

Այս տարվա դեկտեմբերի 5-ից 15-ը Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում կկայանա Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցելու իրավունք են վաստակել նաև 3 հայ պատանի երիաժիշտներ Երևանից: Միջոցառման ընթացքում Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերակցությունը և Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցը կնքել են նաև համագործակցության հուշագիր՝ հետայսու զարգացնելու կատարողական վարպետությունը մեր պատանի տաղանդաշատ երեխաների մոտ: Ասուլիսին հաջորդել է մրցույթի եզրափակիչ փուլի ամփոփիչ համերգը:
Կատարողական արվեստի 3 տաղանդավոր պատանիները Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական կրթօջախից են՝ Արթուր Գրիգորյան (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյան (թավջութակ) և Դիանա Ադամյան (ջութակ): «Աշխարհում վաղուց հայտնի հեղինակավոր այս մրցույթի եզրափակչին Հայաստանի պատանի կատարողները երկար տարիներ չին մասնակցում»,-այսպես բացեց ասուլիսը «Զարգացման միջազգային կորպորացիայի մեդիա Արմենիա» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Հակոբյանը:
Զարգացման միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Դեմենսկին հիշյալ մրցույթը որակեց ամենամեծն ու լավագույնը, և որ հայազգի սաները միշտ էլ աչքի են ընկել իրենց կատարողական բարձր տաղանդով և հետագայում մեծ դերակատարություն ունեցել ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային կատարողական մշակութային արվեստում:
«Երևանն ու Նովոսիբիրսկը բարեկամական կապերով ամրակայված քաղաքներ են, և մենք կարող ենք նոր տաղանդավոր անուններ հայտնագործել մրցույթի արդյուքնում, այնպիսի անուններ, օրինակ, ինչպիսինն են Կոմիտասը և Չայկովսկին, ովքեր ոչ միայն իրնց ազգային մշակույթին են նորովի զարկ տվել, այլ նաև համաշխարհային: Ես ցանկանում են հաջողություններ եզրափակիչ մրցույթում թեժ պայքարում աչքի ընկած սաներին»:
Սեուլ, Շանհայ, Փարիզ, Մինսկ, Նովոսիբիրսկ և Երևան: Սրանք այն քաղաքներն են, որոնք հեռակա մրցապայքարում հաստատել են իրենց կատարողական արվեստի բարձր վարկանիշը: Չայկովսկու անվան միջազգային պատանեկան մրցույթի դափնեկիր, մենակատար Հայկ Կազազյանի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, կրկին վերոնշյալ մրցույթի դափնեկիր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ համերգ երեկոյի զարդը կլինեն նաև առաջիկա եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած երևանցի կատարողները>,-նշեց Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերկցությանս գլխավոր տնօրեն Անդրեյ Շչերբակը:
«Մենք նոր էջ ենք բացում պատանի երաժիշտների մրցապայքարում: Հիշեցնեմ, որ նմանօրինակ մրցույթից շատերն են հետո հաղթողներ դառնում աշխարհի ամենատարբեր հեղինակավոր մրցույթներում: Օրինակ՝ Չայկովսկու անվան մեծահասակների մրցույթումս 22 թավջութակահարներից 7-ը նախկին համանման պատանեկան մրցույթի դափնեկիրներ են»:
Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանն էլ նշեց, որ ընտրվել են լավագույնները և հուսով է, որ իրենց սաները պատվով կվերադառնան Նովոսիբիրսկից:
Քանի որ ձմռանն է կայանալու եզրափակիչ մրցույթը, կազմակերպիչները նույնիսկ հոմորով նշեցին, որ հատուկ տաք հագուստներ են կարվում հեռավոր Սիբիրի խստաշունչ ձմռանը դիմակայելու նպատակով: Այնուհետև ասուլիսին հաջորդեց խոստացված անչափ տպավորիչ ու հրաշալի համերգը:




