
Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ
476 կմ ճանապարհ, 281 կմ ջրատար, 144 կմ գազատար, 230 դպրոց ու մանակապարտեզ, 40 հիվանդանոց, 424 բնակարան, 24 մշակութային կենտրոն և մարզսրահ. Սա Հայաստան համահայկական հիմնադրամի 20 տարվա ընթացքում իրագործած ծրագրերի դեռ ամբողջ ցանկը չէ: Ընդհանուր առմամաբ, Հայաստանում և Արցախում իրականացվել է մարդասիրական և ենթակառուցվածքային ավելի քան 1000 ծրագիր, որոնց համար հիմնադրամը ծախսել է համահայկական դրամահավաքից գոյացած` 250 մլն դոլար: Այդ ամենի մասին առավել մանրամասն հիմնադրամը հաշվետվություն կտա հեռուստամարաթոնի ընթացքում, հայտնեց հիմնադրամի ՄՆ-ի արևմտյան ափի գրասենյակի տնօրեն Սարգիս Քոթանջյանը:
ՄՆ-ի արևմտյան ափում դրամահավաքն այս տարի սկսել է նախքան հեռուստամարաթոնը. կամավորները նամակներ են ուղարկել բարերարներին` հանգանակությունը շուտ սկսելու խնդրանքով: Արդեն կան առաջին նվիրատվությունները, նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հեռուստամարաթոնին մասնակցելու համար Լոս Անջելեսում է Ացրախի պատվիրակությունը` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Նա հույս հայտնեց, որ նախորդների պես, այս տարի հանգանակված գումարն էլ արդյունավետ կծախսվի` սիրիահայերի աջակցության և Հայստանի ու Արցախի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցման համար: Պատերազմական գոտում գտնվող սիրիահայերին օգնելու և գյուղերում համայնքային կենտրոններ կառուցելու ծրագիրը բարերարները համարում են ամեն հայի գործը` թեկուզ նվազագույն մասնակցությամբ: Հեռուստամարաթոնը կհեռարձակվի ամերիկյան KCET ստուդիայից` ՄՆ-ի ամբողջ տարածքում, արբանյակի միջոցով` ամբողջ աշխարհում: Հեռարձակմանը կարելի է հետևել նաև համացանցի միջոցով, նաև` այս տարի առաջին անգամ, պլանշետով և սմարթֆոնով:




