ԿարևորՀասարակություն

Քննարկվում է ԵՊՀ-ին պատկանող տարածքի հատվածը օտարելու հարցը

Մեկ շաբաթ առաջ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ, ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը լսեց, որ ԵՊՀ–ի մի հատվածը պատրաստվում են օտարել՝ վաճառել։ Խոսքը Աբովյան 52 հասցեում գտնվող մասնաճյուղի՝ Սև շենքի հարակից ավտոկայանատեղիի մասին է․

«Տեղեկությունը պաշտոնական դարձնելու համար հարցումով դիմեցինք պետական գույքի կառավարման կոմիտե։ Շատ որոշակի հարցեր տվեցի՝ ճիշտ է, թե սխալ է, իրենք էլ սկզբունքորեն շատ որոշակի պատասխանեցին, որ՝ այո, քննարկվում է»։

Հեքիմյանին հետաքրքրել էր՝ ի՞նչ կարգավիճակ ունի նշված ավտոկայանատեղին, ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, թե պետական գույքի կառավարման կոմիտեն պատրաստվում է օտարել տարածքը։

Հարցմանն ի պատասխան կոմիտեից նշել էին, որ այն  հանդիսանում է պետական սեփականություն և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին։ Տեղեկացրել էին, որ առկա է համապատասխան ներդրումային ծրագրի համաձայն նշված գույքը ձեռք բերելու առաջարկ, և գույքն օտարման ներկայացնելու հարցը շահագրգիռ մարմինների հետ քննարկման փուլում։

Հեքիմյանը նշում է՝ ցանկացած գնման առաջարկի դեպքում քննարկում իրականացվում է, դա ընդունված ընթացակարգ է, սակայն այս դեպքում որոշում կայացնելու համար պետք է ևս երկու մարմնի համաձայնություն․

«Այստեղ երկու խնդիր կաառաջինը՝ համալսարանի համաձայնության խնդիրը։ Իմ տեղեկություններով համալսարանը դեմ է դրան, երկրորդը ԿԳՄՍ նախարարության համաձայնությունն է, իմ տեղեկություններով՝ իրենք էլ են դեմ։ Պետք է հիշենք, որ նախարարը Դումանյան Վահրամն է, որը իր էությամբ համալսարանական է, ու ինքը, ես իրոք վստահ եմ, որ դեմ է։ Ես վստահ եմ՝ Համալսարանը նույնպես։ Բայց բան չունեմ ասելու, կարան դնեն կառավարության նիստի, քվեարկեն, թող Դումանյան Վահրամը դեմ քննարկի»։

Կարևոր է նաև գործընթացը քննարկելու ժամանակը։ ԵՊՀ–ում այժմ ճգնաժամային շրջան է, և հստակ չէ «ԵՊՀ–ն դեմ կլինի» արտահայտությունն օգտագործելիս ու՞մ նկատի ունենք․

–ԵՊՀ ասելով՝ մենք նկատի ունենք հոգաբարձուների խորհուրդը, իսկ հոգաբարձուների խորհուրդը հիմա․․․
–Լրիվ Ձեզ հասկանում եմ, ոչ միայն հոգաբարձուների խորհուրդ, այլև ռեկտոր, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար գոյություն չունի։ Բայց ինչ–որ մի բան կա, ենթադրենք ինչ–որ կնիք կա․․․
–Ո՞վ պիտի դնի։
–Շատ դժվար հարց եք տալիս․․․

Փորձեցինք թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ պետական գույքի կառավարման կոմիտեից, պարզել՝ ի՞նչ ներդրումային ծրագրի մասին է խոսքը, ո՞վ է ցանկանում ձեռք բերել պետական սեփականություն հանդիսացող տարածքը։ Հերիքյանի հարցմանը պատասխանող Ալբերտ Գասպարյանը լսեց հարցադրումը, սակայն պատասխան այդպես էլ չստացանք։

Կարեն Հերիքյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նշեց, որ  իր տվյալներով՝ տարածքով հետաքրքրվողը ավտոկայանատեղիի հարևան՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրենի որդին է։ Ասում է՝ հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու են ԵՊՀ ցանկացած հատվածի վաճառքը կանխելու համար։

Back to top button