ԿարևորՀասարակություն

Ավանդական մեթոդներն էլ չեն գործում թմրանյութերի կիրառման պատկերը Հայաստանում

Հայաստանում թմրամիջոցներ օգտագործողների աճ, երիտասարդացում, շրջանառման հարթակների բազմազանություն է նկատվում։ Սակայն զուգահեռաբար աճում է նաև իրազեկվածության մակարդակը, ինչը, մասնագետների կարծիքով, կարող է փրկել իրավիճակը։ Ասում են՝ դեռահասներին գրագետ տեղեկատվություն է պետք, որը կհավասարակշռի փողոցից կամ սոցհարթակներից անխուսափելիորեն ստացվող  ինֆորմացիային։ Մասնագետները թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ ներկայացրել են առկա իրավիճակը և այն քայլերը, որոնցով կարելի է օգնել կախվածություն ձեռք բերած մարդկանց։

2022 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ հանրապետության 7570 քաղաքացի թմրանյութ է օգտագործում։ Սա վիճակագրության գրանցված մասն  է․ թիվը ներառում է ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» և Հայաստանի մյուս բոլոր նարկոլոգիական ծառայություններում հաշվառված մարդկանց։ Ամենատարածվածը, ըստ նույն վիճակագրության,  կանաբիոիդներն են, ներառյալ արհետականը՝ սպայսը․ օգտագործում է շուրջ 4700 մարդ։ Ավելի քան 2800 մարդ օգտագործում է օփիոիդներ, 8 մարդ՝ կոկաին։ Խոսքը  խնդրով զբաղվող կառույցների ուշադրության կենտրոնում հայտնված մարդկանց մասին է։ Մանրամասնում է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանը․

«Այս թիվը ներառում է ոչ միայն այն մարդկանց, որոնք բուժման համար են դիմել, այլ նաև այն մարդկանց, որոնք իրավապահ մարմինների որոշմամբ ուղեգրվել են հետազոտության՝ թմրամիջոց գործածելու կասկածով, և հետազոտության արդյունքում նրանց օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց պարունակող նյութ»։

Նազինյանը նշում է՝ հաշվառված քաղաքացիների 70 տոկոսը 30-50 տարեկան են, սակայն սովորությունը երիտասարդանալու միտում ունի․ ավելացել է կիրառումը երիտասարդների, նաև դեռահասների շրջանում։ Մասնագետների կարծիքով՝ պատճառներից մեկն այն է, որ թմրամիջոցների շրջանառության մեխանիզմները տեղափոխվել են ավելի բաց հարթակներ՝ սոցիալական ցանցեր, հավելվածներ։

«Հին, ավանդական մեթոդները գրեթե չեն գործում, շատ տարածված է դարձել ինտերնետային հավելվածների միջոցով թմրամիջոցների տարածումը ու, ցավոք սրտի, որոշակի հավելվածներ մեր իրավապահ մարմինների կողմից գրեթե անվերահսկելի են։ Դա բերում է նրան, որ տարածողը չի նույնականացվում, սա իրավապահ համակարգի համար նոր, լուրջ մարտահրավեր է»։

Առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը զգուշացնում է՝  թմրանյութի անգամ մեկ կիրառումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել, սա պետք է մանրամասն բացատրել հատկապես դեռահասներին։

«Նոր թմրանյութերը, որոնք սինթետիկ են, բերում են շատ լուրջ հոգեկան խանգարումների փսիխոզների ձևով՝ մինչև թուլամտություն։ Հենց առաջին օգտագործման դեպքում կարող են դիտվել սուր հոգեկան խանգարումները, որոնց դեպքում ստացիոնար բուժումն արդեն անխուսափելի է։ Նաև կուզեի նշել, որ հաճախ նման խանգարումները ունենում են խրոնիկ, անդառնալի բնույթ»։

Ծնողների մտահոգությունը, թե երեխային պետք է հեռու պահել վնասակար սովորությունների մասին որևէ տեղեկատվությունից, այս դեպքում սխալ է՝ կարծում է Սուրեն Նազինյանը։ Ասում է՝ 21-րդ դարում դեռահասը, անկախ ծնողների ցանկությունից, ստանում է ամեն տեսակի ինֆորմացիա, և ծնողը կօգնի նրան՝ հակակշռող, գրագետ տեղեկատվություն տալով։

«Երեխան թմրամիջոցի կամ մեկ այլ վնասակար բանի մասին, մեկ է, իմանալու է դրսից, բակից, ընկերական խմբից և այլն։ Սովորաբար փողոցից ստացած գիտելիքը չի լինում ռեալ, դիմադրության փոխարեն հետաքրքրություն է առաջացնում։ Դրա համար կարծում եմ, որ սկսած դպրոցից ու նաև ծնողները պետք է իրենց երեխաներին թմրամիջոցների վերաբերյալ գրագետ, գիտակցված գիտելիքներ տրամադրեն, որը կբերի նրան, որ երիտասարդը չի էլ փորձի թմրամիջոց գործածել՝ իմանալով դրա վնասները»։

Եթե այնուամենայնիվ մարդն օգտագործել է թմրամիջոց և նույնիսկ կախվածություն է ձեռք բերել, լուծումն ագրեսիան չէ՝ հիշեցնում են մասնագետները։ Երբեմն հարազատները մարդուն այդ իրավիճակում օգնելու փոխարեն լրջորեն վնասում են։

«Պացիենտի նկատմամբ պետք չէ ճնշումներ գործադրել կամ մեղադրել, հաճախ  իրավիճակը նույնիսկ  ծեծուջարդի է հասնում։ Նման վարքը բերում է տվյալ անձի ավելի օտարացմանը։ Ինքը կտրում է բոլոր կապերը թե ընտանիքից, թե ընկերների, որ նյութը շարունակի օգտագործել։ Դա բերում է անձի վերջնական կործանմանը։ Պետք է գրագետ մոտենալ, բուժհաստատություն դիմելու ավելի գրագետ մեխանիզմ գտնել ու պացիենտին դրդել բուժման, ոչ թե ճնշել»։

Թմրամիջոցներից ինքնաբերաբար չեն ազատվում՝ պացիենտների փորձով համոզվել են մասնագետները։ Հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը հիշեցնում է, որ սա ոչ թե խարան, այլ հիվանդություն է, որից կարելի է ազատվել բժշկական հաստատություններում։

«Հնարավոր է միայն բժշկի միջոցով, որպես կանոն ինքնաբուժությունը խնդիրներ է առաջացնում հետագայում թմրանյութերին վերադառնալու ռիսկը շատ մեծ է, նույնիսկ եթե որոշ ժամանակ չի օգտագործում։ Պետք է դիմել նարկոլոգի, բժիշկի։ Մտավախություն ունեն, հոգեկան առողջության ոլորտը բավականին խարանավորված է Հայաստանում, մարդիկ գերադասում են դրա մասին չխոսել, թաքցնել իրենց կախվածություն ունենալու խնդիրը»։

Չնայած այս մտածողությանը՝ բժիշկները դրական տեղաշարժ նկատում են․ 2000-ականների սկզբին և այսօր թմրամիջոց օգտագործողների և դրանից բուժվել ցանկացողների  նկատմամբ վերաբերմունքում ահռելի տարբերություն կա։ Մասնագետները թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ հիշեցնում են պարզ քայլերը՝ խոսել, իրազեկել, պաշտպանել, խնդրին բախվելու դեպքում՝ ուղղորդել բուժման կամ բուժվել՝ թաքցնելու և խնդիրն ավելի խորացնելու փոխարեն։

Back to top button