ԿարևորՀասարակություն

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը․ Փաշինյան

Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր` մեր երկրի տնտեսության մեջ, Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացման ժամանակ իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը:

«2019 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2.0 մլրդ դոլարի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը նաև առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով և բացառիկ դերակատարում ունի մեր երկրի ենթակառույցների զարգացման գործում:

«Վերջերս կատարված ներդրումներից հարկ է մասնավորապես առանձնացնել համավարակի դեմ պայքարի պայմաններում մեր երկրի համար հատկապես կարևոր «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման նպատակով տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը»:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա տնտեսական համագործակցության մակարդակը համապատասխանում է դաշնակցային հարաբերությունների բնույթից բխող պահանջներին, սակայն դա բնավ չի ենթադրում ստատիկ իրավիճակի ամրագրում, հակառակը՝ պահանջում է մշտական աշխատանք, զարգացում և կատարելագործում:

«Աշխարհը սրընթաց կերպով փոխվում է, և մեր հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ փոփոխությունների արդյունքում ծնված պահանջներին: Մեզ անհրաժեշտ է կատարելագործել մեր տնտեսական հարաբերություններն այնպես, որ դրանք նպաստեն մեր երկրներում մրցունակ տնտեսությունների զարգացմանը: Ասվածի համատեքստում կարևոր ենք համարում մեր տնտեսությունների հետագա մերձեցումն ու փոխադարձ ինտեգրումը, որը պետք է հիմնված լինի ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի վրա: Եվրասիական տնտեսական միությունը իր հերթին ծառայում է այդ ռազմավարական նպատակին, և մենք շահագրգռված ենք ամրապնդելու այդ կառույցը և կատարելագործելու նրա ինստիտուտները: Ակնհայտ է նաև մեր տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի հրամայականը»,- ասել է Փաշինյանը:

Հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկել է ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը։

Միջոցառումը կազմակերպել են Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Լիագումար նիստին կմասնակցեն Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Ֆորումի շրջանակներում կկայանա նաև Ռուսաստանի արտահանման կենտրոնի գործարար առաքելությունը` մոտ 100-150 ձեռներեցների մասնակցությամբ:

Ֆորումի հարթակում տնտեսության, արդյունաբերության, կրթության և մշակութային և պատմական զբոսաշրջության բնագավառում ռուս-հայկական համագործակցության զարգացման վերաբերյալ կլոր սեղանների շարք կանցկացվի:

Զուգահեռ նիստերին հրավիրված են մասնակցելու Ռուսաստանի և Հայաստանի մարզերի ղեկավարներ, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական միության, գործադիր և օրենսդիր մարմինների, հասարակական կազմակերպությունների, գործարար և փորձագիտական ​​համայնքների ներկայացուցիչներ:

Back to top button