Տնտեսագետը դրամի արժեզրկման թռիքչային զարգացում է կանխատեսում
Չնայած այս տարվա հունվարի մեկից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, այդուհանդերձ, այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով Հայաստանից Չինաստան ավելի շատ ապրանք է արտահանվել, քան ԱՊՀ անդամ մյուս բոլոր երկրները միասին վերցրած: Հիշեցնենք, նախկինում արտահանման ծավալներով առաջատարը Ռուսաստան էր, այժմ ԵՏՄ անդամ Ռուսաստանը երրորդ հորիզոնականում է հայտնվել՝ Գերմանիայից հետո: Տվյալներն այսօր լրագրողներին է փոխանցել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, ով նաև անդրադարձել է փոխարժեքի շուկայում նկատվող միտումներին: Փորձագետը հայկական դրամի արժեզրկման թռիքչային զարգացում է կանխատեսել:
Նախորդ տարվա աշնանից սկսված դրամի արժեզրկումը որոշակի տատանումներով շարունակվում է: Օգոստոսի 21-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նախորդ օրերի համեմատ մի փոքր բարձրացել էր: Գնման գինը 480 դրամ էր կազմում մեկ դոլարի դիմաց, վաճառքի գինը ՝ 485 դրամ: Եթե համեմատենք ԵՏՄ անդամ երկրներից Ռուսաստանի ու Ղազախստանի դրամական միջոցների հետ, ապա հայկական դրամն առայժմ կտրուկ տատանումներից զերծ կմնա: Համեմատությունը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանինն է: Երկու երկրներում էլ արտարժութային ժգնաժամ է, քանի որ նրանց ազգային արժույթները արժեզրկվել են 20 տոկոսով:
«Սակայն Հայաստանում որոշակիորեն կարելի է ասել դոլարի կուրսը տատանումների չի ենթարկվել»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Ղազախստանը հայտարարեց, որ անցնում է արժույթի լողացող քաղաքականությանը, որից հետո կտրուկ արժեզրկվեց այդ երկրի ազգային արժույթը` տենգեն: Ղազախստանի ազգային արժույթի արժեզրկումը Հայաստանի վրա կազդի անուղղակի՝ Ռուսաստանի միջոցով: Կրկին տնտեսագետի կանխատեսումն է:
Ի՞նչ է սպասվում հայկական դրամի շուկայում, եթե հաշվի առնենք, որ Բլյումբերգ գործակալության փորձագետները աշխարհի ամենաարժեզրկվող 11 արժույթներից մեկն էլ հայկական դրամն են համարում: Վիլեն Խաչատրյանը դրամի արժեզրկման թռիքչային զարգացում է կանխատեսում՝
«Կարծում եմ դոլարի կուրսը որոշակի ժամանակահտված, բայց այնուամենայնիվ թռիչքը աստիճանական չի լինելու, լինելու է միանգամից որոշակի քայլի միջոցով, կլինի դա 40 դրամանոց քայլ, թե 60 դրամանոց, թե 80 դրամանոց, ցույց կտա իրավիճակը»:
Հայաստանում ԿԲ որոշակի ժամանակահատվածում կարողացավ փոխարժեքի կայուն կուրս ապահովել, գլխավոր դրամատան՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն էլ բանկերին լրացուցիչ դրամական եկամուտներ ունենալու և արտարժույթ գնելու հնարավորություն ստացան: Դոլարի արժևորման վրա կազդի նաև ԱՄՆ ՝ սեփական արժույթն ամբողջ աշխարհում թանկացնելու քաղաքականությունը: