

Երևանի նախկին հեծանվահրապարակի տարածքում այսօր բացվեց «Դաբլթրի-բայ Հիլթն» հյուրանոցը: Բացման արարողությանը ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջայց է կատարել նորաբաց հյուրանոցում, ծանոթացել իրականացված ներդրումներին, առաջարկվող ծառայությունների որակին: Կառուցապատումն իրականացրած իտալական «Ռենկո» ընկերության ներկայացուցիչները նախագահ Սարգսյանին ներկայացրել են նաև նախկին հեծանվահրապարակի տարածքի զարգացման նախագիծը:
2009 թվականանին «Ռենկո» ընկերությունը ՀՀ կառավարության հետ ստորագրեց պետական-մասնավոր համագործակցության առաջին պայմանագիրը, որը նախատեսում էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից Թատերական հրապարակի տակ ստորգետնյա ավտոկայանատեղիի և Իսակովի պողոտայում նոր հեծանվահրապարակի կառուցումը: Պայմանագրի շրջանակում նախկին հեծանվահրապարակի տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից հանձնվեց «Ռենկո» ընկերությանը ՝ սեփականության իրավունքով: Այսօր այս տարածքում բացվեց «Դաբլթրի-բայ Հիլթն» հյուրանոցը, որն առաջին և եզակի Հիլթոնն է Հայաստանում: նորակառույց հյուրանոցը միանում է Հիլթոնի համաշխարհային ցանցին, որը սփռված է աշխարհի 94 երկրներում: Հյուրանոցի գլխավոր կառավարիչ Մարկո Պալերմին է ներկայացնում:
«Դաբլթրի –բայ-Հիլթն» հյուրանոցը տրամադրում է սպասարկման ծառայություններ, ինչպես նաև ընդարձակ, բարձրաոճ և հարմարավետ սենյակներ գործարար և ժամանցային նպատակներով ճանապարհորդողների համար: 176 հյուրասենյակ, 2 բար, մեկ ռեստորն, հանդիպումների ութ սենյակ և լիովին սարքավորված ֆիթնես կենտրոն: «Բեթլ քրավլ» զբոսաշրջային ընկերության տնօրեն Մարինա Հովհաննիսյանի համոզմամբ՝ նորաբաց հյուրանոցը նոր խթան կհանդիսանա զբոսաշրջիկների հոսքը դեպի Հյաստան մեծացնելու համար:
«Ռենկո» ընկերությունն իտալական ճանաչված Ա ++ ճրատարապետական ընկերությանը պատվիրել էր մշակել բնապահպանական կայունությամբ օժտված նախագիծ՝ նախկին հեծանվահրապարակի մնացած հատվածի համար: Կանաչ տարածքներ, շատրվաններ, նախագիծը ներառում է երեք առանձին շենքեր, որոնցից մեկը նախատեսված է գրասենյակային, մյուս երկուսը՝ բնակելի տարածքների համար: «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի խոսքով մշակվել է հիանալի մի նախագիծ, որն այս տարածքը կդարձնի բավականին հրապուրիչ:
Ռենկո ընկերությունը նախատեսում է իրականացնել ողջ նախագծի շինաշխատանքները հինգ տարվա ընթացքում՝ կատարելով 130-150 մլն եվրո ներդրում: Նորաբաց «Դաբլթրի-բայ Հիլթն» հյուրանոցի ներդրումը կազմում է 35 մլն ԱՄՆ դոլար: Հյուրանոցի շահագործմամբ կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ:




