
Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր- Ստեփանակերտ
Պատմաբան, քաղաքագետ Դավիթ Բաբայանը հերթական մենագրությունն է ներկայացրել հանրությանը: ՙՀայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ՚ վերնագրով եռալեզու գիրքը տպագրվել է բարերար Սուրեն Ղարամյանի հովանավորությամբ ՙԱմարաս՚ հրատարակչությունում: Հեղինակն իր գիրքը հիմնական նյութի սեղմագիրն է համարում, որում փորձել է նյութը ներկայացնել հանրամատչելի եղանակով:
Աշխարհաքաղաքականությունն իր կանոններն ունի: Դրանց բաղադրիչներից են նաև տարածքը, ժողովուրդն իր արժեքներով, ասում է Դավիթ Բաբայանը: Ինքը փորձել է դիտարկել հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը։ Արդյունքում, գտել է հիմնական հարցի դրական պատասխանը:
Նվաճողները հայկական լեռնաշխարհը միայն նյութական տեսանկյունից են դիտարկել, այդ է պատճառը, որ նրանք չեն կարողացել հասնել իրենց նպատակին,-կարծում է Հայկական լեռնաշխարհի ծիսական ու քաղաքակրթական դերը բազմաթիվ ժողովուրդների կյանքում դիտարկած հետազոտողը:
Արմատները մոռանալը թուլացնում է մարդուն՝ ի մասնավորի և ժողովրդին ընդհանրապես: Իսկ դա, ըստ Դավիթ Բաբայանի, շատ վտանգավոր է աշխարհաքաղաքական տեսանկյունից և տարածաշրջանային խնդիրներերի առկայությունը, թշնամաբար տրամադրված ուժերը, Հայաստանի սահմանափակ նյութական հնարավորությունները կարելի է փոխհատուցել միայն հոգևոր արժեքներով:
Դավիթ Բաբայանը կարծում է, որ Աստվածաշնչյան օրերից առայսօր Հայկական լեռնաշխարհը չի կորցրել իր աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունը:
Գիրքը, որը ներառում է աշխատության հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակները, կարող է հետաքրրքիր լինել և՛ օտարի համար, և՛ հայերի: Երկուսն էլ Հայաստան աշխարհի մոռացված կերպարը կարող են բացահայտել:




