
Հայրենական պատերազմում հայ ժողովրդի ունեցած ներդրումը մեր պատմության ամենափայլուն էջերից է: Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին հայերը պատերազմի առաջին իսկ օրերից մտան օրհասական պայքարի մեջ: Շուրջ 650 հազար հայ մասնակցեց պատերազմին և նրանցից մոտ 350 հազարը զոհվեց: Հարկ է նշել, որ հայոց պատմության մեջ հայ ժողովուրդը երբևէ այսչափ զինվորներ չի ուղարկել ռազմի դաշտ և որևէ պատերազմի ժամանակ չի տվել այդքան կորուստներ:
Այդ տարիներին ռազմի դաշտում են եղել տարբեր բնագավառներից ներկայացուցիչներ: Սակայն զրուցակիցս նկարիչ է, ում մտապատկերում այդ տարիներից և ոչ մի ակնթարթ չի խունացել: Մեկ առ մեկ հիշում է ՝ ինչպես է զորակոչվել բանակ, հաղթահարել դժվարությունները, պատվով ծառայել ու վերադարձել հայրենիք:
Թուրքական յաթաղանից մածապուրծ մշեցի ու էրզրումցի ծնողներից սերած ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը 17 տարեկան էր, երբ լսեց պատերազմի սկսվելու գույժն ու դեռ 10-րդ դասարանը չավարտած զորակոչվեց բանակ: 1925 թվականին Թիֆլիսում ծնված Հմայակ Բդեյանն իրեն մանկուց հիշում է վիձինը ձեռքին: Երազել է դպրոցն ավարտելուն պես նկարչական ունակություններն ավելի խորացնել: Սակայն չի հասցնում ընդունվել գեղարվեստի ակադեմիա, երբ արդեն մեկնում է մարտի դաշտ: Վրձինը զենքով փոխարինած պատանին դեռ նոր էր ընտելանում բանակային կյանքին, երբ նրանց զորամասն ուղարկում են ռազմաճակատ՝ Հյուսիսային Կովկաս:
Նկարչի մարտական ուղին անցել է Կրասնոդարի Արմավիր քաղաքով, Ուկրաինայով, ապա Ադրբեջանի Լենքորան քաղաք, որտեղ պայքարում էին հակառակորդի օդային ուժերի դեմ և այս ճանապարհով էլ փորձում էին ԱՄՆ-ից և Անգլիայից ուղարկվող օգնությունը հասցնել Կարմիր բանակի զինվորներին:
Պատերազմն ավարտվում է և Հմայակ Բդեյանը վերադառնում է Թբիլիսի ու 1947 թվականին ընդունվում Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի բաժինը, որն ավարտելուց հետո գալիս է Երևան և աշխատանքի ընդունվում Գիտությունների ակադեմիայում: Դեկորատիվ արվեստի մոնումենտալ կերամիկան իրեն հոգեհարազատ համարող արվեստագետի աշխատանքները զարդարել են մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, մեր հնագույն ձեռագրերի պահոցի՝ Մատենադարանի սրահն ու այլ վայրեր: Պատերազմի ավարտից հետո որոշել է՝ այլևս իր աշխատանքներում չանդրադառնալ այդ տարիների արհավիրքին: Փորձում է կյանքն այդուհետ ներկայացնել ավելի գունեղ ու հետաքրքիր:
Ամեն տարի՝ այս օրը, հիշողությունները վերապրում է, սակայն փառահեղ հաղթանակը նշում նկարիչ ընկերներով։





