ԿարևորՀասարակություն

«Եռագույնը ձեռքներիս ման ենք գալիս, որ մեզ տեսնեն ու մոտենան»․ Լեհաստանում դիմավորում են ուկրաինահայերին

Ուկրաինայի Խարկով, Խերսոն քաղաքներում և մայրաքաղաք Կիևում իրավիճակը մնում է լարված։ «Ռադիոլուր»-ը զրուցել է Կիևի հայ համայնքի նախագահ, Արևելյան Ուկրաինայում Հայաստանի Պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանի հետ։ Նա պատմել է, որ Կիևում մարդիկ վառելիքի խնդիր ունեն և օրեցօր ավելի դժվար է դառնում քաղաքից դուրս գալը։ Չնայած մասսայական տարհանումներ չեն կազմակերպվում, բայց Ուկրաինայում ապրող հայերը հեռանում են երկրից՝ հիմնականում դեպի Ուկրաինային սահմանակից ԵՄ երկրներ։

«Եռագույնը ձեռքիս կանգնում եմ, որ հայերը տեսնեն ու մոտենան»,-պատմում է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Պետրոսյանը, որ արդեն 6 օր՝ լեհ-ուկրաինական սահմանի մոտ ընկերների հետ դիմավորում է Ուկրաինայից Լեհաստան տեղափոխվող հայ ընտանիքներին։

«Տարածքում փորձում ենք հայերի փնտրել՝ գոռում ենք «հայե՛ր»։ Անցնելուց հետո մենք լեհական կողմում ավտոբուսներ ունենք, իրենք գալիս են ու անվճար տեղափոխվում։ Անհրաժեշտության դեպքում նրանց տաք հագուստ, տաք սնունդ ենք տալիս»։

Վերջին մի քանի օրվա ընթացքում շուրջ 1500 ուկրաինահայ հատել է լեհ-ուկրաինական սահմանը․ սա միայն Լեհաստանի հայ համայնքի տվյալներով։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Պետրոսյանն ասում է՝ այդ թիվն ավելի մեծ է, քանի որ ոչ բոլորն են սահմանն անցնելուց հետո համայնքի հետ կապ հաստատում․

«Հայերը, անցնելուց հետո, հիմնականում հայտ են ներկայացնում դեսպանին՝ Հայաստան վերադարձի համար։ Իհարկե, կան նաև հայեր, որոնք մտածում են այլ եվրոպական երկրներ գնալու և այնտեղ հանձնվելու մասին, օրինակ, Գերմանիա, Բելգիա կամ ֆրանսիա։ Սա շատ լուրջ խնդիրներ է առաջացնում մեզ համար, չենք կարողանում ինքնությունը պարզել»,-պատմում է Արտյոմ Պետրոսյանը։

«Հայերի տեղափոխումը ավելի հեշտ կլիներ, եթե ուկրաինական կողմից ավելի համակարգված և կազմակերպված տարհանում լիներ»,-ասում է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչը։ Պատմում է՝ անցակետերում հերթերը մեծ են․ Ուկրաինայից դուրս եկողները ստիպված են երկար սպասել։

«Երեկվա դրությամբ սահմանին հերթը 21 կմ էր։ Մարդիկ սահմանին սպասում են մոտավորապես 1.5-2.5 օր։ Հիմա պայմանավորվել, հատուկ միջանցք ենք բացել՝ միայն հայերի համար, որ կարողանան հավաքվել մի տեղ և մի ուղղությամբ դուրս գալ»։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցի պահին էլ Արտյոմը սպասում էր ավտոբուսներին՝ հերթական անգամ դեպի լեհ-ուկրաինական սահման ուղեկցելու համար։ Հայ համայնքի ներկայացուցիչն ասում է՝ սահմանն անցնող հայերը հիմնականում փաստաթղթային խնդիրներ են ունենում, իրենք էլ հենց տեղում օգնում են խնդիրները լուծել։

Փաստաթղթային խնդիրները լուծվում են նաև ուկրաինական կողմում։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Արևմտյան Ուկրաինայում՝ Լվով քաղաքում, հատուկ կենտրոն է գործում, որտեղ դիմավորում են արևելքից եկող հայերին և ճանապարհում դեպի Ուկրաինային սահմանակից ԵՄ երկրներ։ Կիևի հայ համայնքի նախագահ, Արևելյան Ուկրաինայում Հայաստանի Պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանը պատմում է՝ օր-օրի մարդկանց տարհանումը դժվարանում է։

«Վառելիքի խնդիր կա Կիևում, քանի որ քաղաքը համարյա փակ է, դուրս գալը շատ դժվար է։ Շատ տեղերում, որտեղ ռազմական գործողություններ են, վտանգավոր է մարդկանց դուրս գալը, և մենք խորհուրդ ենք տալիս այդ մարդկանց մնալ տեղերում՝ հասկանալով, որ տեղում մնալն էլ ելք չէ, բայց նաև չենք կարող մեզ վրա պատասխանատվություն վերցնել և ասել՝ դուրս եկեք։ Եթե մարդիկ իրենց որոշմամբ դուրս են գալիս, մենք արդեն ուղեկցում ենք»,-ասում է Նորիկ Գևորգյանը և հավելում՝ մարտի 3-ի դրությամբ իրավիճակը լարված է հայաշատ Խարկով, Խերսոն քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաք Կիևում։ Նախորդ օրերի համեմատ, ըստ Գևորգյանի, ավելի հանգիստ է Օդեսայում։

«Ռադիոլուր»-ը կապ հաստատեց Խերսոն քաղաքի բնակիչ տիկին Աիդայի հետ, վերջինս ներողություն խնդրեց և ասաց, որ քաղաքային իշխանությունները հորդորել են հեռախոսային կապից չօգտվել՝ անվտանգության նկատառումներով։

Մարտի 2-ին Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանը ևս անդրադարձել է ուկրաինական հակամարտության գոտուց հայերի տեղահանության խնդրին։ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ոչ միայն Ուկրաինայում գտնվող հայերին, այլ նաև այլ փախստականների․

«Նաև բանակցել ենք ու պայմանավորվել արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից երկրների հետ՝ Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Մոլդովա, Հունգարիա. գիտեք, վստահաբար, որ Հունգարիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, բայց նաև պետք է ասեմ, որ, ի պատիվ իրենց, ամեն ինչ անում են, որ աջակցեն։ Այնտեղից, որտեղ ունենք դեսպանություններ, դիվանագետներ են գործուղվել Ուկրաինայի հետ սահմանամերձ քաղաքներ։ Դիվանագետները խնդիր ունեն հնարավորինս աջակցելու սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին, կազմակերպելու նրանց վերադարձը Հայաստան»,-ասել էր Արարատ Միրզոյանը։

Եվրոպայի հայ համայնքներում և Հայաստանում տվյալներ չունեն, թե այս պահի դրությամբ քանի հայ է Ուկրաինայից վերադարձել Հայաստան, մանրամասնում են՝ պատերազմական իրավիճակում նման վիճակագրություն վարելը շատ դժվար է։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակից միայն հայտնում են, որ մինչ այժմ Հայաստան վերադարձածներից ոչ ոք իրենց չի դիմել։

Back to top button