
Երևանի ավագանիում մայրաքաղաքի հաջորդ տարվա բյուջեն շարունակվում է քննարկվել միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների մասնակցությամբ։ Ընդդիմադիրները չեն մասնակցում գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումներին։
2021 թվականի բյուջեով քաղաքապետարանում պարգևավճարների ֆոնդը նախատեսված է 1 մլրդ 23 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ շուրջ 49 տոկոսով պակաս է։ «Իմ քայլից» Տիգրան Գալստյանն առաջարկեց հանել պարգևավճարները, դրա փոխարեն` բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը։ Նախագիծը ներկայացնող փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը սկսեց բացատրել, թե ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը։
«Մենք չենք կարող ուղղակի մեր կամքով ուղղակի մեր կամքով պարգևավճարները վերցնել ու դնել աշխատավարձերի ֆոնդի մեջ ու բարձրացնել։ Դրա համար անհրաժեշտ է նախագիծ մշակել։ Աշխատավարձերի բարձրացումն այսօր առաջնային խնդիր է»։
Արդեն 6 ամիս է Երևանի քաղաքապետարանը պարգևավճար չի տրամադրել, ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Խնայած գումարներով` հաշմանդամություն ձեռք բերած երևանցիների բնակված շենքերում նրանց հարմարավետ տեղաշարժը ապահովող հնարավորություններ կստեղծեն։
«Մենք հասցե առ հասցե բազմահարկ շենքերում կտեղադրենք վերելակներ, կկահավորենք մուտքերը։ Մի խոսքով, կանենք ամեն ինչ, որպեսզի իրենք կարողանան ազատ տեղաշարժվեն»։
Քաղաքապետարանի աշխատակիցներն այս տարի 13-րդ աշխատավարձ ևս չեն ստանա։ Ավագանու անդամ Էդուարդ Ավետիսյանը հույս հայտնեց, որ իրենց խմբակցության որոշ անդամներ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նախագիծ կբերեն ու այս հարցը կստանա վերջնական լուծում։
«Հազարավոր աշխատողների աշխատավարձեր չպետք է կախված լինի երկրի քաղաքական ու սոցիալական վիճակից։ Սոցիալական խնդիրները նաև առաջանում է նրանից, որ մենք հազարավոր աշխատակիցների տալիս ենք իրենց աշխատավարձերը պարգևավճարների տեսքով»։

Քաղաքապետ Հայկ Մարությանը սոցցանցային ու քաղաքական շահարկումներից խուսափելու համար հայտարարեց, որ հրաժարվում է յուրաքանչյուր տեսակի բարձրացումներից։
«Անկախ նրանից, թե ինչ կորոշի ավագանին, ես հայտարարում եմ, որ հրաժարվում եմ իմ աշխատավարձի բարձրացումից։ Եթե անգամ օրենքն ասի, որ դա պետք է բարձրանա, դա կուղղվի բարեգործական որևէ ծրագրի»։
Գլխավոր փաստաթղթղով գումարներ նախատեսված չեն բազմաբնակարան շենքերի նկուղների, ապաստարանների վերանորոգման ու կառուցման համար։ Երևանում կա չորսուկես հազարից ավելի բազմաբնակարան շենք և ոչ բոլոր շենքերն են, որ ունեն նկուղներ, իսկ եղածներն էլ ժամանակին սեփականաշնորհվել են տարբեր մասնավոր ընկերությունների կողմից։ Ըստ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ նախևառաջ պետք է գույքագրել, թե ինչ ֆինանսական միջոցների մասին է խոսքը, հետո նոր բյուջեում դրանք տեղաբաշխել։
«Քաղաքապետարանը, այնուամենայնիվ, աշխատանքներ կիրականացնի, բայց խնդիրն այն է, որ բազմաբնակարան շենքերի քանակը մեծ է, և համայնքն ամենօրյա ռեժիմով չի կարողանալու այդ վերահսկողությունն իրականացնել եւ ճիշտ կլինի, որ բնակիչները նույնպես պատասխանատվություն ստանձնեն և կարգի բերեն իրենց նկուղները, իսկ համայնքն ամեն ինչով պատրաստ է աջակցել»։
Քաղաքապետ Հայկ Մարությանն ավելացրեց, որ վարչական շրջանների ղեկավարների հետ ինքն անձամբ է այցելել բազմաբնակարն շենքեր ու հրահանգել բաց պահել նկուղներն ու ազատել ավելորդ իրերից։
«Իրականում դա հենց իրենց շենքերում ապրողների սուրբ գործն է դատարկ պահել այդ նկուղները, որն իրենք զավթել են։ Անձամբ ես եմ գնացել ու ասել բացեն, իրենք էլ պատճառավբանել են, թե որտեղ պահեն իրենց իրերը, և մեզնից հետո նորից փակել են»։
Քաղաքային իշխանությունը նախատեսում է ունենալ շչակների կառավարման կենտրոնացված համակարգ, ինչպես նաև իրականացնել թաքստոցների ու ապաստարանների նախապատրաստական բարեկարգման աշխատանքներ։ Հաջորդ տարի նախատեսում են նաև մանկապարտեզների ու դպրոցների նկուղները մաքրել անպիտան իրերից։




