
Գազաբենզալցակայանների գործունեությունը վերջին տարիներին վերահսկողության կենտրոնում է։ Անվտանգության պահանջների խախտումների պատճառով դրանց մի մասի աշխատանքը դադարեցվել է, մի մասն էլ պարտավորվել է վերացնելու արձանագրված թերությունները։ 2024 թվականի օգոստոսից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը հանրապետությունում բենզագազալցակայանների շահագործումը դադարեցնելու 317 որոշում է ընդունվել։ Ի՞նչ խախտումներ են արձանագրվել, բենզալցակայաններից քանի՞սն են ապամոնտաժվել, և քանի՞սը կրկին շահագործման թույլտվություն ստացել։
2024 թ․ օգոստոսից մինչև 2026 թ․ հուլիսի 1-ը հանրապետության ամբողջ տարածքում վերահսկողությամբ արձանագրված խախտումների հիմքով՝ բենզագազալցակայանների շահագործումը դադարեցնելու 317 որոշում է ընդունվել։ «Ռադիոլուր»-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։
Տեսչական մարմինը 2024-ի օգոստոսից հանրապետության ողջ տարածքում լայնածավալ ստուգումներ է կատարում գազաբենզալցակայաններում։
Մասնագետները գնահատում են, թե որքանով են պահպանվում հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջները։ Ստուգումներն անցկացվում են «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքների հիման վրա, քանի որ գազաբենզալցակայանները դասվում են արտադրական վտանգավոր օբյեկտների շարքին։
Տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ այս օբյեկտներն ամեն տարի պետք է փորձաքննություն անցնեն և դրական ելքի դեպքում միայն շարունակեն աշխատանքը․
«Քանի որ բենզալցակայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, ունեն ենթակառուցվածքներ՝ դիսպենսերներ, ռեզերվուարներ և այլն, պետք է պարտադիր ամենամյա փորձաքննություն անցնեն, ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում հաշվառված լինեն և ունենան շահագործման դրական եզրակացություն»։
Հարցին, թե արդյոք շահագործումը դադարեցրած արտադրական օբյեկտները վտանգավոր չեն հարակից տարածքների բնակչության համար, տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղարը այսպես է արձագանքում։
«Եթե ռեզերվուարները դատարկում և կոնսերվացնում են, ո՛չ։ Եթե դատարկված ռեզերվուար է, և մենք, օրինակ, չշահագործոլու որոշում են ընդունել, տնտեսվարողը պարտավորվում է սահմանված ժամկետում դատարկելու։ Վառելանյութը, չենք թողնում, երկար մնա ռեզերվուարներում․ կա՛մ իրենց միջոցներով են դատարկում, կա՛մ ունեցել ենք դեպքեր, երբ մենք ենք դատարկում»։
Ելենա Զոհրաբյանն ասում է՝ շահագործումը կասեցնելու ու ռեզերվուարները դատարկելուց հետո ևս տնտեսվարողը պարտավոր է կոնսերվացնելու վառելանյութը և հաշվառվելու ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում։
Տեսչական մարմնի տվյալներով՝ գործունեության դադարեցման հիմք դարձած հիմնական և ամենահաճախ արձանագրվող խախտումներն առնչվում են անվտանգության պահանջներին։ Մեջբերում կառույցի գրավոր պատասխանից․
«Բենզալցակայաններում հիմնական խախտումները կապված են անվտանգության պահանջները չպահպանելու հետ, օրինակ՝ շինություններից անհրաժեշտ հեռավորությունների խախտում, հրդեհաշիջման համակարգերի բացակայություն կամ անսարքություն, էլեկտրական սարքավորումների սխալ շահագործում և հակահրդեհային միջոցների անբավարար ապահովում»։
Վառելիքի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հետևում է նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, որը պարբերաբար հրապարակում է արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալներ։
Վերջին ստուգումներով, օրինակ, պարզվել է, որ տնտեսվարողներից մեկը չստուգաչափված չափիչ սարքավորում է շահագործում։ Խախտման հիմքով կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը մինչև թերությունների վերացումը։
Մեկ այլ ստուգմամբ հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է ավելի քան 2 մլն դրամի վարչական պատասխանատվության։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են՝ հանրապետությունում փաստացիորեն ապամոնտաժվել է 78 գազաբենզալցակայան, որոնցից 36-ը՝ Երևանում, 42-ը՝ մարզերում։
Տեսչական մարմնի որոշումներից 38–ը բողոքարկվել է դատարանում։ Միաժամանակ, հայտնաբերված խախտումները վերացնելուց և օբյեկտները սահմանված նորմերին համապատասխանեցնելուց հետո 99 գազաբենզալցակայանի շահագործումը կրկին թույլատրվել է։




