Աջակցության ծրագիր՝ արտերկրից վտարվածների և Հայաստան վերադարձածների համար


Միգրացիոն ծառայությունը Հայաստանի՝ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում շարունակում է համագործակցությունը Եվրամիության երկրների հետ՝ արտերկրում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Ծառայությունից հայտնում են՝ չնայած նախորդ տարի համավարակով պայմանավորված սահմանափակումները վիճակագրական պատկերը մի փոքր փոխել են, սակայն հիմնական միտումները պահպանվում են։ 2017թ–ից սկսած Եվրամիության երկրները խստացնում են իրենց միգրացիոն քաղաքականությունը, ինչի հետևանքով ավելացել են եվրոպական երկրներից ստացվող հետընդունման հայտերը։ Միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը նշում է՝ շատ կարևոր է, որ մարդիկ արտագաղթելուց առաջ իմանան, թե ինչ կարող է պատահել իրենց հետ և, որ ավելի կարևոր է՝ հարկադիր վերադարձը կազմակերպելուց բացի, պետք է նպաստել նաև նրանց վերաինտեգրմանը։ Այս նպատակող 2020թ մարտից Միգրացիոն ծառայությունը վերաինտեգրման առաջնային աջակցության պետական ծրագիր է իրականացնում։ Ծրագրի մանրամասները՝ հարցազրույցում։
Տիկի՛ն Չոբանյան, Հայաստանը միջազգային պայմանագրերի շրջանակում ի՞նչ պարտավորություններ ունի միգրանտների վերադարձի գործընթացում։ Վերջին տարիներին այլ երկրներում ապօրինի գտնվող անձանց վերադարձի վիճակագրական միտումներն ինչպիսի՞նն են։
Հայաստանը միջազգային պայմանագրերի շրջանակում իրականացնում է իր պարտավորությունները՝ համաձայն մի քանի համաձայնագրերի։ Իրականացվում է անձանց նույնականացում, այսինքն, օտար երկրներում անկանոն կարգավիճակով գտնվող անձանց նույնականացման գործընթացն է ապահովվում։
2017թ–ից հիմնական միտումները բավականին փոխվեցին, և սկսեցինք շատ մեծ թվով հետընդունման (ռեադմիսիոն) հայտեր ստանալ եվրամիության երկրներից։ Սա նախ և առաջ պայմանավորված էր Եվրամիության միգրացիոն ճգնաժամով․ մեծ թվով ապօրինի միգրանտներ սկսեցին մուտք գործել եվրոպական երկրներ, և արդյունքում խստացվեց եվրոպական երկրների միգրացիոն քաղաքականությունը, սկսեցին շատ արագ ազատվել իրենց երկրներում գտնվող անկանոն միգրանտներից, և սրանով պայմանավորված՝ մեր վիճակագրական թվերը աճեցին։
Պատկերը՝ թվերով, ինչպիսի՞նն է։
2020թ ստացել ենք 725 հետընդունման հայցեր։ Հայտերը ստացվել են ԵՄ 11 երկրներից՝ Ավստրիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից և այլն, նաև Ռուսաստանի Դաշնությունից։ 725 հայտերը վերաբերում են1281 անձանց, այսինքն, մի հայցի մեջ կարող են լինել մի քանի անձի, օրինակ՝ մի ընտանիքի մի քանի անդամի հայցեր։ Հայցեր բավական մեծ տոկոս են կազմում դրական պատասխանները․ շուրջ 80 տոկոս և ավելի դեպքերում ՀՀ քաղաքացիությունը հաստատվում է։ Սա լավ ցուցանիշ է։ Պետք է նշեմ, որ այս առումով եվրոպական կողմը բարձր է գնահատում ՀՀ համագործակցությունը։ Սա նաև շատ կարևոր նախադրյալ է՝ հետագայում վիզաների ազատականացման գործընթացի համար։ Գիտեք, որ վիզաների ազատականացումը մեր առաջնահերթություններից է, մենք հիմա ունենք դյուրացման համաձայնագիրը, և բավականին շատ ջանքեր ենք գործադրում, որ սկսենք վիզաների ազատականացման գործընթացը։ Դրա արդյունքում մեր քաղաքացիների համար կունենանք առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն։
