ԿարևորՀասարակություն

Անիպեմզայի սահման պահող տաճարն ու փշալարերից չվախեցող երեխաները

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Հայ-թուրքական պետական սահմանի անմիջական հարևանությամբ է գտնվում Անիպեմզա գյուղը, որտեղ չկա խմելու ջուր, բարեկարգ ճանապարհ:  Նախկին քաղաքատիպ ավանում չկան գյուղնշանակության հողեր, տղամարդկանց հիմնական զբաղմունքը քարհանքերում է, քարի մշակման արտադրամասերում:  Սահմանապահ գյուղում փաստացի ապրում է 270 մարդ, Բնակարանների մեծ մասը դատարկ է ու փակ:  Համայնքի խնդիրները մտահոգում են նաև երեխաներին

Երկար ձգվող փշալարը կիսում է մեր պատմական հայրենիքի հազար ու մի եկեղեցիների մայրաքաղաք Անին՝ Ախուրյան գետի ձախ ափին թողնելով Երերույքի կիսավեր տաճարը, աջում՝ մնացած եկեղեցիները:  Անիպեմզա համայնքի վարչական տարածքը ձգվում է պետական սահմանի երկարությամբ: Օտարի աչքերին անսովոր փշալարերը տեղացիների համար ամենօրյա սերտվող հայոց պատմության դաս է: Պատմության  ուսուցչուհի Նաիրա Մխիթարյանը Անիպեմզայի դպրոցականների համար 18 տարի կենդանի օրինակով  է ուսուցանում հայոց պատմության դասերը:

«Մեր երեխաների բախտն այնքանով է բերել, որ դասարանի պատուհանից ենք ցույց տալիս մեր պատական հայրենքը և նրան մեջ սերմանում, որ իրենք էլ պետք է հետագայում աշխատեն այս ուղղությամբ, որպեսզի ետ բերենք այն»: 

Սահմանամերձ համայնքում ապրողները մի շարք դժվարություններ են հաղթահարում, առաջիններից մեկը քարուքանդ եղած ճանապարհն է, խմելու ջուրը, մշակովի  հողերի բացակայությունը: Դժվարությունների պատճառով շատերը հեռանում են Գոռն ու Նաիրան ցավով են խոսում այդ մասին:

«Տարիներ առաջ շատ-շատ գնացին, մեծ արտագաղթ էր սկսվել, երբ քարհանքները փակվեցին, հետո 2000-ականներին կամաց-կամաց սկսեցին աշխատել»:

«Երիտասարդներն էլ են հեռանում, աղջիկներն այստեղ գործ չունեն, գնում, մնում են քաղաքում: Հիմա երկու ուսանող ունենք, չգիտենք՝ կվերադառնան, թե չէ:  Անիպեմզան  մեր հայրենիքի մի անկյունն է, եթե բոլոր անկյունները դատարկվեն, սահմանի գյուղերը դատարկվեն, կարծում եմ,  պատկերացնու՞մ եք, թե  ի՞նչ կլինի մեր հայրենիքի հետ»:

Անիպեմզան նախկինում քաղաքատիպ ավան է եղել, որտեղ կա 19 բազմաբնակարան շենք: Բնակարանների մեծ մասը դատարկ է,  համայնքի վարչական ղեկավար Հարություն Թառլանյանն ասում է, որ հեռացել են դեռ  80-ականների վերջերից:

«Այս մի շենքում 30 բնակարան կա, բայց հիմա ապրում է 2 ընտանիք»:

Բազմաբնակարան շենքերի փակ դռները տարաբնույթ խնդիրներ են ստեղծում: Հեռացողների հետ նվազել է  դպրոցում սովորողների թիվը, մնացել է 30 աշակերտ, մինչդեռ խորհրդային տարիներին  մինչև 300 աշակերտ է սովորել: Դասարանները երկկոմպլեկտ են, յուրաքանչյուր դասարանում՝ 3-4 աշակերտ:   Գևորգը 8-րդ դասարան  է փոխադրվել,  իր դասարանից էլ  են գնացել:

«Մեր դասարանից մեկն է գնացել, մյուս դասարաններից՝ 2-ը»:

