ԿարևորՔաղաքական

ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը։

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք Օսմանյան կայսրության օրոք Հայոց ցեղասպանության զոհերին և հանձն առնում կանխելու նման վայրագությունները: 1915-ի ապրիլի 24-ից Օսմանյան կայսրության ղեկավարությունը սկսեց Կոստանդնուպոլսի համայնքային ղեկավարների ու մտավորականների ձերբակալությունները: 1.5 մլն հայեր տեղահան արվեցին ու սպանվեցին: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, որպեսզի այդ սարսափները չկորսվեն պատմության մեջ: Մենք հիշում ենք այնպես, որ մշտապես զգոն լինենք ատելության քայքայիչ ազդեցության դեմ՝ իր բոլոր ձևերով:

Ողջ մնացածներին ստիպել են տուն ստեղծել և նոր կյանք սկսել աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Հայ ժողովուրդն ուժով ու տոկունությամբ գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները բազմաթիվ ձևերով հարստացրել են Միացյալ Նահանգները, սակայն նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որը նրանց նախնիներից շատերին բերեց մեր երկիր: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ հաստատելու այն, որ տեղի ունեցածը երբեք չի կրկնվի:

Այսօր, երբ մենք սգում ենք կորստի համար, եկեք մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից չաղտոտված աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ ունակ են արժանապատիվ և անվտանգ կյանք ապրել: Եկեք նորոգենք մեր ընդհանուր վճռականությունը՝ կանխելու ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած հատվածում: Եկեք հետևենք ապաքինմանը և հաշտեցմանը աշխարհի բոլոր մարդկանց համար:

Ամերիկացիները հարգում են բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են 106 տարի առաջ այս օրը սկսված ցեղասպանության մեջ»,-ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում:

Նախագահ Բայդենը, այսպիսով, կատարեց իր նախընտրական խոստումը և դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Կարդացեք նաև
Close
Back to top button