ԿարևորՄիջազգային

Հայկական եռագույնը Ֆրանսիական Սենայի վրա

Հայկական բողոքի քարտեզում սահմաններ չկան, ձայնը լսելի է այնտեղ, որտեղ թեկուզ մի քանի հոգուց բաղկացած հայկական համայնք կա։

Մեր բողոքի «ճանապարհորդությունը» սկսենք եվրոպական մայրցամաքից․Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ բողոք հայտելով Արցախի նկատմամբ արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող ադրբեջանա -թուրքական ագրեսիայի դեմ։ Քայլերթին մասնացել են ինչպես հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ Հայաստանի ու Արցախի լիտվացի բարեկամները։ Երթի մասնակիցները շարժվել են դեպի Լիտվայի Մեծ իշխանների պալատ՝ կոչ անելով Լիտվայի իշխանությանը աջակցել Հայաստանին և Արցախին։ Նրանք պարզել են «Դադարեցրեք պատերազմը Արցախի դեմ», «Մենք մեր զինվորների կողքին ենք», «Արցախը Հայաստան է» պաստառներ։

Հայերը ոչ են ասում պատերազմին, քանի որ նրանք խաղաղության գինը վճարել գիտեն, ցույցի ընթացքում ասել է բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը

«Մենք աշխարհի բոլոր տեսակի պատերազմներին ասում ենք, որ հակառակ ենք բոլոր տեսակի պատերազմներին, հակառակ ենք նաև այսօր մեր հայրենիքի, հողի, պատմական հողի հանդեպ ոտնձգությանը և հայտարարված պատերազմին»։

Ցույցին մասնակցել են նաև այլ ազգերի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում` լատվիացի ռեժիսոր Կեստուտիս Դրազդաուսկասը։ Ռեժիսորը նշել է, որ Արցախը միանշանակ իրավունք ունի տնօրինելու սեփական ճակատագիրը։

«Առաջին հերթին ես մտածում եմ, որ հայերն Արցախում իրենց ինքնորոշման հարցը լուծել են դեռ 30 տարի առաջ, դա իրավունք է, որը պետք է հարգել»,- ասել է Կեստուտիս Դրազդաուսկասը։

Եվրոպական մայրցամաքով շարժվենք դեպի հարավ–արևմուտք։ Իսպանիա–Ֆրանսիա մայրուղին ամբողջ երկայնքով եռագույն է։ Իսպանիայի և Ֆրանսիայի հայերը փակել էին մայրուղին։ Նրանց նպատակը այդկերպ երկու երկրների իշխանությունների ուշադրությունը հրավիրելն է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վրա։

Ակցիայի մասնակիցները նշել են, որ սա ինքնաբուխ հավաք է, և նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է իր ներդրումն ունենալ տեղի հասարակությանն իրազեկելու, իշխանություններին բողոքի ձայնը հասցնելու գործում: Իսպանական ու ֆրանսիական տարբեր քաղաքներից հայերը ընտանիքներով մանկահասակ երեխաների հետ եկել ու երգով–պարով, դրոշներով ու պաստառներով շուրջ 5 ժամ շարունակ փակ են պահել միջպետական մայրուղին։ Տեղական լրատվամիջոցների ժամանելուց հետո նոր միայն հայերը բացել են մայրուղին։

Փակ սահմանից այն կողմ էլ եռագույն էր Փարիզում Սենա գետի կամուրջներից մեկը։ Ֆրանսահայերը պահանջում էին կանգնեցնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի աջակցությունը վայելող լայնածավալ պատերազմը, ինչպես նաև ճանաչել Արցախի անկախությունը:

Ֆրանսիայի Բորդո քաղաքում էլ ֆրանսահայերը լուռ ակցիա են իրականացրել։ Բողոքի ակցիայի մասնակիցները մինչև ուշ երեկո  լուռ կանգնել են Բորդոյի օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց՝ ձեռքներին ադրբեջանական ագրեսիան դատապարտող գրություններով պաստառներ։

Փարիզում գտնվող Թուրքիայի դեսպանատան դիմաց ֆրանսահայ երիտասարդների բողոքի ակցիան նույնպես անձայն էր։ Հայ երիտասարդները խորհրդանշական ձևով, անուն առ անուն հիշատակել են Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Հայոց բանակի զինվորներին: Սև զգեստ հագած մասնակիցներից յուրաքանչյուրը ձեռքին պահել էր պաստառ, որի վրա գրված էր Արցախում զոհված Հայոց բանակի զինվորներից մեկի անուն-ազգանունը և տարեթիվը: «Մենք երբեք չենք մոռանա մեր նահատակված հերոսներին: Կանգ չենք առնելու, մինչև վերջնական հաղթանակ»,- լուռ ցույցի ավարտին ասել են երիտասարդները:

Ֆրանսիական Կոմպիեն քաղաքի հայ համայնքի նախաձեռնությամբ էլ քաղաքի և հարակից բնակավայրերի հայ կանայք կազմակերպել էին հայկական թխվածքների վաճառք։ Վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

 «Հայաստան» համահայկական հիմնադրամին կփոխանցվի նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայության կողմից կազմակերպված #Artsakhstrong խորագրով հեռուստամարաթոն-դրամահավաքի ընթացքում հավաքված գումարը։

Կարդացեք նաև

Back to top button