Կա՞ այլընտրանք սպանդանոցներին


Այսօր վաղ առավոտից փակ էին Արարատի մարզից Երևան տանող ճանապարհները։ Այն փակել էին մարզի՝ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները։ Արմավիրի մարզում նույնպես բողոքի ակցիա էր ՝ նույն պահանջով․ չեղարկել այս տարվա հունվարի 15–ից ուժի մեջ մտած որոշումը, որով սպանդանոցային մորթի պահանջը դարձել է պարտադիր։
Սննդամթերքի անվտանգության փորձագետները, մինչդեռ, որոշումը գյուղոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկն են համարում և վստահեցնում , որ վերադարձը բակային մորթին անթույլատրելի է։
Հանրապետության անասնապահները շուրջ մեկ շաբաթ բողոքի ակցիաներ են անցկացնում։ ՍԱՏՄ որոշմամբ՝ հունվարի 15–ից սպանդանոցային մորթի պահանջը նրանց համար դարձել է պարտադիր։ Կառավարության շենքի առջև մի քանի օր բողոքի ակցիաներից հետո անասնաբույծներն ու մսավաճառներն այսօր առավոտից փակել էին Արարատից ու Արմավիրից Երևան տանող ճանապարհները։ Փակված մայրուղին բացելու առաջարկով գյուղացիներին հանդիպելու էր գնացել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։


«Հարցի պատասխանը եղել է․ եթե ինչ-որ բան պետք է փոխվի, կփոխվի։ Ես չեմ երաշխավորում, որ վաղն այս հարցը կլուծվի»,-ասաց մարզպետը ։
Խնդիրը երկկողմանի է՝ արձանագրեց Արարատի մարզի ղեկավարը։ Գյուղացիներին հարցրեց՝ կա՞ մեկը, որը կցանկանա սպանդանոց հիմնել, պարզվեց ՝ չկա։
Արարատում ճանապարհը բացվեց՝ պայմանով, որ մինչև աշխատանքային օրվա ավարտը գյուղացիներն իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները կստանան։ Արմավիրում իրավիճակն ավելի թեժ էր։ Մինչ գյուղացիները կհավաքվեին, նրանց արդեն սպասում էին ոստիկանները։
Աշտարակ–Էջմիածին հատվածում կրքերն ավելի թեժ էին։ Ոստիկանները հորդորում էին բացել ճանապարհը։
Մինչ գյուղացիները բողոքում են սպանդանոցային մորթը պարտադիր դարձնող որոշումից, փորձագետները խոսում են դրա կարևորության մասին։ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի սննդի անվտանգության ու կենդանիների առողջության փորձագետ Սերգեյ Չախմախչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ բակային մորթին վերադարձ չի կարող լինել։


«Այսօր նժարին դրված է մարդու սննդի անվտանգության հարցը, սա առաջնահերթություն է աշխարհի բոլոր երկրներում, և դա շահարկել թեկուզ սոցիալական դիրքից սխալ է։ Իհարկե, կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, սակայն, ընդհանուր առմամբ սպանդանոցների գաղափարը ներդրվել է աշխարհի շատ երկրներում և Հայաստանում նույնպես պետք է ներդրվի»,– ասաց Չախմախչյանը։
Նա կարծում է, որ խնդիրները մարզերում կարող են լոկալ լինել, դրանք կարող են տրվել տեղային լուծումներ։ Սննդի անվտանգության ու կենդանիների առողջության փորձագետ Արման Բադալյանը, սակայն, կարծում է, որ անհնար է ամեն համայնքում մեկ սպանդանոց ունենալ։
«Սպանդանոցների այն թիվը, որն այսօր կա, բավարար է։ Եթե չեմ սխալվում, խորհրդային միության տարիներին ավելի քիչ են եղել։ Կենտրոնացված մեկ մարմին էր գործում՝ մսի կոմբինատը։ Հեռավոր համայնքներից գալիս, այդտեղ էին մորթը կազմակերպում։ Այսօր խնդիրները տեխնիկական են և կարող են լուծվել»,– ասաց Բադալյանը։
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն էլ «Ռադիոլուրի» հյուրասրահում հայտարարեց՝ ամեն օր հանրապետությունում նոր սպանդանոցներ են բացվում.
« Արդեն 39 սպանդանոց ունենք, ևս 35–ը կառուցվում է։ Բոլոր մարզերում կան՝ մի մարզում մի քիչ շատ, մյուսում՝ ավելի պակաս։ Բայց դրանց քանակն ավելանում է, քանի որ անընդհատ կառուցվում են»։

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի սննդի անվտանգության ու կենդանիների առողջության փորձագետ Սերգեյ Չախմախչյանը թվարկում է սպանդանոցային մորթի առավելությունները․ կկազմակերպվի կենդանիների լաբորատոր հետազոտությունը, նմուշառումը, հետո միայն ստուգված սննդամթերքը կուղարկվի վաճառքի։ Բացի դրանից՝ այժմ հնարավոր չէ կազմակերպել կենդանիների հաշվառման ու պատվաստման գործընթացը։ Ըստ նրա՝ սպանդանոցների հարցը չլուծելու դեպքում վտանգվելու է նաև գյուղատնտեսության, մասնավորապես, անասնապահության ապագան։
Գյուղացիներն անուղղակիորեն այս պնդումներին համաձայն են, բայց մատնանշում են իրենց խնդիրները, հայտարարում, որ դրանք չլուծելու դեպքում կհրաժարվեն անասնապահությամբ զբաղվելուց։
Մարզպետարաններում էլ խոստանում են հրատապ խորհրդակցություններ հրավիրել ու գտնել գյուղացիների հարցերի պատասխանները։