ԿարևորՏնտեսական

Դաշտն ազատականացված է, ռիսկերը չեզոքացվում են․ որտեղի՞ց գտնել հոսանք՝ ցածր գնով 

Էլեկտրաէներգիայի շուկայում մենաշնորհը վերացված է, դաշտի ազատականացման գործընթացն իրականացվում է փուլ առ փուլ։ Ազատականացումը ենթադրում է հոսանքի  այլ մատակարարների մասնակցություն։ Նրանք կստեղծեն մրցակցային դաշտ։ Սպառողն էլ կարող է ընտրել ամենաէժան մատակարարին, կնքել պայմանագիր ու նրանից ձեռք բերել հոսանք։  Խոշոր սպառողների համար մատակարարներից հոսանք գնելը պարտադիր կդառնա 2023թ փետրվարի 1–ից։ Բնակիչ–բաժանորդների մասին խոսելը մասնագետները դեռ վաղ են համարում։

Ումի՞ց գնել հոսանք և ի՞նչ գնով․ սա գործարար աշխարհին հուզող հարցերից է,  հատկապես նրանց, ում արտադրանքի ինքնարժեքում էլեկտրաէներգիայի բաղադրիչը մեծ է։ Այս ընկերություններին հնարավորություն է տրվել ՀԷՑ–ից բացի գտնել ավելի ցածր գին առաջարկող մատակարար։ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի մենաշնորհը վերացված է, դաշտը՝ ազատականացված։ Ազատականացումը ենթադրում է, որ դաշտում հայտնվում են հոսանքի այլ մատակարարներ՝ ստեղծելով մրցակցային դաշտ։ Սպառողը հանգիստ կարող է ընտրել ամենաէժան մատակարարին, կնքել պայմանագիր ու ձեռք բերել հոսանք։  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության էներգետիկայի ծրագրի ղեկավարի տեղակալ Աբգար Բուդաղյանն ասում է․

«Երեք հիմնական ուղղություններով ենք աշխատում կառավարության մեր գործընկերների հետ։ Առաջինը էներգետիկ շուկայի ազատականցումն է, երկրորդը՝ էլեկտրաէներգիայի մատակարարման դիվերսիֆիկացումը, և երրորդը՝ Վրաստանի հետ միջպետական առևտրի զարգացումը։ Այժմ տեղի ունեցող բարեփոխումները մեր գործընկերներին թույլ են տվել փոխել էներգետիկ շուկայի կառուցվածքը, վերացնել էլեկտարէներգիայի վաճառքի մենաշնորհը»։

Փետվարի 1-ից գործարկվել է առևտրի իրականացման հարթակը։ Քայլերը դանդաղ են արվում, որպեսզի շուկայի մասնակիցների ու սպառողների համար նվազագույնի հասցվեն ռիսկերը՝ արձանագրում է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը․

«Ցանկացած սպառող կամ մատակարար՝ կախված նրանից, թե ով կընտրի հաշվեկշռման գործառույթը, պետք է պատասխանատու լինի իր հայտարարած հնարավոր արտադրանքի կամ սպառման համար»։

Մասնագետները բացատրում են՝ հիմա բոլորին էլ հոսանքը վաճառվում է նույն միջինացված գնով։ Ազատականացված շուկայում այդպես չի լինի։ Նոր խաղացողները պետք է ավելի շահավետ առաջարկներ ներկայացնեն սպառողին, որպեսզի վերջիններս ցանկանան երաշխավորված մատակարարողից՝ ՀԷՑ-ից հրաժարվել և ընտրեն իրենց:Արդեն 3 կազմակերպություն կամ, ինչպես ասում են, թրեյդեր լիցենզիա է ստացել: Թրեյդերները մեծածախ առևտրով զբաղվողներն են, որոնք գործ ունեն միայն մեծ տնտեսվարողների հետ,  նաև լիազորված են էլեկտրաէներգիայի միջպետական առևտուր անել:  Հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլտվություն է տրամադրել ևս վեց ընկերության։   Զրուցակիցս հոսանքի մատակարար կազմակերպություններից մեկի տնօրենն է՝ Հայկ Շեկյանը։ Ասում է՝ այս բիզնեսում լայն հեռանկարներ են տեսել ու որոշել են ընդգրկվել։ Ինչպե՞ս են սպառողները գտնելու իրենց․ շահագրգիռ բոլոր կողմերը փնտրում են միմյանց, և ահա երեք կազմակերպություն արդեն օգտվում է այս մատակարարի առաջարկած հոսանքից․

«Առավել խոհեմ, իրենց ծախսերին տիրապետող և գրագետ կառավարող ընկերությունները արդեն բացահայտել են այդ հնրավարությունները, և ինչ-որ իմաստով իրենք են արդեն այդ հնարավորությունները փնտրում»։

