ԿարևորՀասարակություն

Չլինել «բանվոր» բիզնեսում, խնդիրներ դնել գիտնականների առջև․ ի՞նչ «տնային աշխատանք» ունի կատարելու էկոնոմիկայի նախարարությունը

Հունիսի 15-ին մեկնարկել  է «Գիտության և գործարարության օրեր-2022» համաժողովը։ Էկոնոմիկայի նախարարությունը մասնագիտական համայնքի ու գործարարների հետ  փորձում է ձևակերպել  գիտելիքահեն տնտեսություն կառուցելու բանաձևը, բացահայտել գիտության առևտրայնացման հնարավորություններն ու Հայաստանի՝ գլոբալ տնտեսությանը ինտեգրվելու քայլերը։

Գիտությունը բիզնեսում ներդնելու և «բանվորությունից» խուսափելու համար էկոնոմիկայի նախարարՎահան Քերոբյանը կարևորում է գիտնականների և գործարարների համագործակցությունը։ Գիտահետազոտական խմբերի հետազոտության արդյունքների առևտրայնացման խնդիր կա՝ ասում է։

«Հիմա մենք փորձում ենք ստեղծել այն խողովակը, որով տեխնոլոգիաները ավելի հասանելի կդառնան բիզնեսին, կամ բիզնեսը կկարողանա ավելի լավ պատմել իր կարիքների մասին, որովհետև բիզնեսի մեջ առանց գիտության ներդրման, ըստ էության «բանվորությամբ» ենք զբաղվելու։ Այսինքն՝ առանց լրացուցիչ know how-ի` (գիտական նորույթ) ցածր տեխնոլոգիական, կամ նույնիսկ բարձր տեխնոլոգիական ապրանքներ ենք վաճառելու, այնուամենայնիվ, տեխնոլոգիաները պարտքով ենք վերցնելու, ինչը մեզ վրա թանկ է նստելու»։

Ի՞նչ մասնակցություն կարող է և պետք է ունենա պետությունը գիտելիքահեն տնտեսություն կառուցելու, գիտությունը, տեխնոլոգիաներն ու բիզնեսը շաղկապելու հարցում։ «Գիտության և բիզնեսի եզրին՝Հայաստանը որպես խաչմերուկ» քննարկման մոդերատոր, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է հարցնում։

Գիտությունը նորարարության վերածելու համար անհրաժեշտ է աջակցել կրթական քաղաքականության մշակմանը՝ պատասխանում է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։

«Երբ գիտությունը բիզնեսում ներդնելու հարցում խոսվում է կառավարության դերի մասին, մի քանի հարց կա, որ պետք է հաշվի առնել։ Առաջինը կրթական քաղաքականությունն է, երկրորդը՝ նորարարության քաղաքականությունը. հենց այս երկուսն են կախված կառավարությունից»։

Նորարարությունների ստեղծումը կարևորում է նաև «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը։ Նրա խոսքով` եթե ընկերությունն ամեն տարի  նորարարություններ չստեղծի, ապա ոչ միայն մրցակցությունից դուրս կմնա, այլև կփակվի։ Նորարար ծրագրերի իրականացման համար բավարար քանակի մասնագետներ չկան՝ ասում է։ Ըստ որոշ հաշվարկների՝ այժմ տեխնոլոգիական բնագավառում 4000 թափուր հաստիք կա, կադրային քաղցի պատճառով նախագծերը տեղափոխվում և իրականացվում են այլ երկրներում։ 18 հազար աշխատակից ունեցող ընկերության հայաստանյան մասնաճյուղում աշխատում է 1000 մասնագետ։ Նորարար գաղափարների ձևավորման հարցում Զորյանը կարևորում է ազգերի բազմազանությունը:

«Հայաստանում շատ լավ աշխատուժ ունենք, բայց մի բան պակասում է` բազմազանությունը։ Սիլիկոնյան հովտի հաջողության մեծ մասը բազմազանության մեջ է, տարբեր ազգերի, մտածելակերպի, կենսագրությամբ մարդիկ հավաքվել են մի տեղում։ Նորարարության մեջ բազմազանությունը կարևոր է»։

