

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում ազդարարվեց «Արի տուն» ծրագրի երրորդ փուլը, որին կմասնակցեն 151 երիտասարդ՝ աշխարհի 17 երկրից: Ինչպես նախորդ փուլերին, երրորդ փուլին ևս «Արի տուն» ծրագիրն ունի 4 օրյա ճամբար, որը կրկին կկազմակերպվի Ծաղկաձորում:
6 տարվա պատմություն ունեցող «Արի տուն» — ծրագրի շրջանակներում արդեն շուրջ 5000 հայազգի երիտասարդ աշխարհի շուրջ 43 երկրից այցելել է հայրենիք: Ծրագիրը հնարավորություններ է ընձեռում սփյուռքահայ երիտասարդներին ծանոթանալ Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին: 2015 թվականի ծրագիրը մեկնարկել է հունիսի 14-ից և այսօր արդեն ազդարավեց ծրագրի երրորդ փուլը, որին կմասնակցի 151 երիտասարդ աշխարհի 17 երկրից:
Ֆրանսիայից ժամանած 14-ամյա Ֆլորա Կարապետյանը շատ է եղել Հայաստանում, հյուրընկալվել այստեղ բնակվող հարազատների մոտ: Սակայն այս ծրագրին մասնակցլու նպատակը նոր ընկերներ ձեռք բերելն ու հայրենիքի տեսարժան վայրերին ու հարուստ մշակույթին ծանոթանալն է:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ, ողջունելով արիտունիցներին, վստահեցրեց, որ հայրենիքում անցկացվող 14 օրերը անջնջելի կլինեն նրանց մտապատկերից: Սփյուռքահայ երիտասարդների հսայրենաճանաչությանն ուղղված ծրագրի շրջանակներում երիտասարդներին նաև հնարավորություն է ընձեռվում սովորել ոսկեղենիկ հայոց լեզուն, որն օտար ափերում պահպանողներն ու տարածողներըն պետք է լինեն այս երիտասարդները, ասում է սփյուռքի նախարարը:
«Ես հավատացած եմ, որ ամեն օր նոր բան եք սովորելու, ամեն օր զարմանալու եք, հիանալու եք, տեսնելու եք: Ես հավատացած եմ, որ դուք ամեն առավոտյան ձեր օրը սկսելով հայոց լեզու սովորելով, պետք է որ 14-րդ օրը բոլոր նրանք, ովքեր լավ չեն խոսում հայերեն, արդեն բավականին շատ հայերեն սովորած լինեն»:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանում իրականացվող ծրագրերի մեջ «Արի տունը» սփյուռքահայ երիտասարդների սրտում հայրենասիրություն արթնացնելու ուղղությամբ ունի իր ուրույն դերն ու նշանակությունը: Իսկ հայոց լեզվի ուսուցմամբ ամեն առավոտները սկսելով, ստիպում է վերադառնալ արմատներին:
«Ես ցանկանում եմ, որ Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերի մեջ այս ծրագիրը չունենա իր ավարտը: «Արի տուն» ծրագրով գան սերունդներ, սպառվի այս ծրագիրը այն ժամանակ, երբ բոլորը վերադարձել են հայրենի տուն, երբ բոլորը տանն են»:




