
Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների դահլիճում» այսօր ցուցադրվել է ռուսաստանաբնակ հայ հայտնի նկարիչ Ակիմ Ավանեսովի (Հովակիմ Հովաննիսյանի) 1915 թ.-ին ստեղծած «Դարից դար» կտավը: Կտավը ցուցադրվել է շուրջ 6 ամիս տևած վերամշակման աշխատանքներից հետո, որն իրականացվել է պատկերասրահի ջանքերով: Նկարն անմխիթար վիճակում Դոնի Ռոստովի Երկրագիտական թանգարանի պահոցներում էր տեսել Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը՝ Ռոստով կատարած իր այցի ժամանակ և խոստացել աջակցել կտավի վերամշակման գործին:
Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելու համար ռուսաստանաբնակ հայ հայտնի նկարիչ Ակիմ Ավանեսովն առաջին անգամ իր «Դարից դար» կտավը ներկայացրել է 1915 թ.-ին Նոր Նախիջևանում։ 1972 թ.-ին` Ակիմ Ավանեսովի մահից հետո, նկարչի բարեկամները նկարը փոխանցել են Դոնի Ռոստովի Երկրագիտական թանգարանին, որտեղ սակայն կտավը երկար ժամանակ պահվել է պահոցներում առանց շրջանակի։
Միայն տարիներ անց Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը Ռոստովում տեսնելով կտավի սարսափելի վիճակը, խոստանում է աջակցել դրա վերականգման գործին։
Համապատասխան փաստաթղթերը հավաքելու և կտավը Հայաստան տեղափոխելու համար պահանջվեց շուրջ երկու տարի։ Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր, «Նոր Նախիջևան» հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանի ջանքերով և «Եվրո-Պոլիս» ապահովագրական ընկերության ֆինանսական աջակացության շնորհիվ նկարը Դոնի Ռոստով քաղաքից այս տարվա հունվարի 20-ին պաշտոնապես հանձնվեց Հայաստանի ազգային պատկերասրահին՝ վերամշակման համար:
Կտավի վերամշակման համար պահանջվեց 6 ամիս, և այսօր արդեն վերականգնված կտավը կարելի է տեսնել Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների դահլիճում»:
Այս կտավի բարեհաջող վերամշակումը Ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրեն Արման Ծատուրյանին հույս է ներշնչում, որ պատկերասրահի վերականգնողական բաժինն ի վերջո մի օր կդառնա վերականգնողական կենտրոն:





