
ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը ողջունել է փաստը, որ Հայաստանը երրորդ տարին անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի շրջանակում կատարվող գնահատման տվյալներով առաջին խմբի երկրների շարքում է։ «Զեկույցում դիտարկված 188 երկրներից միայն 31-ն են տեղ գտել առաջին խմբի երկրների շարքում: ՀՀ կառավարությունն առաջին խմբում տեղ զբաղեցնելու պատվին արժանացել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու շնորհիվ»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Դիվանագիտական առաքելությունը նշում է այն հաջող օրինակները, որն արձանագրել է Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում։ «Օրինակ՝ 2014թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք , որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար:
Բացի այդ, ՀՀիրավապահները բացահայտել են Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի, ուղղորդել նրանց խնամք ապահովող կենտրոններ: Կառավարությունը նաև պահպանել է համագործակցային ու աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային ՀԿ-ների, տեղական լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների և տարածաշրջանային գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ դեսպանությունը արժևորել է թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության հետ իր գործընկերությունը և «ձգտում է շարունակել այն, մասնավորապես աշխատելով վկաների և տուժողների պաշտոնական պաշտպանության ու զոհերի նույնացման հարցերի շուրջ»:




