ԿարևորՄշակույթ

Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազն» ընդգրկվել է Կատալոնիայի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը շարունակում է հաջողություններ գրանցել։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ ժապավենն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima’t՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021թ․ հոկտեմբերի 7-ից-17-ը Սիտխես քաղաքում:

«Ուրախալի է այն փաստը, որ Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ եւ սարսափ ժանրի ֆիլմերի Սիտխես կինոփառատոնը որակել է որպես «Կվալիֆիկացված կինոփառատոն»: Դա նշանակում է, որ այն կարճամետրաժ կինոնկարները, որոնք հաղթելու են «Fantàstic Selection» պաշտոնական մրցույթում «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» եւ «Anima’t» կատեգորիայում` «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում, ուշադրության են արժանանալու «Օսկար» մրցանակաբաշխության կոմիտեի կողմից:

Սա արդեն «Օսկարի» որակավորում ունեցող երկրորդ կինոփառատոնն է, որին մասնակցում է «Կաֆկայի երազը»:

Մյուս կարեւոր նորությունն այն է, որ ֆիլմն ընդգրկվել է իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, վիդեոխաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market» 13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021թ․-ի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 3-ը:

Կինոշուկային մասնակցելու համար ընտրված 100 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը հասանելի կլինեն գրանցված պրոֆեսիոնալ մասնագետների, կարճամետրաժ ֆիլմերի դիստրիբյուտորների, գնորդների եւ ծրագրավորողների համար ստեղծված Festhome.tv հատուկ թվային հարթակում: Բացի այդ՝ այս միջազգային հավաքածուն կընդգրկվի կատալոգում, որտեղ կնշվի ֆիլմերի մասին հիմնական տեղեկատվություն՝ սինոփսիս, լուսանկարներ, կոնտակտային տվյալներ»,- ասված է կինոկենտրոնի հաղորդագրության մեջ։

Back to top button