
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ավտոբուսային խոսակցությունն ունի ապացուցողական նշանակություն և փաստում է, որ հայ գերիներն Ադրբեջանում պահվում են միտումնավոր՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ օկուպացված Շուշիից հրապարակված տեսանյութերից մեկին։
Ավտոբուսով ուղևորության ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները խոսում են հայ ռազմագերիների վերադարձի և ականապատված տարածքների քարտեզների մասին։ Ալիևը կարևորում է այդ քարտեզների տրամադրումը, իսկ Էրդողանի տիկնոջ հարցին, թե արդյոք հայ ռազմագերիներ կան ադրբեջանական կողմում, վստահ ու հաստատական պատասխան է տալիս։
Սա ապացուցում է, որ հայ ռազմագերիները փաստացի պատանդներ են, որոնք Ադրբեջանում պահվում են քաղաքական պահանջների դիմաց, և բացահայտված պահանջներից մեկը քարտեզներն են՝ ասել է Սիրանուշ Սահակյանը և հավելել է, որ չի կարծում, թե քարտեզների պահանջը միակն է ադրբեջանական կողմից։




