

Ռուսաստանի պետական մարմիններն այսօրվանից սկսում են կատարել կառավարության որոշման պահանջը, այն է՝ ոչնչացնել պատժամիջոցների ցուցակում հայտնված բոլոր մթերքները։ Գործին լծվել են ոչ միայն սահմանային մաքային մարմինները, այլև «Ռոսսելխոզնադզորը» և «Ռոսպոտրեբնադզորը»: Բելգորում այսօր սկսել են ոչնչացնել 10 տոննա պանիր, որը ներկրվել էր Ուկրաինայից։ Այն, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, կլցվի հատուկ այտ նպատակով փորված փոսի մեջ:
Ռուս- բելառուսական սահմանին «Ռոսսելխոզնադզորը» կանգնեցրել է 73 տոննա դեղձ տեղափոխող երեք բեռնատար, միրգը ևս ենթակա է ոչնչացման: Նույն սահմանակետում բելառուս վարորդին հաջոցվել է փրկել լոլիկները ոչնչացումից՝ տեղեկանալով ռուսական կողմի մտադրության մասին նա հետ է վերադարձել Բելառուս:
Ռուսաստանի կառավարության նոր որոշումը լայն արձագանք է ստացել նախօրեին Սամարայում 114 տոննա խոզի մսի ոչնչացումից հետո, ավելի քան՝ 250 հազար մարդ արդեն ստորագրել է խնդրագիրը, որով Ռուսաստանի իշխանություններին կոչ է արվում չեղյալ հայտարարել կառավարության որոշումը, իսկ ոչնչացման ենթակա սնունդը բաժանել կարիքավորներին:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ խնդրագրի մասին կտեղեկացնի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ռուսաստանի կառավարության որոշումը պատասխանն է Եվրամիության կողմից Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանմանը և անցյալ շաբաթ դրանց ևս վեց պետությունների միանալու որոշմանը:Հիշեցնենք, այդ երկների թվում էր նաև հարևան Վրաստանը:
Ի դեպ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել չի պատրաստվում: «Որպես կառավարության ղեկավար ես կարծում եմ, որ Թբիլիսին չպետք է միանա պատժամիջոցներին, որոնք սահմանել է Եվրամիությունը:Նման դիրքորոշում ունեինք անցյալ տարի, այդպես ենք կարծում նաեւ այսօր»,- ասել է վրացական կառավարության ղեկավարը:




