ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ է կանաչում Սեւանը. մասնագիտական իրարամերժ կարծիքներ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Սևանա լճի վիճակի մասին այս տարի նորից բնապահպաններն ահազանգում են: Լիճը ծաղկման վտանգի առաջ է: Նախորդ տարվա համեմատ այս տարի Սևանի կանաչումը սկսվել է ժամանակից շուտ: Բնապահպանների մի խումբ մշակել է լիճը փրկելու ծրագրերի փաթեթ: «Սևան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը պնդում է՝ բնական գործընթացներ են, որոնք բնորոշ են լճերին: Այդ կերպ լիճն ազատվում է օրգանական նյութերից:  

Բնապահպաններն ահազանգում են՝ Սևանա լճում վիճակն արդեն բարվոք չէ: Սկսվել է լճի կանաչումը, ինչը վատ ցուցանիշ է, առավել ևս, որ սպասվում է շոգ ամառ: Այս դեպքում հնարավոր է լճի ծաղկում:

«Ջրի մակարդակի բարձրացումն անպայման պետք է լինի, սակայն դրան պետք է նախապատրաստել ափերը՝ մաքրել դրանք, սակայն ոչ այնպես, ինչպես արել են մինչև հիմա: Մաքրման եղած կայանները  պետք է կարգի բերել:  Ծրագրերը կան, սակայն իրագործման համար կամ ֆինանսական միջոցներն են պակաս, կամ քաղաքական մոտեցումներ կան: Եվ կամքի պակաս է լինում:  Եվ այն, ինչ որ մենք ասում էինք , որ եթե այսպես շարունակվի լճի փոխարեն ունենալու ենք ճահիճ: Եվ ո՛չ ոռոգման, ո՛չ տուրիզմի համար օգտագործել չենք կարող»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ծրագրերին զուգահեռ պետք է բացառել նաև լրացուցիչ ջրառ իրականացնելն ու կարգի բերել ոռոգման ցանցերը, որպեսզի չլինեն կորուստներ, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Կարինե Դանիելյանը:  

Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը  թվարկեց լիճն այս վիճակում գտնվելու պատճառները: Ափամերձ օբյեկտների և հարակից համայնքների  կոյուղաջրերի դեպի լիճ լցվելը, ափամերձ անտառների մաքրման աշխատանքներ չիրականացնելը: Բնապահպանության նախարարությունը փորձել է վերհանել ջրի վերաբերյալ տեղեկատվությունը: Եվ 20-22 դիտակետերում կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ ֆոսֆորի և այլ օրգանական տարրերի քանակությունը դինամիկ բարձրանում է հատկապես վերջին տարիներին: Իսկ այդ քանակությունը ջերմաստիճանի հետ համադրման արդյունքում հանգեցնում է լճի ծաղկման:  

«Այս տարի շուտ սկսվեց։ Եվ սա այն դեպքում, երբ ջերմաստիճանը այդքան էլ բարձր չի: Դա  նշանակում է, որ բավականին լուրջ խնդրի առաջ է կանգնած Սևանը: Սևանը հիվանդ է: Կան օբյեկտներ, որոնք այսօր հիմնական աղտոտողներն են, պետք է վերանայվեն  դրանց գործառույթները»,-նշեց բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը:

Բացի սա՝ պետք է իրականացնել ջրիմուռների աճի ինտենսիվությունը նվազեցնող կոնկրետ միջոցառումներ: Ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներն իր պաշտոնավարման տարում դադարեցրել են, քանի որ, ըստ նախկին պաշտոնյայի, կատարվել են միայն թղթի վրա:  

