ԿարևորՀասարակություն

Արցախի մասին պատմող «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մրցանակ է ստացել Հնդկաստանում

Ֆրանսահայ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) արժանացել է Մահարաշտրայի կառավարության «Պրաբհատ» մրցանակի։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Ըստ հաղորդագրության` մրցանակը շնորհվել է լավագույն միջազգային ֆիլմի համար:
Հիշեցնենք, որ ֆիլմը Ֆրանսիայի (SISTER Productions), Հայաստանի (anEva Production) և Բելգիայի (Kwassa Films) համատեղ արտադրություն է:

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլի իրադարձությունները զարգանում են Արցախում։ Ֆիլմի հերոսը` ֆրանսիացի Ալենը, օդանավակայանների աուդիտոր է, որըժամանում է Արցախ` ուսումնասիրելու այնտեղ նոր կառուցված օդանավակայանը, տեսնելու` արդյոք այն համապատասխանում է միջազգային նորմերին։

Եվ Ալենը հետզհետե ճանաչում է Արցախը` մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նշված չէ, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով։ Երկիր, որը ինքնահռչակված է, թշնամի պետությունով շրջապատված. ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո (խոսքը Արցախյան Առաջին պատերազմի մասին է):

Գլխավոր կերպարները մարմնավորել են Դավիթ Հակոբյանը, Հայկ Բախրյանը, Արման Նավասարդյանը, Գրեգոար Քոլինը, Նարինե Գրիգորյանը, Վարդան Պետրոսյանը։

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մարտի 10-ին բարձրացավ հայկական էկրան: Պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում։ Կինոռեժիսորի խոսքով` ինքը փորձել է ոչ քաղաքական ֆիլմ նկարել, որը հենված է հավատի ու հույսի վրա։

Back to top button