Սա մոտավորապես նման կլինի հեռահաղորդակցության ոլորտին՝ բացատրում են փորձագիտական դաշտում։ Ընդգծում են՝ սպառողի համար, ըստ էության, նշանակություն չունի՝ ով է մատակարարը։ Կարևորը՝ գինը լինի ցածր, սպասարկումը՝ հուսալի։ Հոսանքի նոր մատակարարների հայտնվելը չի խանգարի, որ  էլեկտրաէներգետիկ շուկայում առաջնային խաղացողը մնա ՀԷՑ-ը։ Դրա գործառույթն էլեկտրաէներգիայի տեղափոխումն  է մի կետից մյուսը։ Ցանկացած պահի սպառողը կարող է փոխել իր պայմանագիրն ու նորից հոսանք ստանալ ՀԷՑ-ից, միայն թե այս դեպքում՝ ավելի բարձր գնով։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը մտավախություններ չունի, խանդ՝ նույնպես․

«Բոլորովին խանդ չկա, ապացուցված է, որ շուկայական հարաբերությունները ճիշտ են, որևէ կերպ դա ՀԷՑ–ի աշխատանքի վրա չի ազդելու։ Հուսով ենք, որ լավագույն մոդելը կձևավորվի»։

Բոլոր ռիսկերը հաշվարկված են՝ ասում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու նկատում ՝ փուլ առ փուլ են ներդնում ազատականացումը։ Արձագանքելով դիտարկմանը, թե ինչ-որ փուլում, գուցե, Հայաստանում հոսանքն ավելի թանկ գնով մատակարարվի, ու Վրաստանից, Իրանից, անգամ Թուրքիայից էլեկտարէներգիա ներկրելն ավելի մատչելի լինի, նախարարն ընդգծում է․

«Կարծում եմ՝ նման ռիսկ չկա։ Այս գործընթացը կարող է բերել սակագնի արդար բաշխման» ։

ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ էլեկտարէներգիայի շուկայի ազատականացումըփուլ առ փուլ կբերի նրան, որ բոլոր սպառողները վճարեն այնքան, որքան էլեկտրաէներգիան կարժենա  սպառման կետում։Օրինակները բազմաթիվ են, բերում է միայն մեկը․  

«Գարնան ամիսներին, երբ   խորքային հորերը, ջրային տնտեսությունները ավելի շատ են էլեկտրաէներգիա սպառում, այդ ամիսներին աշխատում են ՀԷԿ–երը, որոնք արտադրում են  ավելի էժան էլեկտրաէներգիա։ Այս ընկերությունները, սակայն, վճարում են միջինացված գին։ Այժմ նրանք կարող են ավելի ցածր գին վճարել, մյուսները՝ ավելի բարձր»։

Մինչև տարեվերջ՝ խոշոր սպառողները ընտրելու հնարավորություն ունեն։ Հաջորդ տարվանից նրանց մի մասի համար ազատականացումը կլինի պարտադիր,- հստակեցնում է փոխնախարարը․ 

«Դրանք են՝ հաղորդման ցանցին միացած սպառողները և 110 կիլովոլտ ու ավելի  բարձր լարման ցանցին միացած սպառողները, որոնք սպառում են տարեկան 1 մլն կիլովատ ժամ և ավելի հոսանք։ Նրանց համար արդեն 2023թ․ փետրվարի 1–ից կդառնա պարտադիր՝ իրենք պարտավոր են լինելու այլևս հոսանք չգնել ՀԷՑ–ից՝ որպես երաշխավորված մատակարար։ Պարտավոր են կամ որպես երաշխավորված սպառող ինքուրույն գնել իրենց էլեկտրաէներգիան՝ ուղիղ արտադրողներից, կամ՝ մատակարարներից»։

Այս ընկերությունները, օրինակ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ն ու ոչ միայն,  այժմ   հոսանքը մոտ  35  դրամով են գնում։  Ազատականացված շուկայում կփնտրեն ու ավելի ցածր գնով առաջարկ կգտնեն, բայց ՀԷՑ–ին վերադառնալու դեպքում նրանք ստիպված են լինելու մոտ 53 դրամ վճարել։ Սա խոշոր սպառողներին ձեռնտու չէ։ Մեկ միլիոն կիլովատ ժամը խոշոր ընկերությունների համար մեծ սպառում չէ՝ ասում է  Հակոբ Վարդանյանը։ Նկատում՝ մոտավորապես 1,5 օրում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ն այդքան հոսանք սպառում։ Այս ցանկում կներառվեն նաև խոշոր առևտրի կենտրոնները, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները։ Մոտ հինգ տարի հետո  միայն  կարելի է մտածել  շուկայի ազատականացման մոդելը նաև բնակիչ–բաժանորդների շրջանում կիրառելու մասին՝ եզրափակում է Հակոբ Վարդանյանը։

Back to top button