

Վերջին ամիսներին գազալցակայաններում տեղի ունեցած պայթյուններից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հրահանգել էր լինել հետևողական՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար: Նախարարն էլ հայտարարել է, որ հանձնարարական է տրվել բոլոր գազալցակայաններում անցկացնել ստուգումներ և սահմանել խիստ հսկողություն: ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում ամփոփել է կատարված ստուգումների արդյունքները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծել է աշխատանքնային խմբեր, որոնք հունիսի երկուսից ստուգումներ և ուսումնասիրություններ են անցկացրել հանրապետության գազալցակայաններում: Արդյունքում 111գազաալցակայան հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, տեխնիկական անվտանգության օրենքով նախատեսված պահանջները չկատարելու համար էլ պատասխանատվության է ենթարկվել 11 գազալցակայան, իսկ Կոտայքում և Երևանում 4 գազալցակայանի աշխատանք դադարեցվել է:
«Աշխատանքները շարունակվում են, բոլոր գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր, որպեսզի իրենք վերացնեն իրենց մոտ եղած թերությունները, հակառակ պարագայում արդեն ավելի խիստ միջոցներ կկիրառվեն իրենց նկատմամբ»:
Գազալցակայանների աշխատանքը ժամանակավորապես կասեցնելուց հետո, դրանց նաև տուգանել են: ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշում է, որ տարեկան մեկ անգամ գազալցակայանները պետք է անցնեն փորձաքննություն, իսկ օրենքի այս պահանջը չկատարելու դեպքում ենթարկվում են մինչև 1-ի 2 միլիոն դրամ տուգանքի: Հրդեհային անվտանգության կանոնները խախտած գաազակցակայանները տուգանվում են մինչև 150 հազար դրամով: Վերջին ստուգումների ընթացքում 11 գազալցակայան տուգանվել է տեխնիկական փորձաքննություն չանցնելու համար:
Վերջին ամիսներին գազալցակայններում գրանցված պայթյունների հիմնական պատճառն, ըստ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետի, գազաբալոնների հնամաշ լինելն է: ՜կոնոմիկայի նախարարության կողմից գազաբալոն տեղադրող ընկերություններին տրվում է լիցենզիա: Իսկ այդ ընկերություններն էլ գազաբալոն տեղադրողին պետք է տրամադրեն հավաստագիր, թե ինչ ժամկետներում է այն պիտանի օգտագործելու, սակայն Սերգեյ Հայրապետյանը շեշտում է, որ շատ գազալցակայաններում վերահսկողություն չի իրականացվում՝ արդյո՞ք վարորդն ունի այդ թուղթը:
Նման գազաբալոնները չլիցքավորելու պատասխանատվությունը պետք է կրի գազալցակայանների սեփականատերերը, դա բխում է նաև իրենց շահերից, ասում է Սերգեյ Հայրապետյանն ու շեշտում՝ քանի որ պայթյունների հետևանքով հիմնականում տուժում են լցավորողները: Ստուգայցերի ընթացքում շատ գազալցակայաններում վստահեցրել են, որ լցավորումները չեն գերազանցում մինչև 200 աստիճան մթնոլորտային ճնշումը, սակայն ավտոմեքենաների գազալցման ճնշումային կայանները մտել են անիմաստ մրցակցության մեջ և խախտում են այդ պահանջը՝ ավտոմեքենաները լիցքավորելով 230-280 աստիճան մթնոլորտային ճնշման ներքո, ինչն էլ առաջացնում է տխուր հետևանքներ: Այստեղ պետք է գազալցակայանի տնօրինությունը լինի բարեխիղճ, նկատում է Սերգեյ Հայրապետյանը:
ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետը նշում է, որ կառավարությանն առաջարկել են, որպեսզի գազաբալոնները դառնան արտադրական վտանգավոր օբյեկտներ և մտնեն օրենքի դաշտ՝ արդյունքում տարեկան անցնելով փորձաքննություն: Իսկ այս պարագայում լցակայաններում պայթյունների թիվը կնվազի, վստահեցնում է Սերգեյ Հայրապետյանը:




