ԿարևորՀասարակություն

«Առաջ միասին»՝ Հայաստան-Սփյուռք համագործակցությամբ

Ջութակահար Վան Արմենիանը՝ խիստ հայկական անուն-ազգանունով, ծնվել ու մեծացել է Կանադայում։ Այժմ էլ այնտեղ է ապրում, սակայն ամեն ամառ գալիս է Հայաստան «Զարթոնք» կազմակերպելու։

«Այսօր ֆորումին ներկայացրի մեր հիմնական ծրագիրը, որ «Զարթոնք»  ակադեմիան է, որը սկսավ 2019-ին Վանաձորում։  Երկշաբաթյա ամառային դպրոց է, ուր Հայաստանի տաղանդավոր երաժիշտները կուգան և ամենօրյա վարպետաց դասեր կստանան միջազգային ճանաչված վարպետների մոտ՝ Սփյուռքեն և Հայաստանեն»։

Համաճարակով ու պատերազմով պայմանավորված դադարից հետո այս տարի ֆորումը վերսկսվեց Ստեփանակերտում՝ ավելի ընդլայնված ծրագրով։

«Ծրագիրը մի քիչ փոփոխված էր, որ կարողանանք Ստեփանակերտի երիտասարդներուն կարիքներուն ավելի համահունչ ըլլալ ու բավական ընդլայնեցավ ծրագիը, ունեինք ստեղծագրության դասեր Արցախի տաղանդավոր երիտասարդ գրողների, որ իրենց ձայն տանք, կարողանան ինքզինքը արտահայտել որպես Արցախի բնակիչ, որ ինչն է իրենց կապում այդ հողին»։

Վան Արմենիանը այս ամենը պատմում է նաև «Առաջ միասին» ֆորումին ներկա և հեռավար տարբերակով միացած հյուրերին։ Ասում է՝ Արցախի ու Հայաստանի մի շարք երեխաներ իսկապես բացառիկ տաղանդներ են ու փնտրում է նրանց տարբեր հարթակներում ներկայացնելու հնարավորություն։ Միևնույն ժամանակ, ասում է, ցանկացողները կարող են մասնակցել դրամահավաքին ու օգնել իրենց երեխաների համար գործիքներ գնելու, կրթաթոշակ տրամադրելու հարցում։

«Առաջ միասին» եռօրյա ֆորումը հենց այս նպատակն ունի՝ ստեղծել համագործակցության հարթակ Հայաստանի ու Սփյուռքի հայրենակիցների միջև, ծանոթանալ ու ծանոթացնել այն գաղափարներին, որոնք, իրար աջակցելու դեպում, ավելի արագ կզարգանան։ Մանրամասնում է ֆորումի կազմակերպիչներից Աննա Ավետիսյանը․

«Երբ ներկայացնում են ինչ–որ պրոյեկտներ Հայաստանից, իրենք մեզ ասում են պրոյեկտի իմաստը և ինչ պահանջ ունեն, ինչ կապ է պետք Սփյուռքի հետ։ Դա կլինի ոչ միայն ֆինանսական, որովհետև մենք Սփյուռքում ունենք այլ ռեսուսրներ, օրինակ՝ մեր թիմի բոլոր անդամները բավականին գնահատելի ուժեր են՝ պրոֆեսորներ են, գիտնականներ են և այլն, որոնց ամբողջ փորձառությունը շատ-շատ մեզ ռեսուրս է»։

Աննա Ավետիսյանը Բոստոնից է։ Կազմակերպիչ թիմի 7 անդամներից միայն 1-ն է Հայաստանում բնակվում, մյուսները ապրում ու աշխատում են արտերկրում։ Ֆորումն իրականացնում են արդեն 2-րդ տարին ու նախորդ փորձով և նույնիսկ միայն իրենց ծանոթների պատրաստակամությունը գնահատելով համոզվել են՝ Սփյուռքի ներուժը կարող է ցուցաբերել շոշափելի, ոչ միայն ֆինանսական օգնություն։ Նախորդ տարվա մասնակիցներն էլ հուշում են, որ օգնությունը ոչ միայն Սփյուռքից էր, այլև՝ ֆորումին մասնակցող այլ ընկերություններից։ Պատմում է «Լըրնինգ մըշին» ընկերության հայաստանյան տնօրեն Զարուհի Սահակյանը․

«Մեր գործունեությունը սկսվել է անմիջապես պատերազմի ավարտից հետո, մենք պատերազմի մասնակիցներին ուսուցանում ենք ծրագրավորում  և անգլերեն, արդեն 1.5 տարի է։ Մեր տղաներից 19-ն արդեն աշխատում են առաջատար ՏՏ կազմակերպություններում, ունենք 100-ից ավելի ուսանողներ , ու գնալով ավելանում են մեր շարքերը»։

Ընկերությունը ֆորումին մասնակցում է արդեն 2-րդ անգամ։ Զարուհի Սահակյանը նշում է, որ իրենց դեպքում շատ կարևոր օգնություն է եղել տարբեր ընկերությունների հետ ծանոթանալն ու համագործակցելը։

«Մենք բազմաթիվ կապեր ենք ձեռք բերել։ Մի քանի կազմակերպությունների հետ սկսեցինք համագործակցել, որ իրենք մեզ օգնեն մասնագետների առումով, որովհետև հիմա դա էլ է մեծ խնդիր, մենք չենք կարողանում դեռ բավականաչափ վճարել մեր ուսուցիչներին, և մեզ անհրաժեշտ են կամավորներ կամ գոնե մինիմալ վարձատրվող ուսուցիչներ, դրա համար իրենք մեզ օգնում են»։

Ֆորումի առաջին օրը 19 այսպիսի կազմակերպություն կամ նախաձեռնություն ներկայացրեց իր գործը, իսկ հաջորդող 2 օրերին կազմակերպվելու են 14 աշխատաժողովներ։ Դրանց մասնակցությունը անվճար է, սակայն գրանցումով։ Ընդհանուր առմամբ ֆորումը պատրաստվում է ներգրավել 400 մասնակից՝ ներկա  և անսահմանափակ մասնակիցներ հեռավար տարբերակով։

Back to top button