Կարևոր

Ապակենտրոնացումը՝ գերխնդիր․ «Ռոլան» միջազգային 18-րդ փառատոնը կմեկնարկի հունիսի 25-ին

Ապակենտրոնացումը՝ գերխնդիր․ այս տարի Հայաստանի 5 քաղաքներում անցկացվող «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնի կոնցեպտն է։  Փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Գյումրի, Գավառ, Իջևան, Դիլիջան և Ստեփանակերտ քաղաքներում։ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյան․

«Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 75 ֆիլմ՝ 28 երկրից, այդ թվում՝ 2004-2021թթ. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին մասնակցած լավագույն մրցանակակիր ֆիլմերը»:       

2000թ-ից մինչև այսօր փառատոնը 700 հազարից ավելի հանդիսատես է ունեցել։ Քովիդի շրջանում օնլայն մասնակիցների թիվը 246 հազար էր, հետքովիդյան շրջանում՝ օֆլայն տարբերակով, մարզերում մասնակցել է 7 հազար մարդ։ Փառատոնն իր վեկտորն այս տարի ուղղում է մարզեր․ թեև 2007–ից  մարզերում նույնպես դիտումներ կազմակերպվում են, բայց  այժմ մեծանում է ընգրկվածությունը։ Փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյան․

 «Փառատոնի շրջանակում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, պրեմիերաներ, հետահայաց և հատուկ ցուցադրություններ։ Առավելագույնս ներգրավելու ենք երեխաներին ու երիտասարդներին` հասարակության տարբեր սոցիալական շերտերից ,այդ թվում` մանկատներից, ծայրահեղ անապահով ընտանիքներից, սահմանափակ կարողություններով երեխաներից և այլն: Մի խոսքով՝ սպասվում է շատ հետաքրքիր և բովանդակալից փառատոնային  ծրագիր»:

Փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կկայանա բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր (ECFA, Cinemania և այլն) ՝ «Ուղղիր թևերդ» (ռեժ. Ն. Վանյե, Ֆրանսիա, 2019թ.) ֆիլմի ցուցադրությունը: Փառատոնի ծրագրում  ընդգրկված է նաև 2017թ. օսկարակիր  «Երգիր» (ռեժիսոր՝ Քրիստոֆ Դեակ, Հունգարիա) ֆիլմը, որն այս տարի  արժանացել է փառատոնի «Գրան Պրի» գլխավոր մրցանակին: Այս տարի փառատոնը հյուրեր չի ընդունի․ դրա համար ֆինանսական աջակցություն է պետք։ Փառատոնը ֆինանսավորման համար օբյեկտիվ պատճառներով չի դիմել ԿԳՄՍ նախարարությանը, թեև վստահեցնում են՝  տարածաշրջանում նման բովանդակությամբ փառատոն չկա։ Նունե Մանուկյան․

«Սա արդեն թվով 18-րդ փառատոնն  է, բայց ոչ մի  փառատոն նախորդներին նման չէ։ Երբ ավարտում ենք փառատոնը սկսում են հաջորդի աշխատանքները։ Փառատոններն ամեն ինչով՝ ֆիլմերով, հյուրերով, կոնտեքստով նման չեն իրար։ Գոյություն ունի փառատոնային ձևաչափ, բացի դրանից երբ սկսում է փառատոնային փազլը հավաքվել, ամեն մեկը դառնում է յուրովի»։

Փառատոնը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնի և «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ: Փառատոնի ծրագրում ընդգրկված է ֆրանսիական 8 խաղարկային և անիմացիոն ֆիլմ՝ երեխաների և պատանիների համար: Կցուցադրվեն նաև գերմանական 9 խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։ Երեք մարզերում և Երևանում կիրականացվի «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի համայնապատկեր» հատուկ ծրագիրը՝ 8 ֆիլմով:  Ծրագրում ընդգրկված են «Երբ Ես Տխուր եմ», «Օլիմպիկոս», «Վիշապագորգ. Հեքիաթների աշխարհում Արեգնազան», «Անիկո», «Ձյունանուշ», «Ձյունը», «Բոժոն» և «Կոշկակարի Տղան»  ֆիլմերը։ Նունե Մանուկյան․

«Նման փառատոնները ստրատեգիական նշանակություն ունեն, որ հետագայում մենք ունենանք այն հասարակությունը, որը կցանկանայինք տեսնել։ Դրա համար սա առաջին հերթին կրթական ծրագիր է, հետո արդեն բազմակողմանի զարգացման և երեխայի կազմավորման»

2000թ-ին, երբ մեկնարկում էր փառատոնը, կազմակերպիչներն իրենց առջև խնդիր էին դրել երեխաների շրջանում  կինոթատրոն գնալու մշակույթ ձևավորել։ Ժամանակի հետ նպատակները փոխվում են, այժմ ցանկանում են ակտիվացնել միջմարզային հարթակը։ Խոստանում են ամեն ինչ անել, որ փայլեն մանուկների աչքերը։ Փառատոնի բոլոր միջոցառումները կազմակերպվում են բարեգործական սկզբունքով:

Back to top button