Ժամանակի վկան

Խոնարհությունն ու ընկերասիրությունը Սամվել Կարապետյանի ամենաբնութագրական արժանիքներն էին. «Ժամանակի վկան»

Արցախյան առաջին ազատամարտի նվիրյալ ազատամարտիկ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր Սամվել Կարապետյանը այս տարի կդառնար 55 տարեկան։
Այս հաղորդաժամին նրա մասին հուշեր կպատմեն համագյուղացի մարտական ընկերները՝ Սարգիս Կարապետյանը և Տիգրան Քոչարյանը։ 

Սամվել Ռոմիկի Կարապետյանը ծնվել է 1966 թ․ հուլիսի 4-ին Արագածոտնի մարզի նախկինում՝ Արեգ, այժմ՝ Թաթուլ գյուղում։

1983 թ․ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա կրթությունը շարունակել Թալինի թիվ 76 պրոֆտեխնիկական ուսումնարանում։

1984-86 թթ․ ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել հայրենի գյուղի կոլտնտեսությունում։

Սամվելն առաջիններից էր, որ անդամագրվեց Արցախյան շարժմանը և կամավորագրվեց։ 1990 թվականից զենքը ձեռքին մասնակցել է Գետաշենի և Բերդաձորի պաշտպանական մարտերին։ Բերդաձորում նրան գերել են ռուսական բանակայիններն ու ադրբեջանական օմօնականները,  և շուրջ մեկ ամիս բանտարկվել է Շուշիի բանտում։

1992 թ․ մասնակցել է Շահումյանի և Մարտակերտի շրջանների  ինքնապաշտպանական մարտերին։

1992 թվականից լինելով ՀՅԴ անդամ, սկզբում որպես կամավոր զինվոր՝  ՀՅԴ կանոնավոր ջոկատի կազմում, ապա՝ որպես հրամանատար, շարունակել է հայրենիքի սահմանների պաշտպանության գործը։

Մասնակցել է Շուշիի ազատագրման մարտերին։

1993 թ․ Սամվելը վերջին անգամ մեկնեց Արցախ։ Նրա ջոկատը, որը կազմված էր համագյուղացիներից, մասնակցեց Մանիքլու գյուղի բարձունքների ազատագրման մարտերին և անկորուստ ազատագրեց բարձունքը։

1993 թ․ մարտի 6-ին Սամվել Կարապետյանը մահացու վիրավորվեց։ Խոնարհ մարտիկին ամփոփեցին հայրենի Թաթուլ գյուղի գերեզմանատանը, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կողքին։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Սամվել Կարապետյանը հետմահու պարգևատրվել է․

ԼՂՀ գերագույն խորհրդի նախագահության 1994 թ․ՆՀ-4 որոշմամբ՝ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով,

ԼՂՀ գերագույն խորհրդի նախագահության 1994 թ․ մայիսի 6-ի թիվ-0334-1 որոշմամբ՝ «Շուշիի ազատագրման համար» մեդալով,

2014 թ․ ՀՀ նախագահի հրամանով՝ Արիության մեդալով։

Ցուցադրել ավելի
Back to top button