ԿարևորՔաղաքական

Ինչպես են BBC-ին հասանելի դարձել Մարտի 1-ի գործի նյութերը. պարզաբանումներ հեղինակից

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է 2008թ․ մարտի 1-ի գործին։ Հոդվածի հեղինակները նախաքննության ընթացքին վերաբերող ուշագրավ մանրամասներ են ներկայացնում, նկատելով, որ գործը քաղաքական մեծ նշանակություն ունի  և հիշեցնելով, որ գործին առնչություն ունեն նախկին նախագահներ, պատգամավորներ և զինվորականներ:  

Հոդվածում նշվում է, որ լրատվամիջոցը ստացել է նախաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն: 

Թե ինչպես, «Ռադիոլուրը» փորձեց պարզել հենց հոդվածագրից: Հրապարակման հեղինակը Գրիգոր Աթանեսյանն է, նրան ուղղված մեր առաջին հարցը հենց նախաքննության նյութերին ծանոթանալու այդ բացառիկ հնարավորության մասին էր:

 «Այդ փաստաթղթերը մեր ձեռքի տակ հայտնվել են՝ անկախ Հայաստանի քննչական մարմինների կամքից: Մենք նրանց հետ որեւէ պայմանավորվածություն չենք ունեցել, այդ փաստաթղթերը չենք ստացել Հայաստանի քննչական մարմիններից: Այդ փաստաթղթերն ինձ իմ աղբյուրներն են փոխանցել,  որոնց անունները ես հրապարակել չեմ կարող, քանի որ նրանց հետ ունենք պայմանավորվածություն՝ անանուն հրապարակման:  Տեղեկություննները, որ ստացել եմ, Հայաստանի իմ անանուն աղբյուրներից են»,- ասաց Գրիգոր Աթանեսյանը:

Հրապարակմանն առնչվող և ակտիվորեն քննարկվող մյուս գլխավոր հարցը՝  ինչպես  BBC-ն որոշեց անդրադառնալ Հայաստանի համար այս զգայուն թեմային ու ինչու հիմա:

«Նյութի վրա աշխատել եմ մի քանի ամիս, և  այն հրապարակվել է այն ժամանակ, երբ մենք պատրաստ ենք եղել: Դա որեւէ կերպ կապված չէ Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ, այն չի էլ կարող դրա հետ կապ ունենալ, քանի որ  ամենօրյա ռեժիմով մենք չենք լուսաբանում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Գործի կարևորությունը, ըստ հոդվածագրի, պայմանավորված է  բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավման հանգամանքով: Սա գործ է, որում տարբեր կարգավիճակներով ներգրավված են Հայաստանի երեք նախկին նախագահները, գեներալներ ու պաշտպանության նախարար: Հենց այս պատճառով է այս գործը կարեւոր, եւ այն մենք չլուսաբանել չենք կարող՝մեզ հետ զրույցում նշեց հոդվածագիրը:

«Նյութը պատրաստելիս մենք քննարկում ենք ունեցել մեր իրավաբանների հետ, նյութի վրա աշխատել է մեծ թիմ: Ծիծաղելի կլիներ ենթադրել, որ մենք նյութը պատրաստել ենք ծնկի վրա ու այն կապել որեւէ իրադարձության հետ»,- ասաց Աթանեսյանը:

Հոդվածում նաև կոնկրետ անուններ են նշվում, մասնավորապես հիշատակվում է գեներալ Սամվել Կարապետյանի կամ Օգանովսկու անունը՝ ցուցարարների ուղղությամբ կրակելու հրաման արձակած  զինվորականների անունների համատեքստում:

Նա, ի դեպ, գործում վկայի կարգավիճակ ունի: Արդյոք չեն ունեցել մտավախություն, որ նախաքննության գաղտնիք են հրապարակում:

«Ես կարծում եմ, որ մենք՝ որպես լրագրողներ, պարտավոր ենք հրապարակել այն տեղեկությունը, որ ստացել ենք վստահելի աղբյուրից: Մենք կտրականապես հերքում ենք այդ թեմայի վերաբերյալ բոլոր շահարկումները: Նյութը պատրաստելիս՝ մեկնաբանությունների համար դիմել ենք գործի հետ առնչվող բոլոր կողմերին: Բոլորն ունեցել են մեկնաբանություն տալու իրավունք ու հնարավորություն, ունեցել են հնարավորություն ներկայացնելու իրենց դիրքորոշումը: Բոլոր կողմերը մեզ հետ կապվելու ու մեզ հետ խոսելու հնարավորություն ունեցել են, հետեւաբար նյութը որեւէ կողմի համար գաղտնիք ու նորություն չէր»,- նշեց հոդվածագիրը:

Հրապարակված փաստերում մեծ  նորություններ չեն եղել Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի համար:

«Պաշտպանական կողմը շատ է ասում, որ նախաքննության նյութերում որևէ էական բան չկա, փաստեր չկան, բայց ինչքան գործի նյութերին ծանոթանում ենք, այնքան համոզվում ենք, որ Մարտի 1-ի գործը բազմաթիվ շերտեր ունի ու դրանք  առնչվում են նախկին 2 նախագահների գործունեությանը ու տարաբնույթ խմբերի ներգրավմանը»,- ասաց Սեդա Սաֆարյանը:

Սեդա Սաֆարյանը, ի դեպ, կարծում է, որ նախաքննության գաղտնիքի խախտման փաստի մեծ վտանգ չկա, քանի որ նախաքննությունն արդեն ավարտվել է, իսկ բուն դատաքննությունը չի մեկնարկում:

Նույնը չեն կարծում Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբանները: «Պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում «գործով պարզ է դարձել» արտահայտությունը:

Եթե քննիչը հարցադրում է անում, թե արդյոք այս հանգամանքներն իրականություն են, դա դեռ չի նշանակում, որ գործով այդ հանգամանքները հաստավել են: Պնդում եմ, որ մեզ ներկայացված գործում չկա մեկ ցուցմունք, որտեղ այդ հանգամանքը հաստատվել է», — ասաց Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ցուցարարների ուղղությամբ կրակելու հրաման արձակելու համատեքստում գեներալ Օգանովսկու անվան հիշատակմանը և հավելում՝  եթե նման ցուցմունք լիներ, ապա վաղուց արդեն արտացոլված կլիներ մեղադրական եզրակացության մեջ:

Back to top button