոսնակ Վեդանթ Պանտելը նշել է, որ Բլինքենը Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու Միացյալ Նահանգների հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատելու գործում։

«Որպես երկիր՝ մենք հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցությամբ հասնելու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»,- նշել է նա։ Պանտելը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այսուհետ դեսպան Ռիքերը ներկայացնելու է ԱՄՆ-ն թե՛ Մինսկի խմբում, թե Ժնևի միջազգային բանակցություններում։

Ալիևին ՄԽ-ի երկրները ոնց ասեն, այդպես էլ կլինի. ՄԽ ճակատագիրը որոշողը Բաքուն չէ 

Փորձագիտական համայնքն ավելի բաց տեքստով է պատասխանել Բաքվին։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը շեշտում է՝ ՄԽ-ի ճակատագիրը որոշողը Բաքուն չէ։  

«Ադրբեջանում մի շատ կարևոր բան հասկանում են, բայց չեն կարողանում բարձրաձայնել, որ ՄԽ–ի ապագայի որոշողն Ադրբեջանը չէ։ Ովքե՞ր են ՄԽ-ի համանախագահները․ գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի ներկայացուցիչները, և Ալիևը չի կարող ինքնուրույն որոշել՝ այդ ձևաչափը պահպանվելո՞ւ է, թե՞ ոչ։ Ցանկացած բանակցային պրոցես, իհարկե, կարող է լինել տարբեր պետությունների հովանու ներքո, բայց մանդատ ունեցող միակ կառույցը Մինսկի խումբն է և համանախագահությունը։ Այս առումով Ալիևը շատ տեղ չունի գնալու՝ ոնց ասեն, այդպես պետք է բանակցի»։

Բրյուսելում օգոստոսի վերջին տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը, և ԱՄՆ հայտարարությունը նաև նշանակում է, որ Նահանգները չի պատրաստվում հրաժարվել մոդերատորի իր կարգավիճակից՝ վերլուծելով իրավիճակը՝ ասում է նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

Առանց Արցախի խնդրի կարգավորման՝ չենք մոտենա խաղաղությանը

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ, անդրադառնալով Բաքվի հայտարարությանը, նախ նկատել է, որ ռազմական հաջողությունը կուրացնում է, իսկ հետո՝ անհաջողությունների հիմք դառնում։

«Ադրբեջանում կարծում են, որ իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի՞, թե՞ չնշանակի: Կամ իրենք կարող են պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, բայց ամբողջ միջազգային հանրությունն արտահայտի այլ կարծիք` առ այն, որ երկարատև խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհրաժեշտություն է»,- գրել է Մարությանը և ընդգծել՝ միջազգային հանրություն ընդունում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և հակամարտություն, «առանց որի կարգավորման շատ հեռու կլինենք խաղաղությունից»:

Back to top button