Իսկ ինչպիսի՞նն է այս տարվա վիճակագրությունը։ Հիմնականում ո՞ր երկրներից են ստացվում վերադարձի հայտեր։
Պատկերը կիսամյակային է։ 6 ամսում 407 հայտ ենք ստացել՝ 687 անձանց մասին, այս անգամ արդեն ԵՄ 8 երկրներից և ՌԴ-ից։ Հայտերի 86 տոկոսի դեպքում ՀՀ քաղաքացիությունը հաստատվել է․ կարծում եմ, որ թիվը կկրկնապատկվի և կունենանք շուրջ 1000 հայտ։
Հայցադիմումներ ուղարկող հիմնական երկիրը Գերմանիան է։ Անցյալ տարի ստացել ենք 462 հայց՝ 850 անձանց վերաբերյալ։ Այս տարվա 6 ամսում ստացել ենք 263 հայց 470 անձի վերաբերյալ։ Գերմանիան մի քանի տարի շարունակ առաջատար երկրներից է հայտերի քանակով, և դա պայմանավորված է Գերմանիայի միգրացիոն քաղաքականությամբ ու խնդիրներով։ Գերմանիայից հետո երկրորդ տեղում Ֆրանսիան է, հետո Ավստրիան, Նիդերլանդները։
Տիկի՛ն Չոբանյան, Միգրացիոն ծառայությունը ՀՀ քաղաքացիների վերադարձից բացի՝ կարևորում է նաև նրանց վերաինտեգրումը։ Ծառայությունն իրականացնում է վերաինտեգրման առաջնային աջակցության պետական ծրագիր, կմանրամասնե՞ք՝ ովքե՞ր են շահառւները, ի՞նչ աջակցության մասին է խոսքը։
Անցյալ տարի մենք մշակեցինք և Կառավարություն ներկայացրինք Հայաստան վերադարձողների, այդ թվում՝ հարկադիր վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման առաջնային աջակցության պետական ծրագիրը, որն ընդունվեց։ Ի՞նչ է սա իրենից ներկայացնում։ Ծրագիրը երկու բաղադրիչ ունի։ Առաջինը՝ տեղեկատվական աջակցությունն է։ Մասնավորապես, նրանք, ովքեր երկար ժամանակով են բացակայել, վերադառնալուց հետո կարող են ունենալ, օրինակ, փաստաթղթային խնդիրներ։ Եվ ցանկացած վերադարձող՝, լինի կամավոր, թե հարկադիր, կարող է դիմել մեզ, և մենք համապատասխան տեղեկատվական աջակցություն կտրամադրենք։
Երկրորդ բաղադրիչը վերաբերում է բնակվարձի փոխհատուցման տրամադրմանը։ Նրանք, ովքեր չունեն սեփական տանիք, կարող են ժամանակավորապես օգտվել ծրագրից, մինչև կկարողանան, օրինակ, աշխատանք գտնել։ Ծրագիրը ենթադրում է 6 ամսվա բնակվարձի փոխհատուցում՝ ամսական 60000 դրամի չափով։ Ծրագրի շահառու կարող են լինել նրանք, ովքեր առնվազն 1 տարի բնակվել են արտերկրում, վերադարձից առավելագույնը 3 ամսվա ընթացքում դիմել են ծրագրին և արտաքսվել կամ վտարվել են օտարերկրյա պետություններից։
2020թ․–ին նախատեսված էր, որ ծրագրից կօգտվի 38 շահառու, սակայն աջակցություն ստացել են 17 շահառուներ։ Նրանք հիմնականում վերադարձել էին Շվեդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից և Թուրքիայից։
Արդեն այս տարի, երբ պետք է Կառավարությունն ընդուներ այս ծրագիրը հաստատող որոշումը, մենք լրամշակումներ իրականացրինք և սահմանեցինք, որ ծրագրից կարող են օգտվել կամավոր վերադարձողները, սակայն որոշակի սահմանափակումներով։ Ծրագրի շահառու կարող են լինել այն կամավոր վերադարձողները, որոնք ունեն բազմազավակ ընտանիքներ, կամ ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող անձ։ Այս տարի, հունվարից մինչև օգոստոս, մենք ունեցել ենք15 շահառու,41 անձ փոխհատուցում է ստացել։
Հ․Գ․ Շատ կարևոր է, որ մարդիկ արտագաղթելու որոշումը գիտակցաբար կայացնեն։ Դա առաջին հերթին նշանակում է լինել տեղեկացված և իրատես․ օտար երկրին «հանձնվելը» կամ ապաստան խնդրելը դեռևս լուծում չէ։