Մտքի ուժը

Դեղանյութ այրվածքների դեմ. հայ գիտնականների նոր առաջարկը․ «Մտքի ուժը»

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա հայկական արտադրության քսուքն առաջիկայում կարող է շուկայում հայտնվել։ Այն կարելի է կիրառելի տարբեր աստիճանի և ծագում ունեցող այրվածքային վերքեր, ինչպես նաև մաշկային այլ զանազան վնասվածքներ բուժելու համար։

Հեղինակներն աշխատում են ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայում։ Սոնա Բուլոյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, պատմում է․

«Դեղաքսուքը կոմբինացված դեղանյութ է, որտեղ համակցված է  հակաբիտոիկային ակտիվություն ունեցող ֆիցիլինն ու տեղային ցավազրկող հատկություն ունեցող լիդոկային դեղանյութը։ Փորձել ենք համակցել, քանի որ այրվածքները և վերքերը ունենում են բարձր ցավային հատկանիշներ, կոմբինացնելով կարող ենք ստանալ ցավը մեղմող և վերքը լավացնող ազդեցություն։ Դեղաքսուքն արդյունավետ է, նրա ազդեցությունը համեմատել ենք շուկայում վաճառվող դեղաքսուքների հետ։ Դեղանյութն ունի շատ բարձր էֆեկտիվություն, շատ արագ լավացնում է վերքերը»։ 

Մինչև արտադրանքը շուկա հասնի, երկար ճանապարհ է պետք՝ ասում է գիտնականն ու թվարկում՝ անհրաժեշտ է իրականացնել վերջնական նախակլինիկական հետազոտություններ, փաստաթղթերի ամբողջականացում, կլինիկական հետազոտություններ ու ոչ միայն։  

«Դերմաֆեն»-ն իր հատկություններով գերազացանում է շուկայում եղած դեղանյութերին՝ ասում են գիտնականները։ Քսուքի ստեղծմամբ ավելի քան տասը տարի են զբաղվում։ Դեղաքսուքի հետազոտությունը սկսել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայում, ղեկավարը՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Հրաչիկ Գասպարյանն է, ընդգծում է․

«Մոտավորապես 12-13 տարի ենք զբաղվել ու շատ մանրամասն։ Փորձարկել ենք, այժմ հասել ենք նրան, որ նախակլինիկական հետազոտություններն արված են։ Որոշ հատկություններ կպարզենք ու կուղարկենք կլինիկական հետազոտությունների»։

Սա միակ հետազոտությունը չէ, որ կատարվում է այս լաբորատորիայում։ Այստեղ նոր ուղղություններ են զարգացնում՝ ասում է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի ղեկավարը՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Հրաչիկ Գասպարյանը․ 

 «Մենք հիմա ներդնում ենք նոր ուղղություն՝ փորձում ենք ստանալ բջջային կուլտուրաներ՝ նյարդային կամ լյարդի բջիջներ, ստանալ դրանք, աճեցնել ինկուբատորում, ապա այդ բջիջների վրա փորձարկել տվյալ միացությունների  ազդեցությունները»։

Լաբորատրոիայի 5 գիտական միացությունների՝ կարդիոտոնիկ, հակահիպոօքսիկ հակացնցումային, հակաօքսիդիչ և արյան մակարդելիության հատկություններն ուսումնասիրող խմբերը շարունակում են հետազոտություններ իրականացնել։  Լաբորատորիայի ղեկավար Հրաչիկ Գասպարյանը թվարկում է իրենց առաջարկներն ու նկատում՝ հետազոտությունները կենդանիների վրա արդեն փորձարկել են, այժմ՝ միացությունների ազդեցությունը նյարդային բջիջների վրա փորձարկելու փուլն է։

Այլ հետազոտություններ ունեն՝ գումար է անհրաժեշտ նախակլինիկական հետազոտությունների համար։ Լաբորատորիայի ղեկավար Հրաչիկ Գասպարյանը գիտության մեջ է արդեն 4 տասնամյակ։ Հիշում է՝ խորհրդային տարիներին ավելի հեշտ էր աշխատելը։ Հատկապես վերջին տարիներին պետությունը դեմքով դեպի գիտությունը շրջվել է՝ ասում է երկարամյա գիտնական Գասպարյանը։ Գիտնականների աշխատավարձերը բարձրացել են, բայց դա քիչ է՝ երիտասարդներին գիտության մեջ պահելու համար։ Չնայած ֆինանսական խնդիրներին ու շենքային վատ պայմաններին՝ այս լաբորատորիայում աշխատող խմբերը շարունակում են գիտական հետազոտություններ անել, դժվարությամբ, բայց տպագրվել միջազգային բարձր համբավ ունեցող ամսագրերում։

Back to top button