«Տարածքներ կային, որոնք արդեն մնացել էին ջրի տակ  և կային տարածքներ անհապաղ մաքրման, որոնք  մոտակա ժամանակները վերածվում էին ճահճային  տարածքների: Բայց դրա փոխարեն կային տարածքներ, որոնք անհապաղ մաքրման կարիք չունեին, բայց քանի որ այնտեղ  որոշակի  բնափայտի պաշար կար, մարդիկ ուղղակի սուբյեկտիվ  հետաքրքրություն ունեին: Եվ պետության սահմանափակ միջոցներն ուղղել են այն տարածքներ, որոնք առաջնահերթ չեն մաքրման համար»,-ասում է նախկին պաշտոնյան:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը  «Ռադիոլուրին»  տեղեկացրեց, որ  նախորդ տարվա վիճակը կրկնվելու կանխատեսումներն ունեին դեռևս նախանցած տարի, երբ  ձմռանը ջրի բարձր ջերմաստիճանը պահպանվում էր:  Նախորդ տարվա ձմեռը տաք էր Սևանա լճի համար: Ջերմաստիճանի երկարատև անկում չի գրանցվել, ինչի մասին տեղեկացրել են բնապահպանության նախարարությանը; Սա առաջին պատճառն է: Սակայն  դրան գումարվում են   կենսածին նյութերի կուտակումները, որոնք, ըստ տնօրենի, այս պահին Սևանում շատ են:

«Լճի մակարդակը բարձրանում է , մեծ քանակությամբ հողազանգված, անտառային տարածքներ, կանաչապատ տարածքներ, մնում են լճի տակ: Անտառներում մենք թեթև հանում ենք ծառերը, սակայն  այնտեղ մնում է հողազանգված և կանաչ այլ զանգված, որն իրականում առաջացնում է օրգանական  նյութերի մեծ քանակություն»,-նշեց Վահե Գուլանյանը:   

Կենցաղային կոյուղաջրերն էլ իրենց հերթին են նպաստում այս վիճակին, սակայն ոչ հարակից օբյեկտներից հոսող կեղտաջրերը: ՊՈԱԿ-ի տնօրենը նախ հերքեց մամուլի տեղեկությունները, թե ափամերձ տարածքներում կան 2500 ռեստորաններ ու հյուրանոցներ։ Դրանք մոտ 10 են և բոլորն էլ ունեն մաքրման կայաններ՝ ասում է։ Այստեղ խնդիրը 92 համայնքներն են, որոնցից 87-ը  չունեն կոյուղագիծ:   

«Միշտ ասել եմ, որ կյանքի որակի լավացմանը  զուգահեռ մակերևութային ջրերն աղտոտվելու են։ Եթե մի ժամանակ մի գյուղում մի ընտանիք ուներ սանհանգույց, ապա այսօր գրեթե բոլորն ունեն, որտեղ օգտագործվում են տարբեր տեսակի շամպուններ ու լվացման համար այլ նյութեր: Դրանք ուղիղ արտանետումներ չունեն Սևանա լիճ, սակայն   արտանետվում է հողային ավազան  և  ստորգետնյա հոսքով  գալիս,  հայտնվում Սևանա լճում»,-ասում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն  Վահե Գուլանյանը:

Վահե Գուլանյանը  նշեց, որ առափնյա այն տարածքներում, որտեղ  իրականացվել են մաքրման աշխատանքներ, վիճակը լավ է, սակայն չհերքեց, որ կան տարածքներ, որտեղ աղբահանություն ընդհանրապես չի կատարվել, չեն հասցնում։  

«Հատկապես Վարդենիսի, Նորատուսի և Մարտունու  տարածքում իրականում չենք հասցրել մաքրել։ Հիմնականում մեծ բարդություններ  կան Վարդենիսի տարածքում: Ես չգիտեմ այնտեղ արդեն հնարավոր կլինի մաքրման աշխատանքներ կատարել, որովհետև ծառեր կան արդեն 2,5 մետր և ավել ջրի մեջ են»:

Նախորդ տարի լճի կանաչման ժամանակ ՊՈԱԿ-ի տնօրենը լճի ջրից խմելով փորձեց մեղմացնել հասարակության շրջանում անհանգստությունը, որ թունավոր միկրոբներ Սևանում չկան:  Կեղտոտվելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում լողալ այն ափերում, որտեղ  չկան ջրիմուռների կուտակումներ:

Back to top button