Երվանդ Զախարյանի անկատար խոստումները


«Անել հնարավոր ամեն ինչ, որ 2015թ էլեկտրաէներգիայի սակագինը մեր երկրում անփոփոխ մնա»,- էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ այս տարվա հունվարին տված խոստումն անկատար կմնա: Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով: Երվանդ Զախարյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ ու չնայած հանդիպման առիթը ոլորտում անցած մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքներն են եղել, այդուհանդերձ ասուլիսի հիմնական ու առանցքային հարցերը պտտվել են էլեկտրաէնեգրիայի սակագնի բարձրացման ու Նաիրիտ գործարանի հետագա ճակատագրի շուրջ: Նաիրիտ գործարանի հետագա ճակատագրին ու ՀԲ փորձագետների եզրակացություններին, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը խոստացել է առանձին հանդիպել լրագրողների հետ ու բոլոր մանրամասները փոխանցել:
Նախ, միջազգային փորձագետները պնդում են, որ խորհրդային տարիների երբեմնի հսկա Նաիրիտ գործարանի վերագործարկումը նպատակահարմար չէ: Երվանդ Զախարյանը նաև նշել է, որ Նաիրտի վերագործարկման համար անհրաժեշտ կլինի 250-ից 350 մլն դոլար: Անգամ այսքան գումար ներդնելուց հետո էլ պարզ չէ, արդյո՞ք գործարանի արտադրանքը միջազգային շուկայում մրցունակ կլինի, թե ոչ: Երվանդ Զախարյանը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ գործարանի աշխատակիցների չվճարած ու կուտակված 5,7 մլրդ դրամ աշխատավարձերի պարտքը կմարվի:
Հայ սպառողներիս հերթական տհաճ անակնակն է սպասվում, ՀԾԿՀ արդեն ստացել է ՀԷՑ ընկերության՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտը: Ատոմակայանի աշխատանքների չնախատեսված դադար, սակավաջուր տարի, ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտարէներգիա: ՀԷՑ-ում առաջացած շուրջ 27,6 մլրդ դրամ ճեղվածքն է պարզաբանում էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հավելելով՝ իհարկե այստեղ իր դերն է խաղացել նաև ընկերության ղեկավարության ոչ արդյունավետ աշխատանքը: Սա վերջին երեք տարիներին ընկերությունում ստեղծված իրավիճակն էր, այս տարի էլ գումարին կրկին նույն պատճառներով ավելացել է ևս 9,2 մլրդ դրամը: Արդյունքում՝ վերջին երեք տարիներին ՀԷՑ-ում 37,6 մլրդ դրամի ճեղվածք է առաջացել: Մեր երկիրը առաջին տարվա համար փոխհատուցել է 3,8 մլրդ դրամը, 2014-2015թթ վճարել է նաև 9,2 մլրդ դրամ: Վնասների մնացորդը շուրջ 23,6 մլրդ դրամ է կազմում:
ՀԷՑ-ում գերազանցվել են նաև կորուստները: Աշխատանքային խումբն է վեց ամիս հետազոտել ու փաստել՝ վերջին երեք-չորս տարիներին Էլցանցերում կորուստները ՀԾԿՀ կողմից հաստատված չափից ավելի են եղել մոտ 4 տոկոսով: 12 տոկոս հանձնաժողովն է հաստատել, շուրջ 16 տոկոս կազմել են փաստացի կորուստները, միայն 2014թ է, որ կորուստներն ավելի ցածր են եղել:
Ի դեպ, յուրաքանչյուր մեկ տոկոս կորուստ տարվա կտրվածքով կազմում է շուրջ 2,5 մլրդ դրամ:
ՀԷՑ-ի կուտակած պարտքը ՀՀ կառավարությունն է վճարում, մնացած գումարն էլ անուղղակի, սակայն, շարքային սպառողների ուսերին է ծանրանալու՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձարցման տեսքով: Հայտն այժմ ՀԾԿՀ-ում է, քննարկվում ու հաշվարկներ են կատարվում: Թե առաջարկած 17 դրամից որքան կաբրձրանա էլեկտրաէներգիայի սակագինը, դեռ պարզ չէ, հստակ է, որ այն բարձրանալու է: Ողջ ասուլիսի ընթացքում լրագրողներն փորձում էին ստանալ բոլորիս հուզող հարցի պատասխանը՝ ինչու պետք է մասնավոր ընկերության պարտքը վճարի ՀՀ շարքային քաղաքացին: Հարցի պատասխանն ըստ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետևյալն է՝
«Ռուսաստանի կամ օտարերկյա այլ կազմակերպության համար մենք և մեր քաղաքցին չի վճարում: Մենք վճարում ենք նրա համար, ինչ վիճակ այսօր կա: Եվ սակագների փոփոխությունները , որ այսօր աշխատանքներ են տարվում, ՀԷՑ-ը համապատասխան հայտ է ներկայացրել, դա ստեղծված իրավիճակն է թելադրում դրան գնալ, և բացի կորուստներից, որը պետք է փոխհատուցվի, գիտեք, որ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում ռուբլի-դոլար հարաբերակցությունը նորից ստիպում է, որ սակագները վերանայվեն: Իմ կարծիքով, և համոզված եմ դրանում, որ սակագների վերանայումը, այլ բան է, թե որքանով կվերանայվի, բայց ներկայացված առաջարկները, բոլոր հիմնավոր են»:
Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ բոլոր երկներում էլ էլեկտրաէներգիայի սակագները պարբերաբար վերանայվում են, և դա նորմալ գործընթաց է: Նրա գնահատմամբ՝ սակագները Հայաստանում ևս պետք է տարվա մեջ գոնե մեկ անգամ վերանայվեն: Նա մեջբերեց եվրոպական որոշ երկրների փորձը, երբ գրեթե ամեն ամիս սակագները վերանայվում են, նաև հայտարարեց՝ այնպես չէ, որ ԵՏՄ երկրներից ամենաբարձրը Հայաստանի սակագներն են
«Ռուսաստանը ունի սեփական գազ, նավթ, ունի մեծ կոմունիկացիաներ գազ և նավթ տեղափոխելու համար, Հայաստանը գազի ու նավթի տարանցիկ երկիր չէ, սեփական էներգառեսուսրներ չունի, դուք ուզում եք համեմատվել Ռուսաստանի հետ»:
Նախարարը վստահեցրեց, որ գիտակցում է, թե տնտեսական ինչպիսի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, որ դա սոցիալական լուրջ խնդիր է: Ավելին, չի ցանկանում նաև ստեղծված իրավիճակը մեղմել:
Ի դեպ, Երվանդ Զախարյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Հայաստանի էլցանցեր ընկերության բաժնետոմսերի վաճառքին վերաբերող լուրերը: Էնեգետրկայի ու բնական պաշարների նախարարը նաև լավ լուր ուներ սպառողների համար՝ ՀՀ նախագահի ջանքերով գազի սակագինը կմնա անփոփոխ: