ԿարևորՀասարակություն

Հայ ռազմագերիների հարցը՝ Եվրախորհրդարանում․ հայկական կողմը կարծր դիրքորոշում է ակնկալում

Եվրոպական խորհրդարանում հայ ռազմագերիների վերադարձին վերաբերող այսօրվա քննարկումը կազմակերպվել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ։ Թեև քննարկումը հաջորդում է գերիների վերադաձի վերջին  ձախողված փորձին, բայց դրա հետ փոխկապակցված չէ և ավելի վաղ էր ծրագրվել՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը։

«Այդ դատարկ օդանավի դեպքը, որն անցյալ շաբաթ կատարվեց, մի անգամ ևս փաստում է, որ գործ ունենք այնպիսի պետության հետ, որն ընդհանրապես չի հարգում իրավունքի միջազգային նորմերը, մարդու իրավունքները։ Նաև այդ նպատակով ենք կարևորում կոնֆերանսը, որ եվրոպացի հանրության մեջ վերահաստատենք հայ ռազմագերիների հարցի կարևորությունը և նրանց ազատագրելու ուղիներ գտնենք»,- ասում է Շիրինյանը։

Նոյեմբերի  10–ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսվում էր ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։ Փաստաթղթի ստորագրումից կես տարի անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին՝ հարցը լուծված համարելով։

Այսօր «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով  գերիների հարցին, նշել է, որ դրանով շարունակելու է զբաղվել անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

«Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առջանահերթ խնդիրներից է։ Գերիների մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց։ Գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարց է», ,-ասել է Կոպիրկինը։

Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրախորհրդարանի քննարկման նպատակները երկուսն են՝ ասում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը։  Առաջինն իրավական է․ ներկայացվելու և հիմնավորվելու է այն հանգամանքը, որ հայ ռազմագերիների կարգավիճակը համապատասխանում է 1949թ․ Ժնևյան կոնվենցիայով սահմանված ռազմագերի հասկացությանը։ Երկրորդ նպատակը քաղաքական է․

«Քաղաքական դիտանկյունից այս անգամ կսպասենք, որ որպես այս նախաձեռնության արդյունք մոտ ապագայում Եվրոխորհրդարանից, ինչպես նաև ընդհանրապես Եվրամիությունից կարծր դատապարտում և կառույցի կողմից գործնական քայլերի նախաձեռնում, որով կապահովվի բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակումը՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից ռազմագերիների նկատմամբ իրականացվող հակամարդկային վերաբերմունքը»,-պարզաբանում է Շիրինյանը։

Հարութ Շիրինյանը գործընթացում դրական տեղաշարժ նկատում է։ Հոլանդիա, Սլովակիա, Լատվիա, Չեխիա, Բելգիա, սրանք այն պետություններն են, որոնց խորհրդարանները պաշտոնապես դիմել են իրենց կառավարություններին՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և ռազմագերիների վերադարձը կազմակերպելու նպատակով։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներ են, այլև սպանության մեղադրանքով դատապարտված ադրբեջանցիներ։

Back to top button