ԿարևորՄշակույթ

Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը՝ FLC- ի առցանց կինոթատրոնի ցուցադրությունների ծրագրում

Նյու Յորքի Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC) 2020 թ․հունիսի 26-֊ից առցանց կինոթատրոնի ամառային ցուցադրությունների ծրագրում ընդգրկել է Սերգեյ Փարաջանովի երեք վերականգնված կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հակոբ Հովնաթանյան» (1967), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1986), «Կիևյան որմնանկարներ» (1966), տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջը:

FLC- ի առցանց կինոթատրոնը գործում է մարտից՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով։

Փարաջանովի այս երեք ուշագրավ վավերագրական աշխատանքները 2019 թ․ընտրվել էին Նյու Յորքի միջազգային 57-րդ կինոփառատոնի համար:

«Հակոբ Հովնաթանյան» Ֆիլմը վերականգնվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լեհական Fixafilm ընկերության միացյալ ուժերով՝ «Համո Բեկ-Նազարյան.հայ կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում: Վերականգնման պրոդյուսերն է Դենիել Բըրդը։ Վերականգնման աշխատանքները ֆինանսավորվել են Kino Klassika հիմնադրամից (Լոնդոն):

Ի դեպ, Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC-ն) ցուցադրելու է նաև վաղամեռիկ տաղանդավոր ռեժիսոր Մարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմը:

2018 թվականի օգոստոսին հայ կինոյի ժառանգության օգտագործման իրավունքները՝ ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ, անցան Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Եվ հենց այդ պահից էլ սկսվել է ֆիլմերի վերկանգնման և թվայնացման կարևոր գործընթացը։

2018թ․ լեհական FIXAFILM ընկերության կողմից առաջինը վերականգնվել և թվայնացվել է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) վավերագրական կինոնկարը։ Ֆիլմը թվայանցումից հետո ստացել է նոր կյանք ու շնչառություն։ Այն անմիջապես ցուցադրության հրավերներ է ստացել աշխարհի հայտնի կինոփառատոներից, կինոինստիտուներից, թանգարաններից, գրադարաններից։ Ցուցադրություների մեկնարկը տրվել է 2018-ին՝ ԱՄՆ-ի «Թելուրայդ» միջազգային կինոփառատոնից, իսկ արդեն 2019-ին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը ներկայացվել է Սերգեյ փարաջանովի 95-ամյակին նվիրված «Կինոյի տաճար» համալիր ծրագրում։

Կենտրոնը ներկայացրել է նաև «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի ցուցադրությունների ցանկը․

Թելուրայդի միջազգային կինոփառատոն՝ ԱՄՆ, 2018 թ․

ICA կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն՝ Լոնդոն, 2018

BOZAR արվեստի կենտրոն՝ Բրյուսել, 2018 թ․

Ռոտերդամի միջազգային կինոփառատոն՝ Նիդերլանդներ, 2019 թ․

Pera թանգարան՝ Ստամբուլ, 2019 թ․

Ազգային պատկերասրահ՝ Լոնդոն, 2019 թ․

Close Up կինոթատրոն՝ Լոնդոն, 2019 ․

Մոսկվայի Տարկովսկու անվան կինոփառատոն՝ 2019 թ․

Նյու Յորքի Լինկոլնի մշակութային կենտրոն Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ 2019 թ․

Curtas Vila do Conde, Պորտուգալիայի միջազգային կինոփառատոն ՝ 2019 թ․

Հոնգ Կոնգի միջազգային կինոփառատոն՝ 2019թ․

Սան Ֆրացիսկո՝ Սլավոնական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների ասոցիացիայի ամենամյա գիտաժողով, ԱՄՆ, 2019 թ․

Կոպենհագենի Cinemateket, 2020 թ․

Վաշինգտոնի ազգային պատկերասրահ, 2020 թ․

Նախատեսված — IN SITU Contemporary Art Foundation՝ Լեհաստան, 2020 թ․։

Back to top button