Սպորտ

Թբիլիսին` ֆուտբոլային մայրաքաղաք. «Բարսելոնա»- «Սեւիլիա» հանդիպումը՝ այսօր

arammanukyan

Թբիլիսին այս օրերին դարձել է համաշխարհային ֆուտբոլի մայրաքաղաքը: Վրաստանի մայրաքաղաք են ժամանել համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մեսսին, Ինեստան, Սուարեսը, Պիկեն… Դեռևս 2 տարի առաջ, երբ հայտնի դարձավ , որ Վրաստանի մայրաքաղաքն է  ընդունելու Եվրոպայի սուպերգավաթը, մեր տարածաշրջանում արդեն իսկ ֆուտբոլային աշախուժություն սկսվեց, իսկ «Բարսելոնայի» մասնակցությունը սուպերգավաթի խաղին ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը  դարձրեց չափազանց սպասված:

Վերջին տարիներին մեր տարածաշրջանում «Բարսելոնայի» մակարդակի ակումբ չի եղել: Իհարկե՝ եթե «Սևիլիայի» փոխարեն «Բարսելոնայի» մրցակիցը լիներ մեկ այլ հանրահայտ թիմ, ինչպիսին «Մանչեստր Յունայթեդը», «Բորուսիան» կամ «Չելսին» են, ապա սուպերգավաթի կարևորությունը ավելի մեծ կլիներ:

Ինչևէ, այսքանն էլ բավարար է որ Վրաստանն ապրի ֆուտբոլային շնչով: Խաղի տոմսերի վաճառքն անգամ հսկայական իրարանցում էր առաջացրել Թբիլիսիում: Մարդիկ օրերով ու ժամերով հերթ էին կանգնում, որպեսզի կարողանան ձեռք բերել երկար սպասված խաղի տոմսեր: Առավելագույնը 30 եվրո արժողության տոմսերը այսօր արդեն սև շուկայում գերազանցում են 300 եվրոն:

Հարկ է նշել , որ Թբիլիսին ամենայն լրջությամբ է նախապատրաստվել այս կարևոր իրադարձությանը: Խաղը լուսաբանելու համար Վրաստան են ժամանել 1000- ից ավելի լրագրողոներ, իսկ զբոսաշրջիկների թիվը անցնում է 30 հազարը: Թերևս պետք է նախանձով նշեմ, որ վրացիները հիանալի  պայմաններ են ստեղծել թե զբոսաշրջիկների, թե ֆուտբոլիստների, թե լրագրողների համար: Սա զբոսաշրջության և ֆուտբոլային քաղաքակրթություն է, որը մենք չունենք, ինչը իսկապես ցավալի է:

Ընդամենը մի քանի ժամ և կկայանա «Բարսելոնա»-  «Սևիլիա» սուպերգավաթի հանդիպումը։ Կատալոնյան ակումբը այս հանդիպումը կանցկացնի առանց բրազիլացի աստղ Նեյմարի, բայց, ինչպես նշում են  անգամ «Սևիլիայի» ֆուտբոլիստները,  Պեդրոն լիարժեքորեն կարող է փոխարինել Նեյմարին և այս խաղում անկասկած ֆավորիտը «Բարսելոնան» է:

Այնուհանդերձ՝ «Սևիլիայի» գլխավոր մարզիչն ասաց, որ անկախ հանգամանքներից իր թիմը խաղադաշտ է դուրս գալու սուպերգավաթը նվաճելու վճռականությամբ։ Առհասարակ «Բարսելոնան» սուպերգավաթը նվաճել է 4 անգամ՝ 1992, 1997,2009 և 2011 թվականներին: Իսկ ահա «Սևիլիան» բաղձալի տիտղոսին արժանացել է ընդամենը մեկ անգամ՝ 2006 թվականին, բայց հետաքրքիրն այն է, որ այդ սուպեր եզրափակչում «Սևիլիան» հաղթել է հենց «Բարսելոնային»:

Արդյո՞ք կհաջողվի «Սևիլիային» տոնել 2-րդ պատմական հաղթանակը, թե՞ «Բարսելոնան» ռևանշ կվերցնի և կավելացնի իր տիտղոսների քանակը։ Ֆուտբոլային այս հարցերի պատասխանը հայտնի կդառնա  հաշված ժամեր անց: Մի բան պարզ է՝ սպասվում է անչափ հետաքրքիր և դիտարժան  հանդիպում:

Կարդացեք նաև

Back to top button