

Այսօր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Նրա հարազատները, մտերիմներն ու ընկերները հավաքվել էին Կոմիտասի անվան պանթեոնում: Նրանք ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին: Մինչ այդ սակայն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տերունական աղոթք է հնչեցրել՝ ի հիշատակ ՀՀ նախկին վարչապետի: Պանթեոնում էին նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 64 տարեկան: Կոմիտասի անվան պանթեոնում այսօր կարելի էր տեսնել ինչպես նրա հարազատներին և ընկերներին, այնպես էլ բազմաթիվ պաշտոնյաների, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու լուսահոգի վարչապետի հիշատակին:
Տերունական աղոթքը հնչեցնելուց հետո Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը ներկաների համար ընթերցեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոհերից և հայտնի խոսքերից:
Անրդանիկ Մարգարյանն առաջին հերթին մարդ էր, որը սիրում էր մարդկանց: Այսօր մենք իսկապես նման մարդկանց պակաս ունենք, նկատեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Անդրանիկ Մարգարյանը յուրահատուկ մարդ էր: Մարդ, ով պետք է օրինակ ծառայի յուրաքանչյուրի համար, ասում է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Ի դեպ, այսօր ոչ միայն Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է, այլև նրա երկվորյակ քրոջ Անահիտ Մարգարյանի: Այդ օրը նրանք մշտապես միասին են նշել:
Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը իր քաղաքական գործունեության ուղենիշ ընտրելով Նժդեհի գաղափարները՝ հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից եւ հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Հիշեցնենք, որ Անդրանիկ Մարգարյանը մահացել կյանքի 56-րդ տարում սրտի կաթվածից:




