Քաղաքական

ՍԴ անդամ. Սահմանադրական փոփոխություններով լուծվում է գերանձնավորված իշխանության հարցը

karenghazaryan

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի գնահատմամբ՝ սահմանադրական բարեփոխումներով լուծվող հիմնական խնդիրը ոչ թե կառավարման մոդելի փոփոխությունն է, այլ՝ երկրում գերկենտրոնացված եւ գերանձնավորված իշխանության հարցի լուծումը: Նա կարծում է, որ առաջարկվող նախագծով լավագույն կերպով լուծվում են այդ երկու հիմնական խնդիրները՝ քաղաքական համակարգի ապակենտրոնացմամբ:

Ֆելիքս Թոխյանը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսել է սկսած 2005 թվականից: Եթե այն ժամանակ մոտեցումը նեգատիվ էր, ապա այսօր դա արդեն գիտակցեց նաեւ քաղաքական վերնախավը: Երկրում կան հարցեր, որոնց լուծումը պահանջում են սահմանադրական բարեփոխումներ:

Սրա մասին ՍԴ-ն չորս որոշում է ընդունել, շեշտեց ՍԴ անդամը: Ֆելիքս Թոխյանը դրական գնահատեց հանձնաժողովի աշխատանքը: Նա կարծիք հայտնեց, որ փայլուն փաստաթուղթ է ստեղծվել, իսկ մի շարք հարցերի վերաբերյալ արտահայտվող որոշ  մտահոգություններ պարզապես անտեղյակությունից են:

Օրինակ՝ դիտարկումները, թե փոփոխություններով թույլատրվում են միասեռ ամուսնությունները: «Չկա այդպիսի բան: Կարող են շահագրգռված մեկնաբանություններ լինել, բայց մեր սահմանադրության տեքստը չի թույլատրում միասեռ ամուսնություն: Ով մտահոգություն է հայտնում, լավ չի կարդացել»։

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն ասաց նաեւ, որ համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե խորհրդարանական կառավարումն առավել ժողովրդավարություն է ապահովում, քան նախագահական կամ կիսանախագահական համակարգերը: Նա մատնանշում է, որ կան երկրներ, որոնք առավել ժողովրդավարության ու բարեկեցության են հասել նախագահական համակարգով, կան երկրներ, որոնք նույնն արել են խորհրդարանական համակարգի առկայությամբ:

Կա նաեւ հակառակը՝ երկրներ, որոնք տոտալիտար են նախագահական կառավարմամբ, եւ երկրներ, որոնք տոտալիտար են խորհրդարանական կառավարմամբ: Հետեւաբար, ըստ Ֆելիքս Թոխյանի, կառավարման համակարգը հիմնական խնդիրը չէ: Հիմնական խնդիրը՝ գերկենտրոնացված եւ գերանձնավորված իշխանության հարցն է:

«Հիմնական խնդիրը, դա իշխանության ապակենտրոնացումն է, որը փորձել են լուծել այս նախագծով: Երկրի քաղաքական իշխանության կենտրոնը դառնում է ԱԺ-ն: Որպես ներկայացուցչական օրենսդիր մարմին՝ երկրի հիմնական բոլոր կադրային հարցերը խորհրդարանի ձեռքում է լինելու»:

Սահմանադրագետի համոզմամբ՝ խորհրդարանում էլ  հարցերի լուծումը քաղաքական մեծամասնությունը, ուզի թե չուզի, պիտի ընդդիմության հետ համաձայնությունների գնալու միջոցով կատարի: Հակառակ դեպքում՝ հնարավոր չի լինի որեւէ բարձրաստիճան պաշտոնում նշանակում կատարել: «Սա շատ կարեւոր հանգամանք է, որը բարձրացնում է օպոզիցիայի դերակատարությունը»,- ասում է։

Նախագաը կորցնում է իր անմիջական մանդատը, նվազում է նրա սահմանադրական դերակատարությունը: Ժողովրդի կողմից ուղղակի մանդատ կունենա միայն ԱԺ-ն: Երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության  մշակումն ու իրավանացումը վերապահվելու է կառավարությանը: Այսինքն՝ իշխանության իրական կենտրոնը դառնում է կառավարությունը, իսկ վարչապետը ստանում է բավականին լայն լիազորություններ՝ ըստ էության դառնալով երկրի թիվ 1 անձը եւ պատերազմական իրավիճակում՝ գերագույն գլխավոր հրամանատարը:

Այս առումով մտահոգություններ կան՝ կապված անվտանգության խնդիրների հետ: Ֆելիքս Թոխյանը մտահոգությունները կիսում է եւ դրանք բնական համարում: «Այո, այստեղ մտահոգություններ կարող են լինել, բայց նախատեսվել է այդպիսի համակարգ: Ինչպես կաշխատի՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այն կարող է անխափան աշխատել: Ես, համենայնդեպս, չեմ կարող նման բան ասել. Չեմ կարող պատասխանատվություն վերցնել ինձ վրա եւ ասել, թե՝ մոդելը իդեալական է»:

Ֆելիքս Թոխյանի բնորոշմամբ՝ հեղափոխական փոփոխությունների է ենթարկվում նաեւ դատական համակարգը: Նա չհամաձայնեց, որ նոր նախագծով սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում հետքայլ է կատարվում, թեպետ նշեց, որ սեփականության իրավունքի պաշտպանության առումով լավագույնը 95-ի սահմանադրությունն էր։

Կարդացեք նաև

Back to top button