ԿարևորՀասարակություն

Երեք մարզում ԵՄ-ն կզարգացնի համայնքային կարողությունները

Անել ամեն ինչ, որ Հայաստան վերադարձած միգրանտը չմեկնի երկրից։ Կարևոր նախապայմանը, թերևս, աշխատանք ունենալն է։ Շիրակում, Տավուշում և Լոռիում առաջիկա չորս տարում միգրանտներին  աշխատանքով ապահովելու խնդիրը կլուծի «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագիրը: Այն ֆինանսավորում է Եվրամիությունը. 14.6 մլն եվրո բյուջեով 4-ամյա LEAD ծրագիրը բաղկացած է երեք ենթածրագրից։

Միգրացիայի համար 2020 թվականը բացառիկ տարի է եղել. Հայաստան ավելի շատ եկել են, քան գնացել: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի դիտարկմամբ՝  համավարակի պատճառով օդային սահմանները փակվելուց հետո դժվար է ասել՝ միգրանտների որ մասն է մնացել Հայաստանում, որը՝ գնացել։

Հայաստանից հիմնականում  մեկնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Չգնացողներից նրանք, ովքեր կմնան  Հայաստանի 3 հյուսիսային մարզերում՝  Տավուշում, Լոռիում և Շիրակում, կարող են համաֆինանսավորմամբ բիզնես հիմնել:

Դրա համար ԵՄ-ից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագիրը նախատեսում է չորս տարում ծախսել 14.6 մլն եվրո։ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ ծրագրի բաղադրիչներից մեկը աշխատանքային ու վերադարձող միգրանտներին ֆինանսական աջակցություն տրամադրելն է.

«Ծրագրին կարող են դիմել  աշխատանքային ու վերադարձող միգրատները, եթե ցանկանում են երկրում բիզնես սկսել։ Երկուսից մինչև  տասը հազար եվրո  գումար կտրամադրվի։ Եթե միգրանտը ունի չորս հազար եվրո , սակայն, նրան անհրաժեշտ է  ութ հազար եվրո, ապա նրան կտրամադրվի դրամաշնորհ։ Միգրանտին հնարավորություն կտրվի նաև մատչելի տոկոսներով վարկեր վերցնել»։

«Ոլորտնային սահմանափակումներ կան»,-ասում է  Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Կարել  Հոֆստրան. զենքի վաճառքին կամ վիճակախաղերի բիզնեսին չեն աջակցի, մնացած բոլոր ոլորտներին կաջակցեն.

«Մենք խրախուսում ենք ներդրումները միգրատների կողմից։ Ծրագրից կարող է մոտ  150 հոգի օգտվել։ մեր բաղադրիչն ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքը»:

Մի քանի ենթաբաղադրիչով այս ծրագրով նախատեսվում է  Հայաստանի հյուսիսում՝ Տավուշում, Շիրակում և Լոռիում, առաջիկա տարիներին առնվազն 250 նոր աշխատատեղ բացել,  աջակցություն կստանա ավելի քան 225 համայնքային զարգացման նախաձեռնություն, 160 գյուղական բիզնես և միգրանտների 150 բիզնես-նախաձեռնություն:

Առնվազն 500 շահառու կմասնակցի սեփական գործ սկսելու և բիզնեսի կառավարման դասընթացների: Երեք մարզերն էլ միգրացիայի ու աղքատության  բարձր մակարդակ ունեն։  Միավորված ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար  ՄիհաելաՍտոյկոսկան «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ կաշխատեն,   կմոբիլիզացնեն համայնքների բնակիչության կարողությունները

«Մենք երկու մարզում՝ Լոռիում և Տավուշում  համայնքների բնակիչների կարողությունները կմոբիլիզացնենք, կհիմնենք հինգ տեղական ակտիվ խմբեր, նաև կզարգացնեն համայնքների ղեկավարների կարողությունները։ Մենք նաև  մոտ 150 աշխատատեղ կստեղծենք։   

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը երկու մարզում  կզարգացնեն գյուղական տարածքները։ Ծրագրի ղեկավար Վարդան Բարսեղյանը  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ իրենք գյուղատնտեսության, սննդի ու գյուղական զարգացման փորձը կփոխանցեն,  խորհրդատվություն կտրամադրեն:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը  նշում է, որ սա մարդկային ռեսուրսի աջակցման ծրագիր է։ Դրանով  նախատեսվում է նաև ռազմավարական փաստաթղթերի մշակում։ Մարզպետը կարևորում է նաև ծրագրի միգրացիոն բաղադրիչը.

«Մեր կողմից իրականացվող ծրագրերը ավելի շատ են,քան մեր ուենցած մարդկային  ռեսուրսը, ես նկատի ունեմ նաև մասնագիտական առումով։ Հատկապես գյուղատնտեսության մասին խոսելիս չպետք է մոռանանք նաև  ձեռներեցության մասին։ Սա կարևոր է»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լիահույս է, որ  աշխատանքը և զբաղվածությունը կբարելավեն կյանքը  գյուղական բնակավայրերում: Մարզերում ապրողները  կկարողանան զբաղվել բիզնեսով: Ես անձամբ, հանձն եմ առնում ամեն ինչ անել այս ծրագրի հաջողության համար, ասում է նախարարը։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանըն խորհրդանշական է համարում, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի մեկնարկը տրվում է համաձայնագրի՝ պաշտոնապես ուժի մեջ մտնելուն զուգահեռ:

Back to top button