ԿարևորՀասարակություն

Կարևոր քայլ, որը կարժենա շուրջ 1 մլն եվրո․ մտնում ենք եվրոպական կրթական տարածք

937 000 եվրո ու երեք տարի, և հնարավոր է՝ Հայաստանն անի կարևոր մի քայլ՝ դեպի եվրոպական կրթական տարածք։ 6 երկրների կրթական ոլորտի 15 գործընկեր համախմբվել են SMARTI ծրագրի շուրջ, որն իրականացվում է  Եվրամիության ֆինանսավորմամբ։ Ի՞նչ է տալու այս ծրագիրը հայաստանյան կրթական համակարգին և ի՞նչ են տալու ծրագրին մեր երկրից մասնակցող բուհերը:

Հայաստանը կարող է անել ևս մեկ քայլ՝ դեպի եվրոպական կրթության տարածք։ Հոկտեմբերի սկզբին Գորիսի պետական համալսարանում կազմակերպվեց եռօրյա քննարկում, որի ընթացքում քննարկվեցին ու մշակվեցին SMARTI ծրագրի մանրամասները։ Էրազմուս + «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ։  Քննարկմանը մասնակցում էին 6 երկրի 13 բուհի և 2  կրթական կազմակերպության  մասնագետներ։  

Ծրագրի իրականացմանը նախորդել է երեք տարվա տքնաջանք աշխատանքը եվրոպացի և ռուս գործընկերների հետ։

Պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր և ծրագրի հայաստանյան համակարգող Թերեզա Խեչոյան․ «Հեշտ չեր այս ծրագիրը գրել, նաև շահել։ Միասին հեղինակեցինք այս ծրագիրը․ Ջերարդ Քալենը՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից , Օլգա Սաֆոնկինան՝ Սարանսկի Օգարյովի անվան համալսարանից»։ 

SMARTI ծրագիրն աջակցություն է անգլերենով դասավանդմանը՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով։

Գորիսի պետական համալսարանում եռօրյա հիբրիդային աշխատաժողովին ու վերապատրաստմանը մասնակցում էին ծրագրի եվրոպայի և ռուս գործընկերներները։ Սա նրանց առաջին հանդիպումն էր ծրագրի մեկնարկից ի վեր։

Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ և ծրագրի  եվրոպական բուհերի համակարգող Ջերարդ Քալեն․ «Մի քանի հեռավար հանդիպում-քննարկումից հետո վերջապես առաջին դեմ առ դեմ հանդիպում էր։ Մենք կարող ենք քննարկել ու ստեղծել պայմաններ, որ մասնագետները վերապատրաստվեն և անգլերենով դասավանդելու խնդիր չունենան։ Սա կօգնի, որ Հայաստանի մասնագետները կարողանան ազատ դասավանդել, օրինակ, Գերմանիայում, Ռուսաստանում  և հակառակը»։

Համագործակցող բուհերը 9-ն են․ դրանք Արևելյան գործընկերության երկրներից են, Ռուսաստանից, Հայաստանից։

Ծրագրի հայաստանյան համակարգող Թերեզա Խեչոյանի խոսքով՝ պատրաստվելու են անգլերենի դասավանդման 9 մոդուլներ․ «Գործընկեր յուրաքանչյուր բուհ արդեն ներկայացրել է, թե որ կրթական ծրագիրն է անգլերենով դասավանդելու, որից հետո այն պետք է հավատարմագրվի։ Ի վերջո կկարղանանք մեր բուհերը միջազգայնացնել, որպեսզի գրավենք մեր տեղը համաշխարհային կրթական շուկայում, արտասահմանցի ուսանողներ ընդունենք մեզ մոտ, մեր դասախոսները գնան, նրանք գան։ Դրանով մեր բուհերն ու երկիրն ավելի ճանաչելի դկարձնենք»։  

Ծրագրի գործընկերներից է Շիրակի պետական համալսարանը։ Բուհի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար Հովիկ Մելքոնյանը կարծում է, որ ծրագիրը կնպաստի համալսարանների կարողությունների զարգացմանը նաև նյութատեխնիկական բազայով․ «SMARTI ծրագրով նախատեսված են այնպիսի գույք, այնպիսի սարքավորումներ, որոնք հնարավորություն կտա հիմնելու լեզվի կենտրոն»։

Ծրագրի շրջանակում ստեղծվող լեզվի կենտրոններում վերապատրաստված դասախոսների համար աշխատանքը եվրոպական կրթական տարածքում ավելի հասանելի կդառնա․

«Քանի որ կնպաստի նաև դասախոսների շարժունությանը, դա կարող է խթան հանդիսանալ մյուս կրթական ծրագրերի համար, որպեսզի իրենք էլ փորձեն իրենց կրթական ծրագրերն անգլերեն լեզվով դասավանդել և աշխարհին ավելի հասանելի դառնալ։ Ընդհանրապես, աշխարհում բուհերը գնում են միջազգայնացման։ Եթե մենք ուզում ենք Հայաստանը զարգացնել, սա անհրաժեշտություն է։ Մեր եվրոպական գործընկեր բուհերը նույնպես ունեն միջազգայնացման խնդիր»։

SMARTI–ի շրջանակում կրթական միասնական տարածքում անգլերենով դասավանդելու մասնագիտական վերապատրաստման առաջին հասցեն Պորտուգալիան է։ Ծրագրի տևողությունը 3 տարի է։ Նախատեսվում է, որ ավարտին ծրագրին մասնակից բուհերը կունենան տեխնիկապես զինված լեզվի կենտրոններ, նախընտրած առարկաները անգլերենով դասավանդող մասնագետներ, կլինեն նաև  դասախոսների ու ուսանողների շարժունության նոր հանրավորություններ։ 

Back to top button