

Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման տոնակատարություններին այսօր մասնակցում էին պետական եւ քաղաքական գործիչներ, հարյուրավոր քաղաքացիներ։
«Մեր պետությունն այսօր ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի երկրի անվտանգությունը»,- օրվա խորհրդի հետ կապված ասում է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ գնդապետ Միքայել Հարությունյանը:
Մայիսը հաղթանակների ամիս է: «Մայիսի 28-ը կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետոթյան պետականության կերտման գործում։ Սարդարապատում մեր ժողովուրդն ապացուցեց, որ եթե պայքարում ես, ապա կարող ես ապրել և գոյատևել»,- նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Հանրապետության տոնը առիթ է նաև աշխարհասփյուռ հայությանը հավաքելու մեկ հարկի տակ և Մայր հայրենիքից ստանալու այն ոգին, որը տենչում են օտար ափերում: Բոստոնի սուրբ Ստեփանոս հայկական վարժարանի սաները նույնպես Սարդարապատում էին: Նարեկ Մինասյանը 11 տարեկան է, 5-րդ դասարանի աշակերտ, արդեն եղել է Հայաստանի տարբեր բնակավայրերում, նշում է, որ ամեն վայրից կարող է տեսնել մեր սուրբ լեռը։
Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպվել էր համերգ, որտեղ ելույթ ունեցան հանրապետության ճանաչված երգիչները, պարային համույթները:




