ԿարևորՄիջազգային

Գախարիայի հրաժարական․ արտահերթ ընտրությունների պահանջը նոր թափ է ստանում

Վրաստանի վարչապետի հրաժարականն էլ ավելի է խորացնում ներքաղաքական ճգնաժամը` «Ռադիոլուրին» ասում են  փորձագետները՝ նշելով, որ այս ամենը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով մշտական ցույցերի։

Օրեր շարունակ Վրաստանի ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցը երկրի թերևս ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի շուրջ ծավալվող գործընթացներն են։

2019 թվականից ի վեր ընթացող քրեական գործի շրջանակներում մեղադրվող ընդդիմադիր գործչին խորհրդարանը զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, դատարանն էլ կալանավորելու որոշում կայացրեց։

Այսօր առավոտյան վարչապետի պաշտոնից հրաժարական տալով՝ Գիորգի Գախարիան նշեց, որ իր քայլը կապված է հենց Մելիայի հանդեպ դատարանի որոշման հետ, քանի որ «Իշխող Վրացական երազանք»-ում այս հարցի շուրջ համաձայնության չեն հասել:

«Ես ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրի քաղաքականության մեջ, քանի որ ես համոզված եմ, որ մեր միջև բևեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն են մեր երկրի տնտեսական զարգացման ապագայի և բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին», — ասաց Գախարիան։

Այսօր Վրաստանի կառավարության թերևս ամենամեծ վարկանիշն ունեցող գործչի հրաժարականն ավելի է խորացնելու ներքաղաքական ճգնաժամը՝ «Ռադիոլուրին» ասում է վերլուծաբան Նիկա Չիտաձեն․

«Ես կարծում եմ, որ կուսակցության ներսում իշխանության համար պայքարը դեռ շարունակվելու է, իսկ ընդդիմությունը զուգահեռ ուժեղացնելու է ճնշումներն ու բողոքի ակցիաները՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ»։

Քաղաքական հարցերով փորձագետ Գելա Վասաձեն էլ նկատում է, որ Գախարիայի հրաժարականը կապված էր ոչ այնքան Մելիայի գործի հետ, որքան ներկուսակցական խնդիրների, որտեղ Գախարիայի թիմն ամենաթուլը գտնվեց։

«Այժմ ընդդիմությունը իշխանությունների գործողությունների արդյունքում միավորվել է, հասկանում է, որ իշխանությունը ցնցումային շրջանում է, ուստի ամեն ինչ անելու է՝ իրավիճակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասցնելու համար։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականությունը շատ մեծ չէ, սակայն այսօր ավելի մեծ է, քան երեկ էր», – ասում է փորձագետը։

Ընդդիմությունը ողջունում է վարչապետի քայլը՝ կոչ անելով իշխանություններին բանակցություններ սկսել նոր ընտրություններ անցկացնելու շուրջ։ Չընդունելով անցյալ տարեվերջին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ընդդիմադիր գործիչները մինչ օրս հրաժարվում են գնալ խորհրդարան։

Ընդդիմադիր գործիչ Սալոմե Սամադաշվիլիի խոսքով՝ պայքարը միշտ իմաստ ունի․ «սա հաղթանակ է Գավրիլովի և Ռուսաստանի նկատմամբ»։

Ընդդիմադիր Նիկա Մելիան մեղադրվում է 2019-ին Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցից հետո սկսված ակցիաների ընթացքում խմբակային բռնություն կազմակերպելու և մասնակցելու գործով։ Նրա խափանման միջոցը դատարանը փոխեց կալանքի, քանի որ նա չէր վճարել սահմանված գրավը։ Այժմ ՆԳՆ-ն Գախարիայի հրաժարականի հետ կապված Մելիայի ձերբակալությունը ժամանակավորապես հետաձգում է:

Վրաստանի վարչապետի պաշտոնը Գիրոգի Գախարիան ստանձնել է 2019-ին, երբ տևական ժամանակ ընդդիմությունը պահանջում էր նրա հրաժարականը՝ քննադատելով հատկապես Թբիլիսիի կենտրոնում հակառուսական ցույցը բիրտ միջոցներով ցրելու հրամանի համար։

Իշխող քաղաքական ուժի առաջնորդ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի մերձավոր համարվող գործիչը կարճ ժամանակահատվածում բարձր վարկանիշ էր ձեռք բերել՝ հատկապես կորոնավիրուսի տարածման դեմ արդյունավետ պայքարի համար։

Back to top button