Դպրոցում ուսուցիչների պակաս կա: Նաիրան ասում է, որ սեպտեմբերից հայոց լեզվի և օտար լեզվի ուսուցիչների խնդիր կլինի, չունեն նաև դասվար: «Դասավանդիր Հայաստան» ծրագրով դասվարի աշխատանքի պայմանագրի  ժամկետը լրացել է, իսկ սեպտեմբերին  միայն 1 դասվար է մնացել աշխատելու:

Հասմիկ Սեդրակյանը դպրոցի նախկին ուսուցիչներից է, հայոց լեզվի մասնագետ: Հիմա ապրում է Ռուսաստանում, ամեն տարի հյուր է գալիս ու գնում, բայց արդեն վճռել է՝ հաջորդ անգամ գալու  է՝ չվերադառնալու պայմանով:

«Շատ կուզենայի, որ մեր երկիրը դեպի լավի գնար, ու բոլոր մեր ռուսաստանաբնակները ետ վերադառնային: Դա իմ երազանքն է, ես շատ եմ սիրում իմ ծննդավայրը: Նույնիսկ այնտեղից երազում եմ, որ պիտի գամ մի օր ու այստեղ դասավանդեմ: Անպայման գալու եմ»:

Անիպեմզայում որոշակի փոփոխություններ ու աշխուժություն են փորձում ստեղծել պատանիները: Նրանք արդեն ստեղծել են «Անիպեմզա» ամսագիրը, որտեղ պատմում են համայնքի  հիմնախնդիրների մասին, Գոհարը պատանի լրագրող է և սպասում է ամսագրի 3-րդ համարի հրատարակմանը:

Տեղական իշխանությունների ուշադրությունը  սահմանամերձ համայնքին սևեռելու նպատակով պատանիներն  փոքր լրագրողական թիմով հանդիպել են Շիրակի մարզպետի հետ: Թեպետ կոնկրետ պատասխան չեն ստացել, բայց  լիահույս են, որ աստիճանաբար կլուծվեն խնդիրները:

Անիպեմզան սահմանամերձ համայնք է, բայց արտոնություններ չունի: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասում է, որ Անիի տարածքում տուրիզմ զարգացնելու նպատակով հիմա քննարկում են, թե ինչ հնարավորություններ կան ջուր կուտակելու և այն օգտագործելու համար: Իսկ Անիպեմզայի խնդիրները լուծելու նպատակով  ենթադրում է, որ պետք է օգտագործել տեղի ներուժը:

«Անիի տարածաշրջանը մեր մարզի ամենալուրջ  պոտենցիալ ունեցող տարածաշրջաններից մեկն է: Եվ այսօր չօգտագործել Երերույքի տաճարի գրավչությունը տուրիստական, պատմամշակութային առումով,  կներեք, ինձ համար հասկանալի չի: Ինձ համար հասկանալի չի, թե ինչի են իրենք սպասում, երբ հեռվից տեսնում են ավտոբուս, չեն վերցնում իրենց ունեցածն ու գնում այնտեղ: Երբ շինարարական հումքը ունեն, տղամարդիկ կան, և այնտեղ պետք են քաղաքակիրթ որոշակի ենթակառուցվածքներ»:

Անիպեմզայի երեխաները չեն վախենում  հայ-թուրքական սահմանի երկաթե փշալարերից: Սահմանին ապրողները նույնպես սահմանապահներ են, զգոն են, գիտեն ինչպես վարվել համայնքում անծանոթ տեսնելու դեպքում՝ միանգամից զանգում են սահմանապահների թեժ գծին:

Այս երեխաները հիմա չեն ցանկանում այլ բնակավայրում ապրել, սիրում են իրենց գյուղը, ասում են, եթե մեծերն այնքան էլ լավատես չեն, մտածում են, որ գյուղը կդատարկվի և հետագայում գոյություն  չի ունենա,   բայց  իրենք այլ կարծիքի են, հուսով են գյուղը կզարգանա, բնակչության թիվը կավելանա: 

Ռեպորտաժը պատրսատվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում կատարված այցելության ժամանակ:

Back to top button