«Նոյմեդ» բիոտեխնոլոգիական ընկերությունը կադրային հարցը լուծելու համար ստեղծում է դասընթացների սեփական կենտրոն, հուշագրեր ստորագրում  հայաստանյան և արտերկրի բուհերի հետ՝ ուսանողների մասնագիտական պրակտիկան իրենց ընկերությունում կազմակերպելու համար։ Յուրաքանչյուր ամիս մոտ 15 նոր աշխատակից են ընդունում՝ այդ թվում և այս մեխանիզմը կիրառելով։  «Նոյմեդ» ընկերության գլխավոր գիտաշխատող ԱնիՄարկոսյանը երկու հիմնական պատճառ է նշում, թե ինչու են հայ գիտնականները նախընտրում իրենց կարիերան արտերկրում կառուցել։ Առաջինն այն է, որ այստեղ նրանց առջև հետաքրքիր և ժամանակակից խնդիրներ չեն դրվում։ Երկրորդ պատճառը նյութական է՝ ցածր աշխատավարձը։

«Ի՞նչ պետք է անենք։ Պետք է հետաքրքիր, նոր հարցադրումներ դնենք գիտնականների առջև և փորձենք բոլորին հետ վերադարձնել Հայաստան, որովհետև շատ տաղանդավոր մարդիկ ունենք և ոչ միայն արդեն գործող գիտնականներին, այլև նոր, հետաքրքիր, «ծագող աստղերին»  պետք է մեր բուհերից գտնենք։ Այդ աշխատանքը մենք անում ենք՝ սերտ համագործակցելով ԿԳՄՍ նախարարության հետ»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ դեռ 2018թ-ին ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը փորձում էր կապ ստեղծել կրթական համակարգի, աշխատաշուկայի և տնտեսության միջև։ Այժմ այդ քայլերը ինստիտուցիոնալ դարձնելու ճանապարհին են։

Krisp ընկերության գիտահետազոտական խումբն այժմ 60 հոգուց է բաղկացած։ Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝արդյունավետ գործելու նպատակով թիմին հստակ բացատրում են`գիտահետազոտական որ խնդիրների լուծումներ են այս պահին առաջնահերթ, և որոնք են առավել կարևոր լինելու մի քանի տարի անց։

«Եթե այդ երկուսից որևէ մեկը չանենք, ընկերությունը մահանալու է մի օր։ Եթե այդ առաջնահերթություները չդնենք ու չասենք, որոնք են բիզնես խնդիրները, ամեն մեկը կորոշի՝ ինչն է կարևոր, ու ոչ մի տեղ չենք հասնի։ Կարծում եմ՝ Հայաստանում հենց  դա է տեղի ունենում. պետությունը պետք է խնդիրներ դնի։ Օրինակ` Ձեր նախարարությունը ամենալավ տեղում է գտնվում տարբեր ոլորտներում մեր զարգացման առաջնահերթությունները տեսնելու և այդ խնդիրները ինստիտուտների առջև դնելու ու ֆինանսավորելու համար»։

Krisp-ի համահիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանը Հայաստանում տեխնոլոգիական բում անելու հեռանկար է տեսնում։ Նրա դիտարկմամբ՝ հիմա հայ ստարտափերները ներդրումներ ստանալու համար կարող են տեղական վենչուրային ֆոնդերից օգտվել։ Ընկերությունն իր գործընկերների հետ ստեղծել է 10 մլն ֆոնդ ունեցող «Big Story» վենչուրային ֆոնդը, որն իր առջև նպատակ է դրել ներդրումներ կատարել 25 ընկերության մեջ։ Մեկ տարվա ընթացքում արդեն 8 ընկերության մեջ ներդրում են կատարել։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ կառավարությունը նախորդ տարի ներդրում է կատարել  երկու վենչուրային  ֆոնդում։ Այժմ դիտարկում են ևս երեք վենչուրային ֆոնդերում մասնակցություն ապահովելու հարցը։

Էկոնոմիկայի նախարարը քննարկման վերջում արձանագրում է՝ մարտահրավերն ընդունում է․նախարարությունն այս քննարկումից «տնային աշխատանքի» համար բավականաչափ առաջադրանք ստանալով է հեռանում։

Ցուցադրել ավելի
Back to top button