ԿարևորՀասարակություն

Կայացել է ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ  Եկեղեցու Համաշխարհային  Երիտասարդական Միավորման հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը սույն թվականի մարտի 1-6-ը կազմակերպել էր ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումը (Բրյուսելում՝ մարտի 1-3, Պրահայում՝ մարտի 4-6), որին հրավիրվել էին մասնակցելու ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանի Հայրապետական պատվիրակությունների, թեմերի և հովվությունների երիտասարդները։

Բրյուսելում ֆորումին հրավիրված էին մասնակցելու երիտասարդներ և հոգևոր պատասխանատուներ՝ Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Հոլանդիայի հայոց հովվություններից, Գերմանիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև՝ Ռումինիայի և Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմերից։

Պրահայում ֆորումին հրավիրված էին մասնակցելու երիտասարդներ և հոգևոր պատասխանատուներ՝ Չեխիայից, Ավստրիայից, Նորվեգիայից, Դանիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Բալթյան երկրներից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռումինիայից։

ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումի աշխատանքային օրակարգը հարուստ էր՝ հոգևոր զրույցներ, երիտասարդական քրիստոնեական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ուղղված դասախոսություններ և աշխատարաններ։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանը երիտասարդներին ներկայացրել է Գրասենյակի առաքելությունը, տարածաշրջանային կառուցվածքը և հոգևոր–երիտասարդական ծրագրերը։

Ֆորումի ավարտին մասնակիցներին և կազմակերպիչներին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից շնորհվել են երախտագրեր, շնորհակալագրեր, մասնակցության վկայականներ։

Մարտի 5-ին համաժողովի մասնակից հոգևորականներին Պրահայի իր նստավայրում ընդունել է Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան։

Հանդիպմանը մասնակցում էին՝ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ,   ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Չեխիայի Հայոց հովվության հոգևոր հովիվ Հոգեշնորհ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը, Դանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, Շվեդիայի «Սուրբ Մարիամ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը։

Հանդիպման ընթացքում Կարդինալը ներկայացրել է Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու պատմությունը, անդրադարձել չեխ և հայ ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես՝ Չեխիայի թեմի և Հայ Առաքելական Եկեղեցու հետ հարաբերություններին։ Կարդինալն իր ողջույնները փոխանցել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀԵՀԵՄ Եվրոպա տարածաշրջանային ֆորումի բոլոր մասնակիցներին։

2022թ.-ին նախատեսված հաջորդ՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը կմեկնարկի Կահիրեում՝ մարտի 31-ապրիլի 4։

Back to top button